Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավախախտ կանանց կյանքը բանտից հետո. «Նրանք նույնքան վախենում են բանտից ազատվելուց, որքան երազում են դրա մասին»

Հուլիս 04,2014 11:48

23-ամյա կնոջ աչքերում ափսոսանք կա, չնայած երիտասարդ տարիքին, հայացքը հասուն է, ձայնը՝ ինքնավստահ, սակայն դիմագծերում թաքնված տառապանք կա, կիսված կյանք, կարոտ ու անսահման զղջում:

«Երբ առաջին անգամ մտա մեկուսարան, մտածեցի hեսա ինձ կծեծեն, մազերս կխուզեն, բայց այստեղ ապրողներն ինձ շատ լավ ընդունեցին ու մի պահ մտածեցի, թե ես չեմ դատվել, բայց երբ բերեցին ալյումինե բաժակն ու ափսեն, այդ ժամանակ ինձ շատ նվաստացած զգացի…,-ասում է արդեն 4 տարի կալանավայրում գտնվող 23-ամյա Քնարիկ Մաթևոսյանը:

Քնարիկը Գյումրիից է: Ինչպես ինքն է ասում՝ «ռազբոյ» է արել (ավազակային հարձակում), ինչի համար դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման: Պատիժը կրում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ): Խոստովանում է, որ ընտանիքը դժվարությամբ է ներել իր արարքը, ունի փոքրիկ Ալենին, ով անհամբերությամբ մոր վերադարձին է սպասում:

«Ընտանիքս հասկացավ ինձ ու ներեց, հիմա հաճախ են գալիս ինձ այցելության: Ալենս էլ գիտի, թե մաման զորամասում է աշխատում, մանկապարտեզում են այդպես ասել, ու անհամբեր սպասում է, թե ես երբ պետք է գնամ տուն, որ միշտ իր կողքին լինեմ: Նրանք ինձ ուժ են տալիս, որ ճաղերի ետևում` մնացած տարիներն ավելի հեշտությամբ անցկացնեմ»,-հուզված, սակայն հաստատուն ձայնով ասում է Քնարիկը:
Դեռևս անցյալ դարակեսում կառուցված Հայաստանի իգական սեռի միակ՝ «Աբովյան» ՔԿՀ-ում 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ ազատազրկված են 207 կին (2012թ. առաջին կիսամյակում` 195), որից 18-ը` սպանության, 8-ը` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 43-ը` խարդախության, 15-ը` կավատության, 16-ը` գողության, 26-ը` թմրամիջոց իրացնելու մեղադրանքով:

Abovyan_Basketball

Քնարիկը Հայաստանի այն 207 կանանցից մեկն է, ում կյանքում՝ որպես բաժանարար, հայտնվել են բանտի ճաղերը: Ու որքան էլ խոստովանի, որ բանտում անցկացրած տարիները իր համար փորձաքար են եղել, միևնույնն է հասարակությունն այս կանանց դժվարությամբ է ներում:

«Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, հոգեբան Արշակ Գասպարյանն ասում է, որ հայ հասարակությունն ավելի խիստ դատում է նույն արարքը կատարած կնոջը, քան տղամարդուն:

Նա համոզված նշում է, որ քրեակատարողական հիմնարկը չի ուղղում այնտեղ հայտնված անձանց, այլ ընդամենը զսպաշապիկ է, քանի որ դատապարտյալների հետ տարվող աշխատանքները բավարար չեն, իսկ քրեակատարողական հիմնարկներում ուղղման միջոցառումների իրականացման մասին խոսելն ավելորդ է:

«Իրավական ակտերի հետ խնդիր ունենք, որոնք հստակ չեն կարգավորում, թե ինչ է դատապարտյալի ուղղումը, ով պետք է դա անի և ինչպես: Եթե հայաստանյան քրեակատարողական հիմնարկները պատժողական քաղաքականությունից իսպառ անցում կատարեն վերականգնողական քաղաքականության, ապա պատկերը կտրուկ կարող է փոխվել. որքան էլ հանցանքը վտանգավոր լինի, ի վերջո, պետք է հասկանանք, որ այն անձով է պայմանավորված: Որքան շուտ Հայաստանում ներդրվի պրոբացիոն համակարգը՝ օր առաջ փոփոխությունները նկատելի կլինեն»,-ասում է հոգեբանը:

Ըստ Գասպարյանի՝ քրեակատարողական հիմնարկ, մեկուսարան պետք է ուղարկել ծայրաստիճան դեպքերում, քանի որ մեկուսացումը միայն վատ բանի է հանգեցնում.«երեք տարի հետո անձը դեգրադացվում է»:

Թեև «Աբովյան» ՔԿՀ պայմանները հիմնականում բավարար են, սակայն փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանն ասում է, որ դատապարտված կանայք առավել խոցելի են ու կարիք ունեն առանձնահատուկ վերաբերմունքի:

«Կանանց ՔՀԿ հիմնարկը մեկն է, եթե տղամարդկանց դեպքում, ներքին խնդիրների լուծման համար, հնարավոր է տեղափոխություններ անել, կանանց դեպքում դա բացառվում է, այնտեղ չի պահպանվում նաև անջատ պահելու հարցը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում»,-ասում է փորձագետը:

«Աբովյան» ՔԿՀ-ի կանանց համար նախատեսված հանրակացարանը 200 քմ մակերեսով տարածք է, իսկ մեկուսարանի խցերն ունեն տարբեր մակերեսներ` 10 քմ-ից մինչև 16 քմ, որտեղ պահվում են 2-4 կալանավոր, և ընդհանուր առմամբ յուրաքանչյուր կալանավորի համար ապահովվում է 4 քմ տարածք:

Ըստ Թումասյանի՝ «Աբովյան» ՔԿՀ-ում դատապարտված կանանց 40 տոկոսը Երևանից են, 42 տոկոսն այլ քաղաքներից՝ գերակշիռը Գյումրիից, 18 տոկոսը՝ գյուղերից և քաղաքատիպ ավաններից, մինչև դատապարտվելը նրանց 59 տոկոսն աշխատել է, 3 տոկոսն՝ աշխատել և սովորել, 2 տոկոսը սովորել է:

Բանտից ներս ու դուրս՝ կյանքի այս երկու փուլերը դատապարտյալների համար գրեթե նույն չափով դժվար են։ Դրսում հաճախ խնդիրներն առավել շատ են լինում, բախվում են այնպիսի մերժողականության ու անհանդուրժողականության, որ պատիժն առավել ծանր է դառնում՝ պատիժը կրելուց հետո:

«Կանայք շատ հաճախ վախենում են բանտից ազատվելուց, քանի որ չգիտեն թե ինչպես իրենց կընդունեն, ինչ պայմաններում կապրեն, անորոշությունը խանգարում է նրանց: Նրանք նույնքան վախենում են ազատվելուց, որքան երազում են դրա մասին»,-ասում է Թումասյանը՝ հավելելով.
«Մենք որքան էլ խոսում ենք հանդուրժողականությունից, իրավունքների պաշտպանությունից, սակայն նախկին դատապարտվածների նկատմամբ լինում է պիտակավորում և ցանկացած գործատուի հետ առնչվելիս այդ պիտակավորումը զգում են»:

9 տարվա ազատազրկումից հետո ամիսներ առաջ ՔԿՀ-ից դուրս եկած 53-ամյա Սիլվա Ասատրյանը խոսելով բանտային խնդիրներից, ասում է, որ բանտերում հնարավոր է ստեղծել պայմաններ ու հասարակություն վերադարձնել առողջ մարդկանց, մինչդեռ արվում են միայն ձևական քայլեր՝ թղթաբանություն: Ըստ նախկին դատապարտյալի՝ հենց «Աբովյան» ՔԿՀ-ում հնարավոր է ստեղծել աշխատանքային պայմաններ, որոնք կօգնեն նաև դատապարտյալներին առավել հեշտությամբ ինտեգրվել ազատության մեջ, կունենան աշխատանքային որոշ հմտություններ ու այդպիսով կկարողանան գոյատևել ազատության մեջ:

2009-ից մարդու իրավունքների և ժողովրդավարությանը նպաստող գործունեություն ծավալող «Իրավունքների Պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան –փորձագետ Հասմիկ Հարությունյանն ասում է, որ կանանց հանցագործության դրդող հիմնական պատճառները սոցիալական խնդիրներն են, որոնք կրկնապատկվում են ազատազրկումից հետո:

«Շատ կարևոր նյուանս կա, երբ դատապարտյալը տղամարդ է, ընտանիքի հետ կապն առավել ամուր է մնում, պարբերաբար այցելում են նրանց, կանանց պարագայում այլ է, սովորաբար մոռացվում են և կանայք բանտից դուրս են գալիս երկու խնդիրով՝ հա՛մ պետք է ընտանիքի հետ հարաբերությունները լավացնեն, հա՛մ հասարակության մեջ ինտեգրվեն, աշխատանք գտնեն,-ասում է Հարությունյանը՝ հավելելով, որ լավագույն դեպքում կին նախկին դատապարտյալները շատ ցածր վարձատրվող աշխատանք են կարողանում գտնել:

Քնարիկը բանտից դուրս գալուց հետո դեռ չգիտի, արդյո՞ք կկարողանա աշխատանք գտնել ու ընտանիքի հոգսերը հոգալ, բայց մի բան հստակ որոշել է՝ կյանքին նայելու է այլ աչքերով:
«Միշտ հավատացել եմ, որ իմ ընկերներն ինձ համար ամեն ինչի պատրաստ են, չեմ պատկերացրել, որ կունենամ կեղծ ընկերներ, հավատացել եմ, որ նրանք իմ համար կարող են աշխարհը փուլ տալ, բայց հիմա հասկանում եմ, որ սխալվել եմ: Զղջում եմ, որ նման բան եմ արել, ու երբեք չեմ ուզի, որ մեկը իմ մամային նման ցավ պատճառի, իսկ ես նման ցավ պատճառել եմ այդ մարդկանց՝ գումարը տանելով: Ուզում եմ դիմել նաև արդարադատության նախարարությանը , որ կանանց հոդվածները վերանայեն ու ավելի մեղմ պատիժ տան»,-ասում է երիտասարդ դատապարտյալը:

Արմինե ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր:https://twitter.com/4equalrightsarm

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031