Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը սանմաքրման աշխատանքների նկատմամբ

Հուլիս 21,2014 16:44

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կազմակերպելու նպատակով ՃՈ և շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ համապատասխան աշխատանքներ են տարվել: Մասնավորապես, նշվել է, որ առաջարկվող 25 նոր ճանապարհահատվածների վերաբերյալ ստացվել է դրական եզրակացություն և քաղաքապետի համապատասխան որոշման ընդունումից հետո այդ տարածքները ևս կկահավորվեն ճանապարհային անհրաժեշտ նշաններով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորին արագացնել գործընթացն ու սեղմ ժամկետում կայանատեղիները հանձնել շահագործման:

«Ընդամենը 5 տարի առաջ տաքսիների կայանման համար նախատեսված հատուկ տարածքներ մայրաքաղաքում առհասարակ չկային: Եվ այս նոր 25 վայրերի հատկացմամբ, ըստ էության, մայրաքաղաքում կունենանք նման 110 կայանատեղ: Սա խոսում է հարցի նկատմամբ մշտական ուշադրության ու հետևողականության մասին և տաքսիների վարորդների կողմից կայանատեղիների վերաբերյալ բարձրացվող հարցը, կարծում եմ, որոշակի առումով կարող ենք լուծված համարել: Բայցև այս ուղղությամբ աշխատանքները կլինեն շարունակական և, հնարավորության դեպքում, կքննարկենք նաև նոր վայրերի վերաբերյալ առաջարկները: Բացի այդ, ՃՈ հետ պետք է քննարկենք նաև երթևեկությունը չխոչընդոտող և թույլատրելի վայրերում զբոսաշրջիկներ փոխադրող ավտոբուսների կայանման համար հատուկ տարածքների հատկացման հարցը, որը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է օրակարգային: Ըստ այդմ, առաջարկում եմ հնարավորին սեղմ ժամկետում այս մասով ևս ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը մայրաքաղաքի փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման, մասնավորապես, հանգստյան օրերին իրականացվող աշխատանքների ուղղությամբ: Զուգահեռ, ըստ անհրաժեշտության, շարունակվում են նաև աղբամանների տեղադրման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին խստորեն հանձնարարել է վերահսկել սանմաքրման ձեռնարկությունների կողմից կազմակերպվող աշխատանքներն ու ձեռնարկել համապատասխան քայլեր:

«Մայրաքաղաքում մաքրության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները նկատելի են, սակայն ոչ բավարար: Այստեղ մեր մոտեցումն ու դիրքորոշումը պետք է լինի առավել կոշտ: Հրավիրեք սանմաքրման կազմակերպությունների պատասխանատուներին և պահանջեք աշխատանքների պատշաճ կազմակերպում: Ի դեպ, տեղեկացնեմ, որ քաղաքապետարանն այսօր ակտիվ բանակցություններ է տանում մայրաքաղաքում աղբի վերամշակման գործարան հիմնելու ուղղությամբ և մինչև տարեվերջ, կարծում եմ, բանակցություններն ըստ ամենայնի ավարտված կլինեն, և արդեն հաջորդ տարի այս ուղղությամբ կիրականացնենք առավել կոնկրետ քայլեր, որոնց շնորհիվ առաջիկա տարիներին քրոնիկ այս խնդիրը ևս կվերանա մայրաքաղաքում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև վերջին շրջանում բնակիչների կողմից համատիրությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված դժգոհություններին և հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել այդ աշխատանքների նկատմամբ: Բացի այդ, Տարոն Մարգարյանը պատասխանատուներին նաև հանձնարարել է բնակիչների հետ միասին քննարկել և, անհրաժեշտության դեպքում, վերանայել համատիրությունների նախագահների հետագա աշխատանքի նպատակահարմարությունը:

Մայրաքաղաքի շուկաներում սանիտարական պատշաճ վիճակ ապահովելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասով զեկուցվել է, որ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և առողջապահական պետական տեսչության մասնագետների հետ համատեղ իրականացվում է ամենօրյա խիստ հսկողություն: Զեկուցվել է նաև, որ շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ մսամթերքի վաճառակետերը: Նախորդ շաբաթ իրականացված հսկողության շնորհիվ վարչական 2 արձանագրություն է կազմվել:

Զեկուցվել է, որ ամենօրյա հսկողություն է իրականացվում վարչական շրջանների ջրամատակարարման համակարգում առաջացած խնդիրները լուծելու նպատակով ձեռնարկված աշխատանքների կատարման նկատմամբ:

Վերահսկողության վարչության պետը, ներկայացնելով 2014 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում քաղաքապետի կողմից ընդունված որոշումների և կարգադրությունների կատարման ընթացքը զեկուցել է, որ ընդունվել է 1339 որոշում և 209 կարգադրություն, որից 1157-ի կատարման ապահովման պարտականությունը դրված է քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների վրա: Ըստ այդմ, 974 որոշում կատարված է, 183-ը դեռևս ընթացքում են: Վարչական շրջանների վրա դրված 167 որոշումից 156-ը կատարված է, 11-ը՝ դեռևս ընթացքում է: Եվս 15 որոշում, որից ընթացքում է միայն 2-ը, դրված են կառուցապատման ներդրումային ծրագրերի գրասենյակի վրա:

Զեկուցվել է նաև, որ Երևանի քաղաքապետի կողմից տրված 209 կարգադրություններից 190-ը կատարված է, իսկ 19-ը դեռևս կատարման ընթացքում է:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է համապատասխան նախապատրաստական աշխատանքներ տանել Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնը մայրաքաղաքում հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին, ըստ ոլորտների, ներկայացվել են քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության 2014 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունները՝ արդեն իսկ կատարված և նախատեսվող աշխատանքների կտրվածքով:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի կատարած աշխատանքների հաշվետվությունները:

Այնուհետ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է ֆինանսական, գնումների, եկամուտների հաշվառման և գանձման ոլորտների, ինչպես նաև ներքին աուդիտի, վարկային որոշ ծրագրերի և հանձնաժողովների աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ինչպես նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերն էլ ներկայացրել են իրենց ոլորտներում այս տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Ներկայացված հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հաջորդ շաբաթ նույն սկզբունքով կներկայացվեն նաև մյուս ոլորտների կիսամյակային հաշվետվությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031