Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս իրավապահները Լեւոն Հայրապետյանից գործարք են ակնկալում

Օգոստոս 02,2014 14:55

Բայց, հավանաբար, սկանդալ կստանան

Ռուսաստանում Լեւոն Հայրապետյանի կալանավորումից հետո մտահոգ անձանց ուշադրությունը սեւեռվեց հայ գործարարի առողջական խնդիրների վրա, մինչդեռ հարցի իրավական կողմը մնում է չլուսաբանված:

Սա բնական է: Լեւոն Հայրապետյանը կաթված է տարել եւ հիպերտոնիայի խնդիրներ ունի, ներկայումս տառապում է նաեւ սուր շաքարային դիաբետով եւ օնկոլոգիական բնույթի խնդիրներով: Ակնհայտ է, որ այսպիսի ախտորոշման պայմաններում փոքր-ինչ մարդասիրական վերաբերմունքի դեպքում որեւէ գործով կասկածյալի նկատմամբ պետք է մեղմ վերաբերմունք լիներ եւ ընտրվեր խափանման մեկ այլ միջոց, այլ ոչ կալանավորումը: Իսկ Լեւոն Հայրապետյանի դեպքում՝ առավել եւս, քանզի նրան մեղսագրվող արարքի դեպքում կարելի էր հանգիստ շրջանցել կալանքի հարցը: Բայց սա այդ դեպքը չէ: Գործ ունենք Ռուսաստանի իրավապահ համակարգի հետ: Մի համակարգ, որ ԽՍՀՄ պատժիչ համակարգի ժառանգն է եւ այնպիսի սկանդալի հեղինակ է, ինչպիսին Մագնիտսկու գործն է:

Ուստի գործարարի առողջական խնդիրներն ու հումանիստական մոտեցումները պետք է մի կողմ դնել եւ փորձել հասկանալ հարուցված գործի էությունը: Տեղեկություններն այս իմաստով շատ չեն: Անգամ փաստաբանները ստորագրություն են տվել, որ մանրամասները չեն հրապարակի: Բայց հաշվի առնելով ռուսական իրողություններն ու դաշտում եղած սակավ տեղեկությունները՝ դժվար չէ գլխի ընկնել՝ ինչ նպատակ է հետապնդում հարուցված գործը, եւ ինչ մտադրությամբ է կալանավորվել Լեւոն Հայրապետյանը:

Հայտնի է, որ խնդրո առարկան «Բաշնեֆթ» ընկերության ակտիվներն են: 2010 թվականին ընկերության հսկիչ փաթեթը ձեռք է բերել «Սիստեմա» խումբը: Գործարքի ժամանակ միջնորդական ծառայությունները մատուցել է Լեւոն Հայրապետյանը: Այժմ Ռուսաստանի իրավապահները համարում են, որ գործարքը կայացել է ՌԴ օրենսդրության պահանջների խախտմամբ, ինչի հանգամանքներն ուսումնասիրվում են քրեական գործի շրջանակներում, եւ Լեւոն Հայրապետյանին ներկայացրել են մեղադրանք, որը թեեւ մինչեւ վերջ հստակ չէ, բայց պարունակում է փողերի լվացման հատկանիշներ:
Ասել, թե նման գործի հիմքում բացառապես իրավական խնդիրներ են, կնշանակի չճանաչել ռուսական իրականությունը: Բանն այն է, որ «Բաշնեֆթ» ընկերությունը ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում է արդեն տասը տարի, եւ այդ ընթացքում առնվազն երկու անգամ՝ 2003-ին եւ 2008-ին, քրեական գործեր են հարուցվել, որոնց հիմնական օբյեկտը «Բաշնեֆթ» ընկերությունն էր: Այդ ժամանակ ռուսական մամուլը գրում էր քրեական գործերի քաղաքական մոտիվների մասին. մինչեւ 2010 թվականը ընկերությունը պատկանում էր Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրտազա Ռահիմովի որդու՝ Ուրալ Ռահիմովին ենթակա կառույցներին: Ռուսական աղբյուրների մատուցմամբ՝ 2000-ականներին «Բաշնեֆթի» նկատմամբ քրեական հետապնդումները նպատակ են ունեցել ճնշել Մուրտազա Ռահիմովին: Ի դեպ, նշվում է, որ 2010-ին Ռահիմովին Մոսկվան կարողացել է հեռացնել Բաշկիրիայի նախագահի պաշտոնից՝ խաղարկելով հենց «Բաշնեֆթի» քարտը:

Ռահիմովի հեռացումից հետո էլ տեղի է ունենում ակտիվների առուվաճառքի գործարքը, եւ փոխվում է սեփականատերը: Ներկայումս ռուս փորձագետները, այդ թվում՝ Լեւոն Հայրապետյանի փաստաբան Սերգեյ Անտոնովը, արդարացիորեն նշում են, որ եթե ռուս իրավապահների հարցադրումները լուրջ են, ապա դեռեւս այդ ժամանակ պետք է գործարքը չկայանար: Նկատենք, որ խոսքը Ռուսաստանի խոշորագույն ընկերություններից մեկի մասին է: Կնշանակի՝ այդ ժամանակ ռուսական քաղաքական էլիտան գործարքին դեմ չի եղել:

Ի՞նչը փոխվեց վերջին 4 տարիներին, որ «Բաշնեֆթը» կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում: Միակ լուրջ փոփոխությունը նավթի շուկայում գրանցվող տեղաշարժերն են: ԽՍՀՄ փլուզումից հետո նավթի շուկան Ռուսաստանում ազատականացվեց, եւ ի հայտ եկան մեկ տասնյակից ավելի ընկերություններ: Այս բազմազանությունն անցած 20 տարիներին հնարավորություն չէր տալիս, որ ընկերություններից որեւէ մեկը դառնա համաշխարհային նշանակության խաղացող: Օրինակ՝ գազի շուկայում «Գազպրոմի» մենաշնորհային դիրքը ապահովել էր այդ ընկերության անդրազգային ազդեցությունը, մինչդեռ նավթային կազմակերպություններից որեւէ մեկը նման ազդեցության մասին երազել չէր կարող: 2012 թվականին պետական «Ռոսնեֆթ» ընկերության նախագահ նշանակվեց Իգոր Սեչինը: Այս նշանակումից հետո ռուսական նավթի շուկայում սկսվեց «Ռոսնեֆթի» կողմից ագրեսիվ կլանման քաղաքականություն: Վերջին երկու տարում կազմակերպությունը տիրացել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին բոլոր ակտիվներին, ձեռք է բերել խոշոր խաղացողներից ՁծԽ-BP ընկերության ակտիվները եւ բազմաթիվ փոքր ու միջին ընկերություններ: Համատեղ ձեռնարկության հիմնմամբ ընկերությունը կլանեց նաեւ «Իտերային»: Որոշ գնահատականներով՝ այս կլանումների արդյունքում արդեն «Ռոսնեֆթը» տիրապետած պաշարներով դարձել է աշխարհի խոշորագույն հրապարակային նավթային կազմակերպությունը:

Ակնհայտ է, որ ակտիվների կոնսոլիդացմամբ (որն առանց ՌԴ իշխանությունների իմացության ու օժանդակության չի կարող լինել) Ռուսաստանում ձգտում են «Ռոսնեֆթը» դարձնել համաշխարհային նշանակության էներգետիկ գիգանտ:

Այս համատեքստում էլ կարելի է բացատրել, թե ինչով է պայմանավորված «Բաշնեֆթի» նկատմամբ ռուս իրավապահների հետաքրքրությունը: Այդ ընկերությունը հանդիսանում է մոտ երկու տասնյակ ընկերությունների սեփականատերը, որոնք գործունեություն են ծավալում նավթի արդյունահանման, վերամշակման, տեղափոխման բնագավառում: Առկա միտումների պայմաններում դժվար չէ գլխի ընկնել, թե ով է ներկայումս հարուցված քրեական գործի իրական շահառուն եւ որն է նպատակը:

Նշված ենթադրությունը հիմնավորվում է նաեւ այն պարզ իրողությամբ, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Լեւոն Հայրապետյանը միակ կալանավորված անձն է: Գործարքի մյուս մասնակիցներն ընդամենը վկայի կարգավիճակով են հարցաքննվում: Արտաքուստ այս իրավիճակը կարող է տարօրինակ թվալ. ինչպե՞ս կարելի է տասնյակ միլիարդավոր արժեքով ակտիվների առուվաճառքի գործի շրջանակներում փողերի լվացման հիմնավոր կասկած ունենալ եւ բավարարվել միայն միջնորդի կալանավորմամբ, ով ըստ ռուսական մամուլի՝ իր ծառայությունների դիմաց վաստակել է միայն 50 մլն դոլար: Բայց սա Ռուսաստանն է: Ըստ ամենայնի՝ ռուս իրավապահներին հետաքրքրում են ոչ թե Լեւոն Հայրապետյանի վաստակած գումարները, այլ ցուցմունքները:
Բոլոր հիմքերը կան՝ ենթադրելու, որ ռուս իրավապահներին չի հաջողվել գործը «կարել» բացառապես ունեցած հանգամանքների ու փաստերի հիման վրա, եւ նրանք «անհրաժեշտ ցուցմունքների» կարիք ունեն: Ու հավանաբար Լեւոն Հայրապետյանի դժբախտությունն այն է, որ «Բաշնեֆթի» առուվաճառքի ողջ շղթայում ամենաթույլ օղակը ինքն է: Մուրտազա Ռահիմովը չափազանց բարձր դիրք է ունեցել նման դերում չներգրավվելու համար, նրա որդին ապրում է Ավստրիայում եւ անհասանելի է ռուս իրավապահների համար, իսկ մյուս կողմում «Սիստեմա» խումբն է՝ Վլադիմիր Եվտուշենկովի գլխավորությամբ:

Ակնհայտ է, որ թույլ օղակը Հայրապետյանն է: Մանավանդ, որ առկա են առողջական խնդիրներ (ռուս իրավապահները հավանաբար ենթադրել են, որ առողջական խնդիրներից ելնելով՝ Լեւոն Հայրապետյանը շատ արագ որոշում կկայացնի համագործակցել իրենց հետ):

Դատելով առկա տեղեկություններից՝ Լեւոն Հայրապետյանը գործարքին չի համաձայնել եւ «անհրաժեշտ ցուցմունքներ» չի տվել: Այդ մասին է վկայում նաեւ Լեւոն Հայրապետյանի փաստաբան Սերգեյ Անտոնովի հայտնած տեղեկությունը. ռուս իրավապահները փորձել են փաստաբանին որպես վկա ներգրավել գործում: Սա, բնականաբար, արվում է Լեւոն Հայրապետյանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:

Արտաքին նշաններից դատելով՝ սա էլ չի ազդել Լեւոն Հայրապետյանի վրա: Այնպես որ՝ չի բացառվում, որ առաջիկայում ռուս իրավապահները կարող են դիմել ավելի ծայրահեղ քայլերի: Սակայն խաղը ռիսկային է: Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակն այնպիսին է, որ ռուս իրավապահները ճնշումների ազդեցությամբ կարող են ստանալ ոչ թե գործարք, այլ երկրորդ Մագնիտսկի:

Ա. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031