Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քանի անգամ պետք է նույն բանը կրկնեն, որ վերջապես ընկալվի, թե որ երկրից, որ կենտրոնից, երբ և ինչ կարելի է ակնկալել, խնդրել, կամ պահանջել․ Կարեն Ճշմարիտյան

Հունվար 18,2023 11:37

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան գրառումը

Թուրքիան պաշտոնապես, հետևողականորեն և ազնվորեն իրականացնում է հայկական պետությունների և հայ ազգի` տարածաշրջանից վերացնելու քաղաքականությունը։ Այդ թվում չի խորշում հայտարարել, որ պետք է շարունակեն 20-րդ դարի սկզբի թուրքական փաշաների գործը, ասել է թե՝ կրկին իրականացնեն ցեղասպանություն։

«Արևմուտքը» պաշտոնապես, ազնվորեն և անդադար բացատրում է.

«…Մենք Հայաստանի անվտանգության երաշխավորը երբեք չենք եղել, այսօր էլ՝ չենք, և տեսանելի ապագայում չենք կարող լինել, որովհետև Հայաստանի բազմադարյա թշնամիները մեր քաղաքական ու տնտեսական անխախտ դաշնակիցներն են։
Կարող ենք առաջարկել համագործակցություն, «դեմոկրատիա», ֆինանսական աջակցություն, հայտարարություններ, խորհուրդներ, միջնորդություններ, կոչեր, մտահոգություններ և ամենակարևորը՝ «կարող են ջանքեր գործադրել…
Վերջ, այլ բան մի ակնկալեք»։

Ռուսաստանն անդադար բացատրում է.

«Այո՛, մենք Հայաստանի անվտանգության երաշխավորն ենք, բայց մեզնից կոչեր ու դատապարտումներ այս պահին մի ակնկալեք։
Միջնորդություն, զենք, զինամթերք, զորավարժություններ, դիվանագիտական, իսկ ծայրահեղ դեպքում նաև ռազմական միջամտություն՝ խնդրեմ, բայց մեղադրող հասցեական հայտարարություններ այս պահին՝ ոչ։
Մի կողմ թողնելով այս ողբալի իրավիճակին հասնելու պատճառները (կարծես բոլորին են հայտնի), հարց է ծագում.
լավ, քանի անգամ պետք է նույն բանը կրկնեն, որ վերջապես ընկալվի, թե որ երկրից, որ կենտրոնից, երբ և ինչ կարելի է ակնկալել, խնդրել, կամ պահանջել։

Քանի՞ անգամ…

Մի քանի հարց էլ՝ մեղավորներին մեթոդաբար շրջանցող և մնացած բոլորին մեղադրող «գիտակներին»…
Այդ նոր հայտնի դարձա՞վ, որ Կրեմլը մի քանի տարբեր «աշտարակներ» ունի։
Այդ նոր հայտնի դարձա՞վ, որ ահռելի Ռուսաստանը կառավարման առումով անասելի բարդ երկիր է և կարող է սխալվել, կամ սայթաքել:
Այդ նոր հայտնի դարձա՞վ, որ բոլոր կենտրոններն իրենց կառավարման համակարգի, չինովնիկների և դիվանագիտության սխալներն ու բացթողումները շտկում կամ լրացնում են բացառապես զենքով և զինվորով։ Հետևաբար, նրանց հետ հարաբերվող երկրների վարած քաղաքականությունից ու վարքագծից է կախված հենց այդ երկրների ճակատագիրը։

Ուկրաինայում կամ Սիրիայում ընթացող պրոցեսները դրա վառ օրինակնե՞րը չեն…

Բոլոր կենտրոններն էլ այնպիսին են, ինչպիսին եղել են, կան և լինելու են։
Պահանջել կամ ակնկալել, որ մեկ այլ երկրի ազգային ու պետական շահերի, երբեմն էլ՝ նույնիսկ իրենց շահերի տեսանկյունից իդեալական լինեն, մեղմ ասած՝ անտեղյակություն է, հուզականություն ու մանկամտություն։

Եվ վերջապես, մեծ գաղտնի՞ք է, որ աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում «կենտրոնների» հետ հարաբերություններում կամ բարեկամ ես, կամ դաշնակից, կամ էլ՝ թշնամի, և որ նրանց հանդեպ Հայաստանի կողմից վարվող տեսանելի քաղաքականությունը այդ կարգավիճակներից որևէ մեկի մեջ լիարժեք չի տեղավորվում։
Այս ամենով հանդերձ, բոլոր հայերին պետք է ուղղել մի շատ պարզ հարց և փորձել ազնիվ, անկեղծ ու կշռադատված, նաև՝ անաչառ ու «անվճար» պատասխան ստանալ. իսկ կուզենայի՞ք Հայաստանի այս աստիճան տապալված, խեղճ, նվաստ, մեկուսի և անկյուն քշված իրավիճակում Ռուսաստանը դառնար Հայաստանին թշնամի երկիր։

Ուզո՞ւմ եք Ռուսաստանի պես իրական ոխերիմ թշնամի ունենալ։

Լո՞ւրջ, ուզո՞ւմ եք…

Հ․Գ․ Հասկացանք՝ խաբված ու մանիպուլացված, բայց այս կարգի անմեղսունա՞կ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ says:

    Բայց ինչու՞ է էս մարդուն թվում,որ իր ասածը դժվար է ընկալել: Այ եթե Էյնշտեյնը զայրանար , որ ոչ բոլորն են ընկալում իր հարաբերականության տեսությունը, ես կհասկանայի: Ավելի անկեղծ կլիներ պարոն Ճշմարիտյանը, որ ‘ընկալել’ բառի փոխարեն օգտագործեր ‘ընդունել’ բառը: Բայց այդ դեպքում, նույն բանը կրկնելու հանգամանքը չի օգնում,ամեն մարդ իր կարծիքն ունի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031