Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. Պետք է գնալ, մասնակցել, կռիվ տալ սեփական շահերի համար. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 06,2014 10:20

Հարցազրույց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ

-Այս օրերին փութաջանորեն քննարկվող հիմնական թեմաներից մեկը հետեւյալն է. նախագահ Սերժ Սարգսյանը ճի՞շտ արեց՝ իր մասնակցությունը բերելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, թե՞ դաշնակից Ռուսաստանին «չզայրացնելու» համար պետք է ձեռնպահ մնար դրանից՝ նկատի ունենալով սույն միջոցառման «հակառուսական» ուղղվածությունը։

-Հարցը բաժանենք երկու մասի։ 3 օր շարունակ տարբեր լրատվամիջոցներում անընդհատ կրկնվող այդ հարցադրումները թե ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հիմնական թիրախը Ռուսաստանն է, եւ այս պարագայում որքանո՞վ նպատակահարմար էր Հայաստանի մասնակցությունը այդ ֆորումին, առնվազն լուրջ չեն։ Ժամանակն է գիտակցել, որ Հայաստանը ինքնիշխան երկիր է, որն ունի իր սեփական շահերը, որոնցով պետք է առաջնորդվի։
Իսկ թե ով ինչ ծրագրեր ունի՝ այս կամ այն միջոցառման հետ կապված, ի՛ր խնդիրն է. մասնակցությունը հենց նրա համար է, որ գնաս, կռիվ տաս, ելույթներ ունենաս, հանդիպես գործընկերների հետ, բանակցես, բացատրես, ներկայացնես քո երկրի շահերը եւ փորձես սեփական քաղաքականությունն առաջ տանել։ Այլապես կհայտնվես մարտից հետո բռունցքները թափահարողի վիճակում։
Այդ առումով շատ ողջունելի է, որ Հայաստանը վերջին 3 գագաթաժողովների չմասնակցելուց հետո ի վերջո գնաց, մասնակցեց եւ հենց իր մասնակցությամբ փորձեց հետամուտ լինել սեփական շահերին։

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ ուներ ամենաբարձր քաղաքական համագործակցության ձեւաչափ։ Այդ ձեւաչափը մի անգամ բացվեց, հետո փակվեց, վաղը տարբեր խնդիրներից ելնելով՝ կարող է նորից բացվել, նորից փակվել. Հայաստանը հո չի՞ կարող ամեն անգամ «հարմարեցնել» իր մոտեցումները ռուսական կողմի շահերին։ Վերջապես սովորենք մեր շահերով առաջնորդվել՝ հերի՛ք է մտահոգվել ուրիշների խնդիրներով։

Իմ համոզմունքն այն է, որ Հայաստանը միշտ պետք է մասնակցի ցանկացած միջազգային ֆորումի, որտեղ մեր շահերին այս կամ այն կերպ առնչվող փաստաթղթեր են ընդունվում։ Չմոռանանք նաեւ, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը 2004 թվականից ի վեր դինամիկ զարգանում է, 2010թ. Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ խաղաղարար գործողությունների է մասնակցում։ Այս գագաթաժողովում ամբողջ մի օր նվիրված էր ՆԱՏՕ-Աֆղանստան հարաբերություններին, ինչը կարեւոր է մեզ համար, որովհետեւ մենք այնտեղ ունենք խաղաղապահ ուժեր։

Այս պարագայում ուղղակի զարմանալի է, որ ինչ-որ մեկի մեջ ընդհանրապես նման հարց է առաջանում՝ պե՞տք էր մասնակցել, թե՞ ոչ։ Ուրախ եմ, որ Հայաստանը ճիշտ գնահատեց իրավիճակը՝ հասկացավ, որ բոյկոտելով, չմասնակցելով որեւէ կերպ չենք նպաստում մեր խնդիրների լուծմանը։

-Իսկ գո՞հ եք Սերժ Սարգսյանի ելույթի շեշտադրումներից։

-Բնականաբար։ Ով ինչ ուզում է ասի, ելույթի տեքստը բավական լավ էր նախապատրաստված՝ շատ ճիշտ, ազդեցիկ շեշտադրումներ էին արված։ Ինչ-որ չափով դա նման էր Յասեր Արաֆաթի հայտնի ելույթին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որտեղ նա ասում էր՝ եկել եմ այստեղ, մի ձեռքիս մեջ խաղաղության աղավնի է, մյուս ձեռքիս՝ զենք, եւ ձեր որոշումից է կախված. կարող եմ զենքը բարձրացնել, կարող եմ՝ խաղաղության աղավնին բաց թողնել։
Միաժամանակ, գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել տարբեր ձեւաչափի հանդիպումներ, բանակցություններ։ Վստահ եմ, եթե այսպիսի աշխատանք կատարվեր նաեւ նախորդ երեք գագաթաժողովների ժամանակ, չորրորդ անգամ ոնց էլ լիներ՝ կհասնեինք ինչ-որ արդյունքի։

-Թուրքիայի նորընտիր նախագահը գագաթաժողովից առաջ հասցրեց այցելել Ադրբեջան եւ հավակնոտ խոստումներ տալ Ալիեւին՝ խոստացավ ԼՂ հարցը մտցնել ՆԱՏՕ-ի օրակարգ։ Այն, որ ԱՄՆ պետքարտուղարը հենց գագաթաժողովի շրջանակներում «հանդիպեցրեց» Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, նշանակո՞ւմ է, որ Թուրքիայի ջանքերը ծառայել են իրենց նպատակին։

-Չեմ կարծում։ Դեռ մինչեւ գագաթաժողովը պաշտոնական Անկարան ասել էր, որ երդմնակալությունից անմիջապես հետո նախատեսված է երկու պաշտոնական այց՝ մեկը Հյուսիսային Կիպրոս, մյուսը՝ Ադրբեջան։ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու «եղբայրական Ադրբեջանին»։ Ուրիշ ի՞նչ պիտի ասեր՝ հո Արգենտինայի հարցերից չէ՞ր խոսելու Ալիեւի հետ։
Եվ այդ հայտարարությունը շատ ճիշտ արձագանք գտավ Հայաստանում՝ որ Թուրքիան իր այդ հայտարարությամբ սառեցրեց իր դերակատարությունը տարածաշրջանում։
Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցին, խնդիրը կարգավորվում է Մինսկի խմբի ձեւաչափում, եւ չեմ կարծում, թե Ֆրանսիան, Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները որեւէ ձեւով թույլ են տալու, որ ՆԱՏՕ-ն, առավել եւս Թուրքիան, վճռորոշ դերակատարություն ստանձնեն բանակցային գործընթացում։ Եթե Էրդողանը այդքան լավ տղա էր՝ թող հասներ Օբամայի հետ հանդիպման. նույնիսկ դա չկարողացավ անել, ուր մնաց՝ «քիթը խոթեր» Ղարաբաղի հարցի մեջ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930