Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց «Միասին-2014» կրթական ֆորումի մասնակիցների հետ

Օգոստոս 26,2014 11:09

Օգոստոսի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելեց «Սեւան» ազգային պարկի տարածքում «Միասին» երիտասարդական շարժման կողմից կազմակերպված «Միասին-2014» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: ԱԺ նախագահին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Նաիրա Կարապետյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը:

Նշենք, որ հավաքն անցկացվում է արդեն վեցերորդ տարին: Հավաքին այս տարի մասնակցում է 500 երիտասարդ՝ Երեւանից եւ ՀՀ մարզերից: Ճամբարը տեւելու է 7 օր: Օրակարգը հագեցած է տարբեր խաղերով, դասընթացներով եւ ժամանցային ծրագրերով:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շրջեց ճամբարի տարածքում, զրուցեց ճամբարականների հետ: Ճամբարի պատասխանատուները ԱԺ նախագահին ներկայացրին մասնակիցների առօրյան ու ճամբարի անցուդարձը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ունկնդրեց երաժիշտների ջոկատի կատարումը, այնուհետեւ հետեւեց շախմատիստների ջոկատի խաղին:

Ողջունելով երիտասարդներին՝ ԱԺ նախագահը «Միասին» շարժումը համարեց հզոր գաղափար եւ նկատեց, որ նման միջոցառումների ընթացքում երիտասարդները կարողանում են բացահայտել իրենց կարողություններն ու ինքնադրսեւորվել: Օրենսդրի ղեկավարի կարծիքով՝ միայնակ մարդը միշտ էլ անզոր է, իսկ բազմությունը՝ ուժեղ: Այս համատեքստում պարոն Սահակյանը հորդորեց երիտասարդներին լինել միասին ու միաբան, քանի որ հայրենիքի ու պետության շահերը դա են պահանջում: «Մենք ժամանակին հաղթահարել ենք շատ խոչընդոտներ հայրենիքի ազատության նվաճման համար, իսկ հիմա դերակատարությունը ձերն է: Հայրենիքի հզորացման հետագա ճանապարհը հեշտ չի լինելու, բայց դա լինելու է նաեւ հպարտության ճանապարհ: Իսկ դուք արդեն արարման ճանապարհին եք, որտեղ պետք է լինեք խրոխտ, ուժեղ եւ միաբան»,- նշեց Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ երիտասարդների նկատմամբ ուշադրությունը ցանկացած քաղաքական ուժի, առավել եւս իշխանությունների համար առաջնահերթություն է: Խորհրդարանի ղեկավարը երիտասարդներին խորհուրդ տվեց լավ ընտանիքներ կազմել, քանի որ հայրենիքը սկսվում է ընտանիքից:

ԱԺ նախագահի եւ ճամբարականների միջեւ ծավալված ջերմ ու անկաշկանդ զրույցի ընթացքում պարոն Սահակյանը պատասխանեց նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին, պետական կառավարման մարմիններում երիտասարդների ներգրավվածությանը, երիտասարդների աշխատանքի ապահովման խնդիրներին եւ այլն:

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031