Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանի ասուլիսը` բերքուբարիքով (Տեսանյութ)

Օգոստոս 22,2014 15:30

Այս օրերին, փլուզումով պայմանավորված, Վերին Լարսի ճանապարհի փակ լինելը մեծ խոչընդոտ է հայկական ապրանքների արտահանմանը: Այսօր գյուղատնտեսության նախարարությունում գյուղնախարար Սերգո Կարապետյանը պատասխանելով հարցին, թե Վերին Լարսի պատճառով ինչ վնասներ կկրենք, ասաց, որ երբ նախորդ անգամ Լարսը փակվել էր, արտահանողների համար խնդիրներ առաջացան: Այս անգամ, ըստ նախարարի, արտահանվող միրգ- բանջարեղենը կպահվեն սառնարաններում՝ մինչեւ որ ճանապարհը կբացվի: Սերգո Կարապետյանի հույսը Վրաստանի վարչապետի` մեր երկրի վարչապետին երեկվա տված խոստումն էր` 10 օրից Վերին Լարսը կբացվի:

Գյուղնախարարությունն իր 7 ամիսների ամփոփիչ ասուլիսին պատրաստվել էր մրգեղենի զամբյուղներով` հավատացնելու համար, որ մեր երկրում մրգերի դեֆիցիտ ամենեւին էլ չկա, ինչպես որ ներկայացնում են լրատվամիջոցներն ու գյուղացիները:

gyux

gyux-2

Սերգո Կարապետյանն ասաց, որ ճիշտ է, նախորդ տարվա համեմատությամբ ծիրանի բերքը մի քանի հազար տոննայով քիչ է, բայց փոխարենը դեղձն է առատ: Այս տարի արդեն արտահանել ենք 780 տոննա դեղձ, ինչը 300 տոննայով ավելի է նախորդ տարվա արտահանման ծավալներից:

Գյուղնախարարը վստահեցնում է, որ մեր երկիրը Ռուսաստանի շուկա մտնելու խնդիր չունի եւ մեր պտուղ-բանջարեղենն այնտեղ մեծ պահանջարկ ունի. «Նախկինում էլ մեր պարենային ապրանքների 70 տոկոսն արտահանել ենք Ռուսաստան»: Նախարարի տվյալներով՝ այս տարի կարտահանենք 6-7 հազար տոննա ձուկ:

Ըստ գյուղնախարարի, հատկապես պահանջված են հայկական արտադրության երշիկեղենը, ձկնամթերքը, այն բանից հետո, երբ նորվեգական ապրանքների մուտքը Ռուսաստան արգելվեց:

Aravot.am-ի հարցին, թե այսօր գյուղացիներն այնքան չեն դժգոհում բնական աղետներից, որքան նրանց անհանգստացնում է ոռոգման խնդիրը, քանի որ մի շարք գյուղերում ջուրը դեֆիցիտ է գետերի վրա կառուցված ՀԷԿ-երի պատճառով, որոնք նախատեսվածից ավելի են ջուր վերցնում, պարոն Կարապետյանն ասաց, որ իսկապես գյուղացին ունի ոռոգման ջրի խնդիր: Նա մատնացույց արեց Հոկտեմբերյանի տարածաշրջանի գյուղացիական տնտեսություններին, որոնց ոռոգման հարցն այս տարի նախարարությունը որոշ չափով լուծել է` գյուղացիներին հերթացուցակով ջուր մատակարարելով: ՀԷԿ-երի մասով նախարարը ոչինչ չպատասխանեց:

 

Սերգո Կարապետյանը, ամփոփելով անցած 7 ամիսների արդյունքները, ասաց, որ ցորենի սերմարտադրության ծրագիրը հաջողվել է, չհաշված մի շարք գյուղացիների դժգոհությունները, որոնք ցորենը ցանել էին, սակայն այդպես էլ բերք չէին ստացել: Նախարարն ասաց, որ այդ ծրագրի շնորհիվ պարենային անվտանգության հարց ենք լուծել եւ արդեն ցորենի մասով ինքնաբավ ենք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031