Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդամենը 72 ժամ` խելքի եւ ուշքի գալու համար

Սեպտեմբեր 06,2014 12:30

Ահա այսքան սեղմ ժամանակ ունի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը
մինչեւ «ԵՎՐՈ 2016»-ի ընտրական փուլի` Դանիայի ազգային ընտրանու դեմ հանդիպումը:

Հայկական առածը պնդում է, որ ճտերն աշնան են հաշվում: Հետեւաբար, արդեն աշուն է, եւ վերջապես եկել է ժամանակը` հասկանալու, թե ի՞նչ կարող էր տալ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին ալեհեր Բեռնար Շալանդը` շվեյցարացի ճարտասանը, բայց եւ ոչ պակաս հայտնի ֆուտբոլային մասնագետը, ում պրոֆեսիոնալիզմի եւ նորարարական գաղափարների ձոներգերն էր փողփողում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ): Ի՞նչ կարող էր անել Հայաստանում շվեյցարացին. ի՞նչ չարեց շվեյցարացին առ այսօր….

Ներկայումս ստեղծված իրավիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ: Ի՞նչը կարող է թույլ տալ հայ երկրպագուներին հույսեր ունենալ, որ Կոպենհագենում Հայաստանի այս ընտրանին կարող է գոնե նվազագույն առավելության հասնել դանիացիների նկատմամբ (դե իսկ 4-0 հաշվով պատմական հաղթանակի կրկնության մասին այսօր դժվար է անգամ երազել): Վերոնշյալ մի խումբ հարցերի պատասխանները գտնելը ոչ ոք հանձն չի առնի. անգամ ճարտասան Բեռնար Շալանդը դժվարությամբ կկարողանա պատասխաններ գտնել այդ հարցերին: Կարծում ենք` արդեն ժամանակն է վերջնարդյունք պահանջելու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչից: Հաղթի՛ր, կամ հեռացի՛ր. սա է նշանաբանը:
Այժմ հարկ է խոսել Ռիգայում տեղի ունեցածի մասին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Լատվիայում կայացած ընկերական խաղում ուղղակի 0-2 հաշվով զիջեց Լատվիայի ընտրանուն: Խաղային առումով հայերը, գուցե վատ չէին գործում, սակայն Բեռնար Շալանդի գլխավորությամբ Հայաստանը արդեն որերորդ անգամ չկարողացավ խաղային առավելությունը, գրոհների սրությունը վերածել մնայուն արդյունքի` գոլի: Իսկ թե ինչո՞ւ այդպես ստացվեց, երեւի թե միայն Բեռնար Շալանդը գիտի:

«Ես շատ հիասթափված եմ արդյունքից, բայց ոչ մեր թիմի խաղից: Ֆուտբոլը հասարակ խաղ է, եւ եթե դու գոլ չես խփում, պարտվում ես: Մեր ֆուտբոլիստները վեց անգամ մնացին դարպասապահի դեմ մեն-մենակ եւ գոլ չխփեցին: Հետեւանքը պարտությունն է»,- ահա այս պարզ ու ծեծված միտքն արտահայտեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Ավելին՝ Բեռնարդ Շալանդի պնդմամբ՝ Լատվիան պայքարեց մինչեւ վերջ եւ հաղթեց: Դե իսկ մի՞թե Հայաստանի հավաքականը մինչեւ վերջ չի պայքարել: Եթե այո, ապա ինչո՞ւ: Եթե ոչ, ապա ի՞նչն է 0-2 հաշվով պարտության պատճառը: Սպասենք Բեռնար Շալանդի պատասխանին. այն ուր որ է կլինի:

«Մենք ունեինք խնդիրներ հարձակման գծում՝ կապված Մովսիսյանի եւ Օզբիլիսի բացակայության հետ, բայց կարծում եմ, որ մենք լավ խաղացինք: Ունեինք խաղային եւ տարածքային առավելություն, ունեինք գոլ խփելու մի շարք հնարավորություններ: Այսօր մեր օրը չէր, եւ ես պետք է ընդունեմ պարտությունը: Նույնիսկ այսպիսի խաղից հետո մենք պետք է պահպանենք վստահությունը, լինենք դրական տրամադրված, քանի որ խաղի տեսանկյունից մենք ավելի լավ խաղացինք, բայց չկարողացանք գոլ խփել եւ հաղթել»,- ահա այսպիսի լավատեսական ու լուսավոր կարծիք հայտնեց պարտված, բայց միեւնույն է դեռ հմուտ ու բազմափորձ շվեյցարացին:

Հայաստանի հավաքականի թիմային նոր դասավորությունը եւս շվեյցարացու սրտով էր, թեպետ պարտության արդյունքը, ըստ մարզչի, դա չէր. «Սպասելիքներս արդարացան: Շատ կարեւոր է, որ ֆուտբոլիստները հեշտ կիրառեն տարբեր դասավորություններ: Եթե մենք նախկինում խաղացել ենք «4-2-3-1» դասավորությամբ, այժմ ես ցանկացա փորձել այլ դասավորություն: Հավանաբար տեղյակ եք, որ մենք ապրում ենք «Ալբերտ Այնշթայն» հյուրանցում, եւ հենց նա ասել է՝ «Գիտելիքի միակ աղբյուրը՝ փորձն է»: Սա նույնպես փորձ էր մեզ համար: Հիմնվելով այս փորձի վրա՝ կարող ենք որոշել՝ ինչպես խաղանք Դանիայի դեմ: Ես դեռ չեմ որոշել ինչպես, բայց արդեն պատրաստ եմ խաղալ երկու ձեւով: Այսօրվա պարտությունը՝ դասավորության պատճառով չէր»:

Հետաքրքիր է, թե ի՞նչ նոր փորձարկում կկիրառի շվեյցարացին իր ֆուտբոլիստների եւ հայ ֆուտբոլասերների համբերության շնորհիվ: Ինչեւէ, Աստված տա, որ այս փորձարկումների շրջանն ավարտվի, իսկ Հայաստանի ազգային հավաքականը սկսի արդյունք բերել:
Այո՛, Հայաստանի հավաքականը խաղի ընթացքում տիրում էր նախաձեռնությանը (միայն հունական «Օլիմպիակոսում» քննություն բռնած Գեւորգ Ղազարյանը առաջին կեսում 3 լավ ու հիանալի պահ ուներ, սակայն երեք անգամ էլ անհաջող հարվածեց): Արդեն երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Ինչեւէ, խաղային առումով հայկական կողմը վատ չէր դիտվում, բայց արդյունքը….
Լատվիացիներն իրենց հերթին երեք վտանգավոր պահ ունեցան, որից երկուսը պսակվեցին հաջողությամբ: Դուբլի հեղինակ դարձավ Վալերի Շաբալան, ով նախ հանդիպման 16-րդ, ապա նաեւ 75-րդ րոպեներին գրավեց Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը:
Արդյո՞ք այդ երկու գոլերն էլ հայկական կողմի պաշտպանների սխալի արդյունքը չէին: Այս հարցի մասին եւս Բեռնարդ Շալանդն իր մոտեցումն ունի. «Մենք ունեինք խնդիրներ միայն ստանդարտ իրավիճակների ժամանակ, քանի որ Լատվիայի հավաքականը լավ էր խաղում երկրորդ հարկում. այդ թիմում խաղում են բարձրահասակ ֆուտբոլիստներ: Որպես մեր կառուցողական խաղի օղակ՝ սկզբում շատ էին գնդակի կորուստները: Բայց կրկնեմ եւս մեկ անգամ, այսօրվա արդյունքը պաշտպանության բացթողումը չէ: Եթե դու ունես վեց հնարավորություն, հավանական 11-մետրանոց, գնդակը հարվածից հետո դիպչում է դարպասաձողի… եւ գոլ ես բաց թողնում, դա պաշտպանության բացթողումը չէ: Չեմ կարող ասել, որ այսօր շատ խնդիրներ ունեինք նույնիսկ Արզումանյանի բացակայության պարագայում»:

Փաստորեն, երկու գոլերը խփվել են հայ պաշտպանների գերազանց գործելու արդյունքում: Այդպես է ստացվում, այնպես չէ՞: Իսկ մի՞թե պաշտպանության գերազանց խաղը չի բերում նաեւ դարպասի անառիկության երաշխիք: Գո՞ւցե սխալվում ենք, իսկ գո՞ւցե….
Հարկ է հասկանալ, թե ինչպիսի իրավիճակ է Հայաստանի հավաքականի հարձակման գծում. դեռ երկար չեն խաղալու Արաս Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը: Այս հարցում էլ Բեռնարդ Շալանդը յուրօրինակ մոտեցում ունի, որի մասին հայտնել է Լատվիա-Հայաստան ընկերական խաղից հետո (շվեյցարացու խոսքերը տեղադրված են ՀՖՖ-ի պաշտոնական կայքում). «Մենք չունենք երկրորդ Մովսիսյան: Մենք ունենք այլ հարձակվողներ: Այժմ ժամանակն է, որ մյուսները ցույց տան իրենց: Ես աշխատում եմ պահպանել տղաների մեջ վստահությունը, քանի որ եթե ես հիմա բողոքեմ, որ ինչ-որ մեկը բացակա է, դա ոչինչի չի բերի: Մաուրո Գեւգեոզյանը չի գալու հիմա: Նա զբաղված է Հարավային Ամերկայում. երկար ճանապարհ պետք է անցներ: Իհարկե խնդիր է: Եթե հնարավոր լինի, որ Մաուրոն խաղա, նա կխաղա»:

Իսկ հետաքրքիր է, թե բացի Մաուրոյից էլ ու՞մ թեկնածությունն է քննարկում շվեյցարացին: Ամենից ինտրիգայինն այն է, թե ի՞նչ կա Բեռնարդ Շալանդի մտքում: Մի՞թե նա կլինի հենց այն մասնագետը, ում տարիներ անց ,փառք ու պատիվ կտանք…. Աստված առաջ….
Ինչեւէ, Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը նշանակված է սեպտեմբերի 7-ին. Կոպենհագենում, Դանիայի ընտրանու դեմ խաղով Հայաստանի հավաքականը կմեկնարկի «ԵՎՐՈ-2016»-ում, դեռ ընտրական փուլում…. Իսկ թե արդյո՞ք Հայաստանի ազգային հավաքականում կան այլ խնդիրներ. այդ մասին կասեն արդեն դանիացիները….
Այս խաղում Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս արտագնա հանդիպումների համար նախատեսված ավանդական սպիտակ, բայց փոքր-ինչ ձեւափոխման ենթարկված, նոր մարզահագուստով: Ցավոք, նոր մարզահագուստը բաղձալի հաղթանակ չպարգեւեց հայկական կողմին:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԾԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930