Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Որեւէ մեկը, հատկապես լրատվամիջոցները տեսնո՞ւմ են սոցիալ-տնտեսական կյանքում դրական փոփոխություններ». «Ժամանակ»

Օգոստոս 22,2014 10:41

«Ժամանակի» զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

– Արդյոք ստեղծված իրավիճակում չե՞ն փոխվում նաեւ ներքաղաքական առաջնահերթությունները։ Քառյակը 12 պահանջ է ներկայացրել իշխանություններին, որոնք չկատարելու դեպքում հանրահավաքներ կլինեն։ Այդ ամենը չի՞ մղվում երկրորդ պլան, երբ կա անվտանգության հարց։

– Ես չեմ կարծում, թե նման երեւույթ առկա է։ Նման պարագայում մոբիլիզացվելը ցանկացած նորմալ պետության մեջ դրական երեւույթ է, բայց եթե սա չխթանի մեր քաղաքական այրերի վարքագիծը տնտեսության մեջ, ներքաղաքական կյանքում…Վերջապես այն, ինչ այսօր տեղի է ունենում, գոնե վերջին մեկ տարվա ընթացքում ամբողջ, համաշխարհային ասպարեզում, ցույց է տալիս մեկ բան, որ գերտերությունների համար մեր պետությունների նման պետությունները այն դաշտերն են, որտեղ նրանք իրենց փորձերն են անցկացնում։

Աստված մի արասցե, եթե ոմանք մտածեն, որ իշխանությունը կարելի է պահել այդ գնով՝ ստեղծել նմանատիպ հակամարտություններ, ասել՝ պատերազմն առջեւում է, եւ փորձեն դրանով ուղղակի իշխանություն երկարաձգել։ Ես կարծում եմ, որ սա անպտուղ պահվածք կլինի։

– Գուցե նման սցենար լինի ընդդիմադիրների կողմից, երբ նախորդ ընտրություններից հետո ԲՀԿ-ն նորից դարձավ կոալիցիայի մաս, հայտարարեց, թե կա Ղարաբաղի հարց, իսկ այն ժամանակ իրավիճակը դեռ այսքան լարված չէր։

– Բացառվում է նման բան շատ պարզ պատճառով. գալիս է մի սահման, որից այն կողմ հենց այդ նույն անվտանգությունն ապահովելու համար երկրի
տնտեսական վիճակը պետք է բարվոք լինի։ Անընդհատ շահարկելով անվտանգության խնդիրը՝ անելով գործողություններ, որոնք արդեն վաղը անշրջելի կդարձնեն ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում մեր կորուստները՝ արդեն վտանգավոր է։ Այն ժամանակ մենք դեռ այս սոցիալ-տնտեսական շեմին չէինք հասել, հիմա Հայաստանը դատարկվում է։

Եվ եթե չշարունակվի իրավիճակի փոփոխությունը, վաղը մենք կկանգնենք փաստի առաջ։ Այս միջադեպը պատճառ դարձավ, որ այն տղաները, որոնք Հայաստանից արտաքսվել էին՝ եկան, բայց մեկ-երկու, ու այդ տղաներն իրենց ունեցած ողջ պոտենցիալն ուղղելու են հենց իշխանությունների դեմ, ես կուզենայի, որ սրան չհասներ։

Որեւէ մեկը, հատկապես լրատվամիջոցները տեսնո՞ւմ են սոցիալ-տնտեսական կյանքում դրական փոփոխություններ։ Ցավոք սրտի, դա տեսանելի չէ, ու հիմա, ամեն անգամ վատթարացնելով վիճակը՝ պատճառաբանել, թե մենք չենք կարող ներսում գործողություններ սկսել, որովհետեւ դրանով վտանգում ենք Ղարաբաղի անվտանգությունը՝ դառնում է ինքնանպատակ եւ կարող է հանգեցնել նրան, որ իշխանությունները իրենց պահպանելու համար հենց իրենք նախաձեռնեն նման կոնֆլիկտներ՝ առանց հաշվի առնելու, որ դա աններելի սխալ է։

Դրա համար ես կարծում եմ, որ հիմա քաղաքական ուժերը պարտավոր են ամեն ինչ անել, որ փոխեն երկրում վիճակը։ Այդ վիճակն արդեն օրհասական է։ Վերամբարձ խոսքեր ասելով, գեղեցիկ խոսքեր հնչեցնելով՝ երկրի վիճակը չի փոխվում։ Մենք տեսնում ենք, որ որեւէ բնագավառում առաջխաղացում՝ որպես այդպիսին չկա։ Մենք 99 տոկոս անընդհատ կորուստ ենք տալիս, այդ կորուստների պայմաններում մտածել, որ ժողովրդին պետք է մոբիլիզացնել անվտանգության շուրջ, ու վաղը այդ նույն մոբիլիզացիան տեղի չունենա՝ նշանակում է մենք հակառակը, վտանգում ենք Ղարաբաղի անվտանգությունը։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031