Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Ինքնին իշխանափոխություն կամ ինչ-որ մեկի հրաժարականը պահանջելով՝ հարցերը չեն լուծվում». «Հայոց աշխարհ»

Հունիս 14,2014 11:39

   Հատված ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ հարցազրույցից

   -Իշխող կուսակցության ընդհանուր առմամբ դրական արձագանքը քառյակի 12 կետանոց «պահանջագրի» դրույթներին հիմք տալի՞ս է ասելու, որ իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները սահուն տեղափոխվում են կառուցողական երկխոսության դաշտ։

-Մենք մեր երկրում թշնամիներ չենք տեսնում, փորձում ենք ստեղծել մեխանիզմներ, որոնք կհանգեցնեն հիմնարար, արմատական փոփոխությունների եւ որակապես կբարելավեն մեր քաղաքացիների վիճակը՝ բոլոր առումներով, եւ քառյակում էլ մեր աշխատանքը դրան է ուղղված։

Իշխանության որոշ ներկայացուցիչներ ասում են, որ սա կառուցողական մոտեցում է՝ ընդդիմությունը լավ քայլ է արել, եւ դա իրենց իրավունքն է, բայց նաեւ պետք է հասկանալ, որ իրենք այլ բան ուղղակի չէին կարող ասել։ 12 կետերը, որ առաջարկել ենք, իսկապես լրջագույն հարցեր են, որոնց նպատակը մեր երկրի, մեր ժողովրդի, քաղաքացիների խնդիրները լուծելն է, նրանց կյանքը բարելավելը, մեր պետականությունն ամրապնդելը։

Իշխանությունները կանե՞ն այս քայլերը, կգտնե՞ն լուծումներ՝ շատ բարի. միայն ուրախ կլինենք, որովհետեւ բազմիցս ասել ենք՝ ընդդիմությունը եւ իշխանությունը պետք է լինեն միասնական պետական համակարգի մասերը, լրացնեն իրար։ Չեն ընդունի՝ կլինի համապատասխան արձագանք, կլինեն համապատասխան գործողություններ։ Մենք միշտ էլ գործել ենք ա՛յս դաշտում, համարել ենք, որ գործակցելով պետք է կարողանանք երկիրը տանել զարգացման։

-Ասում են՝ կառուցողականությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում են նախապայմանների ձեւով դրված ժամանակային սահմանափակումները։ Վստա՞հ եք, որ մինչեւ հոկտեմբեր կամ թեկուզ մինչեւ տարեվերջ հնարավոր է լուծել ձեր առաջ քաշած բոլոր խնդիրները։

-Հնարավոր է, եթե կա կամք, կա ցանկություն։ Գուցե կան կետեր, որոնք ենթադրում են ավելի տեւական աշխատանք, բայց եթե տեսնենք, որ ուղղությունը ճիշտ է ընտրված, կա նպատակ, քաղաքական կամք՝ այդ ուղղությամբ գնալու, բնականաբար ժամկետների հարցը կարելի է քննարկել։ Իհարկե, խոսքը այն մեկ-երկու կետի մասին է, որոնք իսկապես ավելի երկարատեւ աշխատանք են ենթադրում նաեւ օրենսդրական դաշտում։

Քառյակի հայտարարության մեջ նշված ժամկետը՝ մինչեւ սեպտեմբերի վերջ, պատահական չէ. այս նստաշրջանի աշխատանքներն ավարտված են, եւ եթե անհրաժեշտ են օրենսդրական լուծումներ, դրանք չեն կարող ավելի շուտ իրականացվել։ Սեպտեմբերին կունենանք առնվազն երկու քառօրյա, եւ այդ քառօրյաների օրակարգում ընդգրկված հարցերից արդեն պարզ կլինի՝ իշխանությունները պատրա՞ստ են գնալ այդ փոփոխություններին, թե՞ ոչ։ Այնպես որ, կարծում եմ, լիովին հնարավոր է տեղավորվել այդ ժամկետում։

-ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ, քառյակն ավելի իրատես է դարձել. ոտքերը վերմակի չափով եք մեկնել՝ սթափ գնահատելով ձեր կարողություններն ու հնարավորություննե՞րը, թե՞ իշխանությունն է ավելի ընկալունակ ձեր բարձրացրած հարցերի նկատմամբ։

-Դաշնակցության մոտեցումը միշտ եղել է հետեւյալը. երկրում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ամբողջական իշխանափոխություն, բայց մենք չենք ուզում անել մի բան, որից հետո չգիտենք՝ ինչ է լինելու։

Ինքնին իշխանափոխություն կամ ինչ-որ մեկի հրաժարականը պահանջելով՝ հարցերը չեն լուծվում. համակարգը պիտի փոխվի։ Պատահական չէ, որ մեր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում տարբերվում է քառյակի մյուս ուժերի մոտեցումներից։ Այս առումով, այո՛, ե՛ւ իրատես ենք, ե՛ւ պրագմատիկ։

Ինչ վերաբերում է իշխանական դաշտից հնչող հայտարարություններին, թե ընդդիմությունը ճիշտ տեղից է բռնել՝ սա այն ընդդիմությունն է, որի հետ կարելի է աշխատել, կրկնում եմ, իրենք ուղղակի չեն կարող ուրիշ բան ասել, չեն կարող հենց սկզբից մերժել՝ նախ պետք է ծանոթանան, քննարկեն։ Սա նաեւ դուռ է բացում բանակցությունների, երկխոսության համար. ի վերջո բոլորս նույն նավի մեջ ենք։

Ընդդիմության մեջ էլ կան քաղաքական ուժեր, որոնք ասում են՝ քառյակից դուրս՝ առանձին գործելու դեպքում, ավելի խիստ պահանջներ կդնեինք, եւ դա բնական է՝ քառյակում կան տարբեր մոտեցումներ ունեցող տարբեր քաղաքական ուժեր։ Քառյակը քառյակ է նրա համար, որ փորձում է առաջ տանել համաձայնեցված մոտեցումները, որոնց շուրջ կա միասնական դիրքորոշում։

Իսկ եթե առանձին այլ բան կանեիք՝ արե՛ք այդ բաները։ Ձեր իրավունքն է՝ հետին թվով սուր ճոճել, արմատական դիրքերից հայտարարություններ անել, բայց այսօր հնարավոր է եղել համաձայնեցնել այսքանը, եւ այսքանն է ներկայացվել հանրությանը, որպես ընդհանուր պահանջ քառյակի կողմից։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30