Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն ամփոփել է Մինսկ կատարած աշխատանքային այցի արդյունքները

Մայիս 30,2014 18:31

ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին: Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները՝ վարչապետ Աբրահամյանն արդյունավետ է համարել այն և կարևորել նման ձևաչափով հանդիպումները, որտեղ երկրների վարչապետները կարող են բազմաթիվ հարցեր քննարկել: ՀՀ կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Բելառուսի և Ռուսաստանի վարչապետների հետ հանդիպումներից: «Բելառուսի վարչապետի հետ քննարկեցինք տարբեր ոլորտներում մեր համագործակցությունն ակտիվացնելու, այդ թվում՝ Հայաստանում տրակտորների արտադրություն հիմնելու հարցը, և ես, օգտվելով առիթից, Միխայիլ Մյասնիկովիչին հրավիրեցի Հայաստան: Պայմանավորվեցինք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նա կայցելի մեր երկիր», – նշել է Հովիկ Աբրահամյանը: Իր ռուս գործընկերոջ՝ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ ոչ միայն քննարկվել են Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ հարաբերությունները, այլև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: «Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է, որպեսզի մենք շատ արագ կարողանանք միանալ Եվրասիական միությանը, և որևէ սկզբունքային տարաձայնություն չունենք: Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար ձեռք բերել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաև սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել», – հավելել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Մեդվեդևի հետ քննարկել են նաև առաջիկայում երկկողմ պաշտոնական փոխայցերի կազմակերպման հարցը: «Կցանկանայի ասել, որ մենք շփումներ ենք ունեցել դեռ իմ և պարոն Մեդվեդևի փոխվարչապետ եղած ժամանակ: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները հնարավորություն կտան, որպեսզի մեր երկրների կառավարություններն արդյունավետ աշխատեն», – եզրափակել է Հայաստանի վարչապետը: Այսօր երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:   ՀՀ Կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031