Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին

Դեկտեմբեր 12,2014 15:32 Share

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 12¬ին ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ զարգացումը խոսում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման փոխադարձ շահագրգռվածության եւ միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի մասին: Գալուստ Սահակյանի խոսքով՝ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Լատվիայի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ իրավապայմանագրային դաշտը, զարգացել է միջխորհրդարանական համագործակցությունը: ԱԺ նախագահը կարեւորել է նաեւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների խորհրդարանների համագործակցությունը:

Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշմանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին. Եվրոպական միությունը եղել եւ մնում է Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից մեկը:
ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ վերահաստատելով, որ Հայաստանը հավատարիմ է հակամարտության խաղաղ եղանակով կարգավորման սկզբունքին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցեն նաեւ լատվիացի գործընկերները:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ¬ին միանալու որոշմանը՝ Լատվիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հարգում է մեր երկրի՝ աշխարհաքաղաքական իրադրությունից եւ ազգային շահերից բխող որոշումը: Նա փաստել է, որ Եվրոպական միությանը եւ Հայաստանին հետաքրքրող բոլոր ոլորտներում համագործակցությունը կշարունակվի, եւ այդ նպատակով կարող են մշակվել ճանապարհային քարտեզ ու նոր մանդատ:

Արտահայտելով ԼՂ հիմնախնդրի հետ կապված դիրքորոշումը՝ Էդգարս Ռինկեւիչը մասնավորապես նշել է, որ այն անփոփոխ է՝ սատարել հիմնախնդրի բանակցային ճանապարհով լուծմանը:

Անդրադառնալով հայ¬լատվիական երկկողմ հարաբերություններին՝ նախարարը դրական է գնահատել մեր երկրների քաղաքական փոխհարաբերությունները, սակայն նկատել է, որ անհրաժեշտ է զարգացնել տնտեսական եւ կրթական ոլորտներում համագործակցությունը:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031