Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարիտյանը համարյա ճշմարտանման «չլսելու տվեց»

Հոկտեմբեր 06,2014 23:45
chshmarityan

Այսօր զբոսաշրջության համաշխարհային օրն է, ու էկոնոմիկայի նախարարությունը, չգիտես ինչու, միջոցառում էր կազմակերպել Երեւանի երկաթգծի կայարանի միջանցքում: Ժամը 18.00-ին հայտարարված միջոցառումը սկսվեց մոտ 30 րոպե ուշացումով, բոլոր մասնակիցները սպասում էին նախարար Կարեն Ճշմարիտյանին. նախարարության աշխատակիցներից նրա ուշացումը պատճառաբանեցին` «խցանումների մեջ է, հիմա կգա»: Ասելուն պես Ճշմարիտյանը ժամանեց ու սկսվեց վարչապետի ու էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող հուշամեդալների, ոսկե մեդալների ու շնորհակալագրերի բաշխումը: Մեր երկրում զբոսաշրջության ոլորտում աշխատելն ու հաջողություններ գրանցելն, իսկապես արժանի է շնորհակալագրի, քանի որ, չնայած նրան, որ ոլորտի մասնագետները պնդում են, թե աճ են գրանցել, բայց Հայաստան զբոսաշրջիկ ներգրավելը գերբնական ջանքեր է պահանջում: Ընդ որում, ավելի մեծ ջանքեր են հարկավոր նույն զբոսաշրջիկին համոզել հաջորդ տարի էլ այցելի ու իր  ծանոթ-բարեկամներին էլ ուղարկի: Երեւի Ճշմարիտյանն իր ելույթում պատահական չասաց, որ զբոսաշրջության ոլորտում աշխատելը դժվար է:

Նախարարը նույնիսկ վստահեցրեց, որ ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է Հայաստանի տնտեսության այս ճյուղը:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ այս միջոցառմանը մասնակցելու են պատգամավորներ ու մարզպետներ, հավանաբար, այսպես էին ներկայացրել, ընդգծելու միջոցառման կարեւորությունը, կամ, գուցե լրագրողներին գայթակղելու համար էր ասված: Սակայն, միջոցառմանը 131 պատգամավորներից ու 10 մարզպետներից որեւէ մեկը չէր մասնակցում, երեւի, զբոսաշրջության ոլորտն իրենց չի էլ հետաքրքրում,կամ` երեւի «խառն են»` Եռյակը  իշխանափոխության հարց է բարձրացրել այսօր, ավելի ճիշտ, ԲՀԿ-ն միացավ ամբողջական իշխանափոխության կոչերին:

Ակնկալվում էր, որ նախարար Ճշմարիտյանը, որի վերահսկողության տակ է տնտեսության այս ճյուղը` զբոսաշրջությունը, համաշխարհային օրվա առիթով մի երկու բառ պաշտոնապես կփոխանակի լրագրողների հետ: Ասենք, մի քիչ կխոսի ոլորտի գոնե ձեռբերումների մասին, գուցե լրագրողներին հաջողվեր համոզել` խոսեր նաեւ խնդիրների մասին: Բայց Ճշմարիտյանն ակնհայտորեն խուսափում էր լրագրողներից, նույնիսկ ձեւացնում էր, թե չի նկատում ու չի լսում իրեն դիմող լրագրողին:

Մենք մի քանի անգամ փորձեցինք հարց ուղղել նախարարին, ընդ որում, նախապես հարցնելով` «Կարելի՞ է ձեզ մի հարց տալ»:

Ճշմարիտյանն նույնիսկ առանց հետաքրքրվելու, թե ո՞վ է ուզում իրեն հարց տալ, մերժեց: Իսկ գուցե իրեն ոլորտի ներկայացուցիչներից մեկն էր ցանկանում հարց տալ, կամ որեւէ խնդրի վրա նրա ուշադրությունը սեւեռել: Ես սկզբում մտադիր էի լուսաբանել միջոցառումը, քանի որ մարդիկ, որոնք պարգեւատրվեցին, իսկապես արժանի էին դրան ու յուրաքանչյուրի անունը մտադիր էի նշել: Հետո որոշեցի բոյկոտել, քանի որ նախարարն ինքը չուզեց  ոլորտի ու միջոցառման մասին խոսել, ըստ երեւույթին, նրա համար զբոսաշրջության տոնական օրն այնքան էլ կարեւոր չէր: Ես հենց մոտենում էի նրան` «փախչում էր», կամ ձեւացնում էր` իբր խիստ զբաղված է, իսկ զբաղված էր ընդամենը զրուցելով իր ենթակաների հետ`փոխնախարարի եւ զբոսաշրջության վարչության պետի, որոնց հետ կարող է ցանկացած պահի իր կաբինետում զրուցել:

Ես համբերատար սպասեցի մինչեւ նախարարը համտեսի իրեն հրամցրած գինին, զրուցի վերջացնի, հետո հարց ուղղեմ: Մոտեցա, մերժեց: Բայց պնդաճակատի պես մեջ ընկա ու հարց ուղղեցի` «հոկտեմբերի 10-ին պետք է կնքվի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը, ինչպե՞ս այն կանդրադառնա զբոսաշրջության ոլորտի վրա, հնարավո՞ր է տուժի», Ճշմարիտյանը, գրեթե ճշմարտանման ձեւացրեց թե չի լսում, իսկ ես, քիչ էր մնում հավատայի, որ չի լսում:  Հետո, ինչպես ասում են` «մարդ մեջ գցեցի», նախարարության լրատվական ծառայության ներկայացուցչին խնդրեցի, որպեսզի միջնորդ լինի նախախարի ու լրագրողի միջեւ, բայց չէ, բաց ու թափանցիկ աշխատելն այս նախարարի համար չէ:

Երբ Ճշմարիտյանը նոր էր նախարար նշանակվել, կառավարության առաջին 2-3 նիստերից հետո նա, ի տարբերություն այլ նախարարների, ետնամուտքով չէր գնում, այլ շքամուտքով, որտեղ նրան դիմավորում էին մի խումբ լրագրողներ ու բազմաթիվ հարցեր ուղղում, որին կարողանում էր` պատասխանում էր, որին էլ` պատասխան չուներ, ասում էր` շտապում եմ ու հեռանում էր արագ քայլերով: Բայց վերջին շրջանում այս նախարարն էլ է սկսել կառավարության նիստերից հետո շենքը լքել ետնամուտքով:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hayk says:

    Девочка! О чем твоя статья??? Такая длинная и плоская???? Ну, согласитесь, нельзя так(((((

  2. Իմ կարծիքով շատ հասկանալի, մատչելի եւ դիպուկ է գրված, իսկ նման գրառումները, սովորաբար, չեն հասկացվում միմիայն այն մարդկանց համար, որոնք ծպտված հանդես են գալիս ի պաշտպանություն նման պաշտոնյաների:

  3. Նելլի says:

    Հարգելի ընթերցող, սա հոդված չէ, այլ գրառում է Aravot.am-ի բլոգի համար: Այս տեսակ նյութերը մենք չենք տեղադրում լրահոսում որպես լրագորղական նյութ, այլ, դրանք հրապարակվում են մեր կայքի նոթատետր բաժնում: Իհարկե չեմ համաձայնվում ձեզ հետ.կարելի է եւ այսպես:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031