Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Մենք դեմ ենք հոսանքի սակագնի թանկացմանը» (Տեսանյութ) 

Հունիս 16,2014 12:33

«Մենք դեմ ենք հոսանքի սակագնի թանկացմանը, և թույլ չենք տալու, որ սակագինը բարձրանա»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ թանկացումը միայն մեկ պայմանով պետք է լինի ու շարունակեց. «Պետք է պայմանավորվածություն ձեռք բերել, որ երբ ճեղքվածքը վերանա, այդ դեպքում սակագինը կրկին դառնա նախկինը»:

Պարոն Մելքումյանի կարծիքով՝ ՀՀ-ն պետք է կարողանա տարածաշրջանային և
միջազգային էներգետիկ սխեմաների մեջ ճիշտ ներգրավվել: Պարոն Մելքումյանը նաև նշեց, թե դեմ է էլեկտրաէներգիայի շուկայի մասնակի ազատականացմանը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը սակագնի բաձրացման առիթով նկատեց. «Մենք միջազգային գներով գնում ենք հաց ու կարագ, բայց ստանում ենք տեղական մակարդակով աշխատավարձ: Մենք պետք է այնքան եկամուտ ունենանք, որ այդ թանկացումները չազդեն մեր գրպանին»: Պարոն Ադիբեկյանը կարծում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է կոմպրոմիսային լուծումներ գտնի:
Պարոն Մելքումյանը կարծում է, որ պետք է համոզել հանձնաժողովին և քննարկումների արդյունքում հասնել նրան, որ սակագինը չթանկանա: Պարոն Մելքումյանը փաստեց. «Բացասական ռեզոնանսը մեծ է, պետք է մեղմ գործիքներ կիրառվեն»:

Aravot.am-ի դիտարկմանը, թե ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կարծում է, որ պետք է փողոց դուրս գալ ամռանը, թե չէ ձմռանը թանկացումը ժողովրդի վրա բեռ է դառնալու, պարոն Մելքումյանն ասաց, թե ինքը դեմ է փողոց դուրս գալու, հետո էլ կատակեց, թե «նայած, թե որ փողոց»:

Հարցին՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը որտեղի՞ց է այդքան ճեղքվածք գոյացրել, պարոն Մելքումյանը նշեց, թե դա պայմանավորված է ատոմակայանի չաշխատելով, հոսանքի կորստով, ՀԷԿ-երի սակագնի ավելացմամբ և այլն:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ համամի՞տ է այն կարծիքին, որ հոսանքի սակագնի թանկացումն ունի քաղաքական ենթատեքստ. խնդիր է դրված, որ այս տարի Հայռուսգազարդը ավելի շատ գազ վաճառի:

Պարոն Մելքումյանը նշեց, թե չի բացառում, որ հոսանքի սակագնի թանկացումը ջերմային էլեկտրաէներգիայի շահութաբերության համար է, որ ժողովուրդը դրա համար ավելի վճարի և աղքատանա: Պարոն Մելքումյանը կարծում է, թե երբ գինը բարձրացնում ես, սպառման ծավալներն էլ են անկում ապրում:

Ըստ պարոն Մելքումյանի՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներքո գործող երկու ՓԲԸ-ներ կան, որոնք դիսպետչերական ծառայության պես գործառույթներ են իրականացնում, փոխհաշվարկներ անում և այլն, ժամանակին պետք է այդ ՓԲԸ-ները զգուշացնեին ՀԷՑ-ին, որ ջրառատ տարի չէ, հետևաբար ՀԷԿ-երը համապատասխան էլեկտրաէներգիա չեն արտադրելու ու պետք է զգուշացնեին, որ ՀԷՑ-ը կառավարեր ռիսկերը:

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30