Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյանը ինքն է սեւեռված ռուսերենի վրա, իսկ «Что? Где? Когда?»-ին մասնակցելը խայտառակություն է»

Հուլիս 07,2014 19:00

«Անգլերենը պաշտոնական հանդիպումներում նույնպես տարածված է, բայց սեւեռվում են ռուսերենի վրա»,- լրագրողների հետ զրույցում այսպիսի դիտարկում էր արել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝  մեկնաբանելով ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի եւ ԱԺ պատգամավորների հանդիպմանը հայերեն թարգմանություն չապահովելու փաստը:

Պարոն Աշոտյանը կարծիք էր հայտնել, որ ռուսաց լեզվով անցկացվող պաշտոնական հանդիպումներին հայերեն թարգմանության բացակայությունը օրենքի խախտում չի եւ դեռ դիտողություն էր արել լրագրողներին՝ ՌԴ-ի եւ ռուսերենի վրա սեւեռվելու համար:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը պարոն Աշոտյանի հետ չհամաձայնեց. «Նախ, Կիսելյովի հանդիպումը կազմակերպվել էր ԱԺ-ի շենքում, որը միավորում է պատգամավորների, այսինքն՝ մարդկանց, որոնք օրենքներ պիտի գրեն եւ ապրեն ըստ Սահմանադրության, մեզ էլ օրինակ ծառայեն: Կարող է մեկը ռուսերեն խոսի, բայց թարգմանությունը պետք է ապահովվի: Նույնիսկ լրագրողները պարտավոր չեն իմանալ ռուսերեն, նրանք կարող են լինել հայրենադարձներ, ասենք, Իրանից: Ո՞վ պետք է պարտադրի նրանց իմանալ ռուսերեն: Ոչ ոք: Չկա դրա կարիքը: Ամենակարեւորը՝ բոլոր այն միջոցառումներում, որոնք ոչ պաշտոնական են կամ կիսապաշտոնական, մարդիկ կարող են խոսել ինչ լեզվով ուզում են, բայց եթե որեւէ պաշտոնական միջոցառում է, պետք է պահանջ լինի զուգահեռ հայերեն թարգմանության: Մենք պիտի հասկանանք, որ նույնիսկ եթե գիտաժողով է, կարելի է տնտեսել ներկայացուցչական ծախսերի, հազար ու մի մանրուքի վրա, բայց  զուգահեռ թարգմանությունը պետք է ապահովել: Եթե դա լինի ամենուրեք, մեզ կսկսեն է՛լ ավելի հարգել, է՛լ ավելի այլ աչքով նայել թե՛ մեզ, թե՛ մեր լեզվին, թե՛ մեր պետականությանը»:

Ըստ Արմեն Հովհաննիսյանի, Արմեն Աշոտյանը ինքն է սեւեռված ռուսերենի վրա. «Իր համար օտար լեզուների մեջ կան տարբերակումներ: Գիտակից մարդկանց համար կան հայերեն եւ կան օտար լեզուներ՝ լինի անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, չինարեն եւ այլն: Ինքն է քաղաքականացնում այդ խնդիրը, որովհետեւ ունի որոշակի նախասիրություններ նաեւ լեզվական: Հայաստանի գիտակից քաղաքացիներն ունեն մեկ նախասիրություն: Դա հայերենն է»:

ԿԳ նախարարը, իր խոսքում ընդունել էր, որ բազմաթիվ կոնֆերանսներ եւ սեմինարներ են լինում, որոնք անգլերեն են, դրանց մասնակցում են պետական պաշտոնյաները, բայց զուգահեռ թարգմանություն  չի ապահովվում: Մեր հարցին, թե ո՞վ է պատասխանատու, որ հայերեն թարգմանությունն ապահովի՝ Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Կա Լեզվի պետական տեսչություն, նախարարություն, ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահը, որը Սահմանադրության երաշխավորն է: Կա օրինապաշտ մի ամբողջ համակարգ, որի օղակներից եւ ոչ մեկը չի գործում ե՛ւ լեզվի դեպքում, ե՛ւ մնացած դեպքերում»:

Ըստ պարոն Հովհաննիսյանի, այն, որ ԿԳ նախարարը ինքն էլ մասնակցում է եթերում ռուսաց լեզվով հեռարձակվող «Что? Где? Когда?» հաղորդմանը՝ խայտառակություն է. «Դա որեւէ չափանիշներով չի կարելի արդարացնել: Նախ, մեր հեռուստաալիքով օտար լեզվով խաղ է գնում, երկրորդը՝ մեր պետական պաշտոնյաները այնտեղ գնում են եւ օտար լեզվով մասնակցում են: Դա բժշկական ախտորոշում է ամբողջ համակարգի եւ այդ պետական պաշտոնյաների համար»:

Լուսանկարը՝ Արմեն Հովհաննիսյանի ֆեյսբուքի էջից։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Ավարտել եմ հայկական դպրոց, իսկ հետագայում սովորել եմ Լենինգրադի պետական համալսարանի ասպիրանտուրայում և ժամանակին պաշտպանել եմ ֆիզ.մաթ.գիտ. թեզս: Այնուհետև պաշտպանել եմ ֆիզ.մաթ.գիտ.դոկ. թեզս: Այնտեղ ամուսնացել եմ ռուս աղջկա հետ և այժմ ունեմ երեք երեխա: Աշխատելով Ս. Պետերբուրգում մեծ ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնում թողել եմ աշխատանքս և վերադարձել եմ իմ հայրենի քաղաք Երևան: Երեխաներս բոլորը ունեն հայկական կրթություն, բայց նաև ազատ տիրապետում են հայերենին և ռուսերենին: Կինս ազատ տիրապետում է հայերենին բանավոր և գրավոր: Սա կարճ իմ կենսագրությունը: Մենք, տիկնոջս` Նատալիայի հետ կտրականապես դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը Հայաստանում: Չեմ ուզում խոսել դրա վնասների մասին, քանի որ դա պետք է որ ակնհայտ լինի քիչ թե շատ կրթված մարդու համար: Ինչ վերաբերվում է լեզուների իմացությանը, ապա մենք իհարկե կողմ ենք, որ հայ մարդը շատ լեզուների տիրապետի, բայց ոչ հայերենի հաշվին: Ինչ վերաբերվում է նախարար Ա. Աշոտյանին, ապա ես չգիտեմ թե նա ինչ ազգերից է սերում և դա այդքան կարևոր չէ, բայց նա ակնհայտորեն ունի ոչ հայկական հոգեկերտվածք, որը անընդունելի է գիտակից հայի համար: Նա և նրա տեսակի մարդկանց մուտքը ղեկավար պաշտոններում պետք է ապագայում բացառվի: Անկեղծորեն ցավում եմ Աշոտյանի համար, որպես խեղված հայի և չկայացած ռուսի: Շատ կարելի է խոսել, բայց այսօր այսքայնը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031