Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջակցություն ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի արդյունքների ամփոփում

Օգոստոս 11,2014 17:56

Առանց թունանյութերի ազնվամորի Արայի համայնքում

Այսուհետ Արագածոտնի մարզի Արայի համայնքում կաճեցվեն ազնվամորու և ելակի նոր տեսակներ: Եվրոպական միության աջակցությամբ «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հկ-ն «Ակցիա սովի դեմ» միջազգային հիմնադրամի հետ համատեղ Արագածոտնի մարզի Արայի համայնքի հիմնել է փորձացուցադրական տնտեսություն: 15 կանանցից բաղկացած խումբը մշակել է ազնվամորու նոր արդյունավետ տեսակներ:

Ծրագրին ներգրավվել են ոչ միայն Արայի 15 կանայք, այլև Արայի 5 հարակից համայնքները, որտեղ 20 կանայք նույնպես զբաղվել են հատապտուղների մշակությամբ: «Այս 1,5 տարվա ընթացքում մենք կանգնած էինք կանանց կողքին՝ սկսած հողի նախապատրաստական աշխատանքներից, տնկիների ձեռքբերման, մշակության աշխատանքներից: Մենք ծրագրում ընդգրկված կանանց համար կազմակերպել ենք դասընթացներ հիմնականում ազնվամորու, նաև ելակի՝ առանց թունանյութերի մշակման վերաբերյալ: Ծրագրի շնորհիվ ստեղծվել է ֆերմեր-տեղական ինքնակառավարման մարմիններ-հասարակական կազմակերպություն համագործակցության շատ լավ օրինակ»,- նշեց «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հկ-ի նախագահ Նունե Սարուխանյանը:

Ոմանք այս տարի արդեն առաջին բերք են ստացել: Տեղական ազնվամորու բերքահավաքն արդեն ավարտված է, մինչդեռ այն տեսակները, որոնք առաջարկվել են ծրագրի շրջանակներում, մինչև խոր աշուն բերք կունենան: Ամբողջ տարածաշրջանում արդեն բոլորը գիտեն, որ Արայի համայնքում մշակվում է առանց թունանյութերի ազնվամորի:

Օգոստոսի 11-ին Արայի համայնքի փորձացուցադրական տնտեսությունում ամփոփվեցին «Աջակցություն ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի արդյունքները: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. հունվարին և ավարտվել սույն թվականի հուլիսի 7-ին: 18-ամսյա ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից 133,943 եվրոյով: «Աջակցություն ՀՀ Արագածոտնի մարզի գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի նպատակն էր բարձրացնել Արագածոտնի մարզի կարիքավոր ֆերմերների և տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության մակարդակն ու կարողությունը առաջադեմ և կայուն գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտում:

ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը դարձյալ ուրախ էր հանդիպել ծրագրում ներգրավված կանանց: «Շնորհակալ եմ, որ դարձյալ ինձ հրավիրել եք Արայի համայնք: Ուրախ եմ, որ ազնվամորին և ելակը արդեն տվել են առաջին պտուղները: Սովորաբար մարդիկ կարծում են, թե Եվամիությունը համագործակցում է միայն նախարարությունների հետ, սակայն ուզում եմ ասել, որ համայնքների հետ համագործակցությունը մենք առավել շատ ենք կարևորում: Սա Եվրամիության կողմից տրվող փոքր դրամաշնորհների կատարյալ օրինակ է:

Մենք ուրախ ենք տրամադրել ֆինանսական աջակցություն հատկապես համայքներում փոքր բիզնեսի զարգացման համար: ԵՄ-ի նպատակն է օգնել մարդկանց, որպեսզի նրանք սովորեն օգնել իրենց: Առաջին անգամ, երբ մենք հանդիպեցինք 18 ամիս առաջ, ես կանանց աչքերում թերահավատություն տեսա, սակայն այսօր կարող եմ ասել, որ մենք արեցինք դա, ավելի ճիշտ, դուք արեցիք դա»,- նշեց նա:

Ծրագրում ներգրավված 6 համայնքներում ստեղծվել են 34 փոքր տնտեսություններ, որտեղ կիրառվել են առաջավոր տեխնոլոգիաներ՝ հիմք դնելով ազնվամորու շպալերային տնկարկների հիմնմանն ու ելակի մուլչապատման եղանակով մշակությանը:

Արայի համայնքի ղեկավար Էդիկ Պետրոսյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և, հատկապես, եվրամիությանը իրենց համայնքում նմանատիպ ծրագիր ֆինանսավորելու համար:

Ծրագրի շրջանակներում շահառու կանանց տրամադրվել են տնկիներ, գյուղատնտեսական գործիքներ, արտահագուստ, օրգանական պարարտանյութեր, փաթեթավորման սարքավորումներ, տարաներ և այլն: Բացի տարածաշրջանի ֆերմերներին աջակցելուց, Արագածոտնի մարզում վերապատրաստվել են տեղական 6 մասնագետներ հետևյալ թեմաներով՝ գյուղատնտեսական տեխնիկա, օրենսդրական և շրջակա միջավայրի խնդիրներ:

Մենք շրջեցինք ծրագրի շահառուներից երեքի՝ Անահիտ Գրիգորյանի, Շողիկ Մելքոնյանի և Գոհար Պետրոսյանի տնամերձերում և համոզվեցինք, որ ազնվամորու նոր տեսակն իսկապես համեղ է և հյութեղ:

Շահառու կանայք պատրաստվում են մեծացնել ազնվամորու այգիները: Նրանք նաև կմասնակցեն հոկտեմբերի Երևանում կայանալիք մեծ փառատոնին, որ կազմակերպում է «Կանաչ արահետ» հկ-ն, և կներկայացնեն իրենց աճեցրած ազնվամորին նոր փաթեթավորմամբ և գեղեցիկ պիտակներով՝ «Թարմ ազնվամորի Արայի համայնքից», ինչպես նաև ազնվամորուց պատրաստած մուրաբան և գինին:

«Փաբլիսիս հեպտա» ընկերության մեդիա բաժնի պատասխանատու Լուսինե Սաֆարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031