Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտում» կրճատումներ են

Սեպտեմբեր 27,2014 15:00

Գործարանի հարկադիր պարապուրդում
գտնվող աշխատակիցներին «սեւ թուղթ են» ուղարկում

«Նաիրիտ» գործարանի հոգսը «թեթեւացնում են» աշխատակիցներ կրճատելով, այն էլ՝ պիտանի եւ գործունյա մասնագետների կրճատելով: Գործարանն արդեն 4 տարի է՝ չի աշխատում, սակայն պարապուրդում գտնվող աշխատակիցներին աշխատավարձեր է վճարում, իհարկե, երբ գումար են գտնում: Իսկ պարապուրդում գտնվողները վճարվում են իրենց աշխատավարձի 2/3 չափով:

«Առավոտի» տեղեկություններով՝ մի քանի օր է, ինչ գործարանի աշխատակիցները, որոնք հիմա հարկադիր պարապուրդի մեջ են, ծանուցագրեր են ստանում, որով ազդարարվում է նրանց՝ աշխատանքից ազատման մասին գույժը: Կրճատման տակ են ընկել 500-600 աշխատակիցներ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կրճատումները սկսվել են սեպտեմբերի 10-ից, իսկ կրճատման որոշումը գործարանի նախկին գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանի ձեռքի գործն է, այսինքն՝ այդ որոշումը Հախինյանն է կայացրել: Իսկ պարոն Հախինյանին աշխատանքից ազատելու որոշումը «Նաիրիտի» խորհրդի նիստում կայացվել է այս տարվա սեպտեմբերի 8-ին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների թիվն, իրոք, պետք էր նվազեցնել, սակայն ոչ լավ աշխատողների ու մասնագետների հաշվին. «Իրենք պահում են թոշակառուներին ու ձրիակերներին, իսկ լավ անձնակազմը՝ կրճատում: Իրենց ազգականներին պահում են, պիտանի բանվորին, քիմիկին, մեխանիկին՝ ազատում: Օրինակ՝ ինչո՞ւ Հախինյանն իր տարեց եղբայրներին գործից ազատման որոշում չի կայացրել, նրա 2 եղբայրներն էլ 70 տարեկանն անց են, մեկին՝ Ավագ Հախինյանին, որը թոշակառու է, դարձրեց վերակառուցման բաժնի ղեկավար, էն մյուս եղբայրն էլ գլխավոր էներգետիկի ծառայությունում է աշխատում: Հախինյան Հովհաննեսը 2011-ին երբ դարձավ տնօրեն, մոտ 50 նոր մարդկանց ընդունեց աշխատանքի, այն էլ էն դեպքում, որ գործարանը աշխատող չէր, վատ վիճակում էր, ու դրանք այն մարդիկ են, որոնք վարչական մասի աշխատողների ազգականներն են, ջահելներ, ոչ մասնագետներ: Սրանք 2-3 ամիս աշխատեցին, հետո ուղարկեցին հարկադիր պարապուրդի: Այ, այսպես է ուռճացվել «Նաիրիտի» աշխատակազմը, ու հիմա էդ ավելորդ մարդիկ, կարելի է ասել, առանց աշխատելու քանի տարի է՝ աշխատավարձ են ստանում՝ պարապուրդի աշխատավարձը: Այ, իրենք կրճատման տակ երբեք չեն ընկնի, որովհետեւ վերեւների բարեկամներն են, ու սրանք այն մարդիկ են, որոնք արտադրամասերում երբեք չեն եղել, ու ոչ ոք չգիտի էլ, թե ինչ գործ են արել վարչական մասում նստած: Ինչպե՞ս կարելի էր այդքան խնդիրներ ունեցող գործարանում նորից բերել, էն էլ անպիտան մարդկանցով լցնել: Ինչո՞ւ մի հատ չեն ուսումնասիրում կադրերը, որ դրել են՝ անխնա կրճատում են իրական աշխատող մարդկանց»:

Մեր աղբյուրների ներկայացմամբ՝ Հախինյանը գրեթե 50 տարի աշխատել է «Նաիրիտում». «Այս գործարանից տուն է ստացել, ավտո է ստացել, փոքրից աճել դարձել է տնօրեն, ու ո՞նց ձեռքը գնաց կործանվող գործարանն է՛լ ավելի կործանել ու գնալուց առաջ էլ աշխատողներին վատություն անել»:

Նշենք, որ պարոն Հախինյանը 2001 թվականին նշանակվեց գործարանի գլխավոր տնօրեն, իսկ իր նախորդը Վահան Մելքոնյանն էր:

Ինչ վերաբերում է մի քանի հարյուր աշխատակիցների կրճատմանը, ըստ էության, կառավարությունը, որը գործարանի մոտ 10% բաժնետերն է, ինչ-որ կերպ աշխատավարձերի կուտակվող պարտքերն է թեթեւացնում, ու միլիարդավոր պարտքեր ունեցող գործարանի համար աշխատակիցների կրճատում՝ աշխատավարձով, ինչպես ասում են՝ էլի բան է: Ընդ որում, գործարանում կրճատումներ են եղել նաեւ այս տարվա փետրվարին, ու կրկին հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին ծանուցագրեր էին ուղարկել աշխատանքից ազատման մասին: Այն ժամանակ կրճատվողներին տեղեկացնում էին, որ ապրիլ ամսից այլեւս չգնան աշխատանքի:
Նշենք, որ օրեր առաջ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում նախարար Երվանդ Զախարյանը «Նաիրիտի» հնարավոր վերագործարկման մասին քննարկման ժամանակ հայտարարել էր, որ գործարանի ապառքը կազմում է 102 միլիարդ դրամ, որից Միջպետական բանկի պարտքը՝ 63 միլիարդ 45 միլիոն դրամ, բյուջեին՝ 8 միլիարդ: Նույն քննարկման ժամանակ՝ սեպտեմբերի 19-ին, նախարարը հայտարարել է, որ գործարանում ձեւակերպված է եւ աշխատում է 2267 մարդ, որից 425-ը՝ ղեկավար կազմում, մասնագետները՝ 361, մնացածը բանվորներն են, հարկադիր պարապուրդում՝ 1365 մարդ: Այս թվերը դժվար թե վերջին օրերին կրճատված աշխատակազմի թիվն է, չնայած որ սեպտեմբերի 10-ից են ուղարկվում ծանուցագրերը:

Իսկ երբ փետրվարին կրճատումներ էին, աշխատակազմի դեռ չկրճատված կազմը 2437 էր, որից մոտ 670-ն անընդհատ աշխատող են, մնացածը՝ հարկադիր պարապուրդում:
Թե որքան մարդ է ազատվել աշխատանքից, ովքեր են կրճատվել, ներկայումս որքան աշխատող կա, անպիտան աշխատակիցներով կազմն ուռճացնելու մասին պարզաբանումները՝ գործարանի լրատվական ծառայությունից «Առավոտին» վստահեցրին, որ կլինեն առաջիկա օրերին:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930