Լրահոս
Օրվա լրահոսը

Հարաբերական

Հուլիս 30,2014 14:30

Ո՞նց եմ: Եսիմ ոնց եմ: Ալբերտ Էյնշտեյնից հարցրեք: Որովհետեւ ինքը ժամանակին շատ ճիշտ նկատել է, որ Հայաստանում ամեն ինչ հարաբերական է՝ անկախությունից մինչեւ աշխատավարձ:

Բայց աշխատավարձը գոնե ֆիզիկայի օրենքներին ենթարկվում է՝ ձմռանը ցրտից կամ միգուցե գազի սակագնից սեղմվում՝ մի պուճուր է դառնում, ամռանը մի փոքր ընդլայնվում է, այն էլ, եղանակային պայմաններից կախված՝ եթե գարնանը կարկուտը ծիրանին չի խփում:

Ի դեպ, այս շոգ օրերին անկախությունն էլ է ընդլայնվել՝ կարծես բոլորիս արձակուրդ են տվել՝ ըմբոշխնե՛ք: Արձակուրդը կարող է կարճ տեւել: Որովհետեւ մենք՝ հայերս, երբ անկախություն ենք ունենում, չգիտես ինչու, անմիջապես ուզում ենք դրանով կիսվել ուրիշների հետ:

Իսկ հիմա լավ է՝ Արեւմուտքին չտվեցինք մեր անկախությունը, Արեւելքից էլ առայժմ, կարծես թե, չեն ուզում: Համենայնդեպս՝ մինչեւ հոկտեմբեր: Ինչը շատ լավ է՝ Քոբուլեթիից եւ Անթալիայից շատ արագ կազդուրված կվերադառնանք ու օգոստոսին ավանդաբար կրկին կտեսնենք բոլոր հեռուստակայաններով, թե ինչպես է Արամ Մանուկյանը կարդում Անկախության հռչակագիրը: Իսկ որոշ լրատվամիջոցներով նաեւ ավանդաբար կլսենք նույն Արամ Մանուկյանի կարծիքն այն մասին, թե ինչպես են ներկա իշխանություններն արժեզրկել անկախության գաղափարը: Ու հերթական անգամ կհամոզվենք, թե որքան ճիշտ են Ալբերտ Էյնշտեյնի մեկնաբանությունները Հայաստանի հարաբերականության մասին:

Ընդհանրապես, եթե Երեանի քաղաքապետարանը բավական խոհեմ գտնվեր, երբեք առիթ չէր տա Միկոյանի արձանի մասին վեճերին. ինչո՞ւ պիտի մենք ազգովի քննարկեինք ինչ-որ գործչի հարաբերականությունը, երբ կարելի է Հանրապետության հրապարակում Լենինի փոխարեն միանգամից կանգնեցնել հարաբերականության տեսության հեղինակի՝ Ալբերտ Էյնշտեյնի արձանը:

Որովհետեւ Հայաստանում ամեն ինչ հարաբերական է: Անխտիր բոլոր երկրներում տաքսու կանաչ լույսը նշանակում է, որ տաքսին ազատ է: Մեզ մոտ տաքսին հարաբերականորեն ազատ է. կանաչ լույսը վառվում է, բայց մեջը ուղեւոր կա: Ապակիներն էլ, ի տարբերություն բոլոր ոչ հարաբերական երկրների, մգացված են, երեւի հատուկ նրա համար, որպեսզի չտեսնես, որ մեջը մարդ կա, ու վարորդը կարողանա կողքովդ անցնելուց արհամարհական շպրտել՝ չե՞ս տեսնում, որ հարաբերականորեն ազատ չեմ:

Արտասահմանցի ձեր հյուրերին տարեք Գառնի-Գեղարդ, բայց երբեք մի՛ փորձեք բացատրել այս երեւույթը՝ նրանք կյանքում չեն հասկանա երեւանյան վարորդի փոքրիկ ու հարաբերական հաճույքը:

Ինչպես նաեւ չեն հասկանա, թե ինչ է նշանակում, որ երթուղայինում տեղ չկա: Նրանք չգիտեն, որ եկել են հարաբերական երկիր, որտեղ եթե երթուղայինը բերնեբերան լիքն է, այնտեղ միշտ էլ, միեւնույն է՝ տեղ կա: Ու եթե հաջողվի մի կերպ, այնուամենայնիվ, խցկվել այդ երթուղայինը, որտեղ օդի առկայությունը շատ հարաբերական է, մեկ է՝ հաջորդ կանգառում էլի մի երեք մարդ ձեզ գործնականում կապացուցի Էյնշտեյնի պնդումը, որ աշխարհում ամեն ինչ հարաբերական է: Այդ նրանք չեն հասկանա, իսկ մենք հո գիտենք, որ Հայաստանում եւ մանավանդ մեր սիրելի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտ հասկացությունն ինքն արդեն շատ հարաբերական է: Ոչ ոք չգիտի՝ կա՞, արդյոք, նման բան, թե՞ իրականում չկա:

Ու դա էլ հարաբերական է, որովհետեւ եթե համեմատես այն տարիների հետ, երբ բոլորս կուռ շարքերով քայլում էինք ձյունապատ փողոցներով, հիմա հասարակական տրանսպորտ կա: Պարզապես արտասահմանցիները կարող են չհասկանալ, որովհետեւ իրենք հարաբերականության տեսությունից, ցավոք, այնքան տեղյակ չեն, որքան հայաստանցիները: Իրենց իշխանությունները ձմռանը բնակչության հետ գործնական պարապմունքներ չեն անցկացրել:

Ընդհանրապես, Հայաստանի իշխանություններից լավ երեւի թե ոչ ոք չգիտի հարաբերականության տեսությունը: Եթե դուք, օրինակ, Ազատության հրապարակում փորձեք հարաբերականորեն վատ գնահատական տալ որեւէ պաշտոնյայի՝ անվանելով նրան ավազակապետ, այդ նույն պաշտոնյային մեկ այլ երկրում կդիմադրեն ճիշտ այնպես, ինչպես Բարաք Օբամային, ու ինքը միանգամից կգիտակցի, որ այնտեղ՝ դրսում, իրեն իսկապես սիրում են, իսկ Հայաստանում, չգիտես ինչու, հարաբերականորեն են սիրում: Մի տեսակ՝ շատ հարաբերականորեն: Լրիվ հարաբերականորեն:

Բայց կյանքում ամեն ինչ հարաբերական է: Դրա համար էլ, երբ հարցնում եք՝ ո՞նց եմ, ասում եմ՝ դիմեք Ալբերտ Էյնշտեյնին… Թող ասի իր հեղինակավոր կարծիքը՝ մենք ընդհանրապես ապրո՞ւմ ենք, թե՞ հարաբերականորեն…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031