Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի պատվիրակությունը

Հունիս 19,2014 18:09

Հունիսի 18-ից 19-ը Երեւանում էր Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի պատվիրակությունը՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպված «Ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով միջազգային սեմինարին մասնակցելու նպատակով:

Պատվիրակության անդամները հունիսի 18-ին հանդիպում ունեցան ՀՀ ոստիկանության շտաբում, քննարկվեցին ՀՀ ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ 2014 թ. կնքված համագործակցության ծրագրով նախատեսված՝ ՀՀ ոստիկանության զարգացման համար կարեւոր նշանակություն ունեցող միջոցառումները, դրանց կատարման ժամանակացույցը:

Այցի շրջանակներում պատվիրակության անդամները եղան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության համայնքային ոստիկանության հենակետերում, ծանոթացան համայնքային ոստիկանության մոդելի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Ոլորտային ուսումնասիրությունների նպատակով հանդիպումներ կազմակերպվեցին ոստիկանության հասարակական կարգի պահպանության, քրեական հետախուզության գլխավոր վարչություններում, կադրերի վարչությունում, ոստիկանության կրթահամալիրում:

Հունիսի 19-ին Երեւանում աշխատանքը սկսեց ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության հիմնախնդիրներին նվիրված միջազգային սեմինարը:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի «Նորանկախ երկրների ծրագրի» ղեկավար Իդեն Քոլը:
Առաջին նիստում Իդեն Քոլը ներկայացրեց ոստիկանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության հիմնական հայեցակարգերն ու համալիր կառուցվածքը, կարեւորագույն մարտահրավերները, բողոքարկման անկախ մարմինների ստեղծման խնդիրը եւ վերահսկողության արդյունքները:

Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի համայնքային անվտանգության եւ ոստիկանության «Ջոն Գրիվ» կենտրոնի ոստիկանության եւ կրիմինալոգիայի ավագ դասախոս, պրոֆեսոր Թիմաթի Փարսոնսը իր զեկույցում անդրադարձավ ոստիկանության նկատմամբ քաղաքական եւ հասարակական վերահսկողության, ոստիկանության բարեվարքության ու ներքին հաշվետվողականության, վերահսկողության մեջ հանրության ներգրավման հարցերին:

Խնդրո առարկա ոլորտում Մեծ Բրիտանիայի փորձը ներկայացրին Իդեն Քոլը եւ Նորին գերազանցության ոստիկանական տեսչության արտաքին տեղեկատվական խմբի անդամ Վիկ Հոգգը: Հրապարակվեցին Մեծ Բրիտանիայի վերահսկողական համակարգի ուսումնասիրության արդյունքները, անդրադարձ եղավ իրավական տեսանկյանը, վերահսկողության մակարդակներին, մշտադիտարկման փուլերին եւ կառավարման ու վերահսկողության այլ ուղղությունների:

Ոստիկանության խորհրդարանական վերահսկողության Չեռնոգորիայի փորձը ներկայացրեց Չեռնոգորիայի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության փորձագետ-խորհրդատու Սլավիսա Ժեկիչը:

Զեկույցի դրույթները վերաբերում էին վերահսկողական համակարգին, համայնքային ոստիկանության անցում կատարելու հիմնախնդիրներին, կառավարման եւ հսկողության համակարգերի կապին:

Միջազգային սեմինարի ամփոփիչ նիստում մասնակիցները քննարկեցին խորհրդարանականների հիմնական խնդիրները, ոստիկանական ծառայության եւ գործադիր մարմինների դերը այդ գործընթացում, ոչ կառավարական կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներգրավման հարթակները եւ վերահսկողական ոլորտին վերաբերող այլ տեսական ու գործնական խնդիրներ:
Հունիսի 19-ին, սեմինարի ավարտից հետո, տեղի ունեցավ ամփոփիչ հանդիպում ՀՀ ոստիկանության շտաբում: Շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը, կարեւորելով իրականացվող աշխատանքները, պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30