Լրահոս
Օրվա լրահոսը

«8 տարի գյուղապետ եմ, ՀՀԿ-ն մի անգամ ընտրակաշառք չբաժանեց». գյուղապետ

Դեկտեմբեր 14,2014 13:34

Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքում 12: 30-ի դրությամբ գյուղապետի ընտրությանը 648 գրանցված ընտրողից 120 ընտրող է մասնակցել:

Ջրաշենում գյուղապետի երկու թեկնածու է առաջադրվել՝ գործող ՀՀԿ-ական  գյուղապետ Խաչատուր Դավթյանն ու ու անկուսակցական Պետրոս Պողոսյանը:

«Գյուղացիների շարժը սկսել է նոր-նոր ակտիվանալ»,- Aravot.am-ին ասաց Խաչատուր Դավթյանը:

Ութ տարվա գյուղապետը վերընտրվելու մեծ ակնկալիքներ ունի. «Յուրաքանչյուր մարդու գնահատում են իր արածների համար: Ակնկալիքներս մեծ են, քանի որ ութ տարվա ընթացքում ով ինչ հարցով դիմել՝ մերժում չի եղել ոչ մի գյուղացու: Միշտ տվել եմ այն պատասխանը, որը ես կուզեի ստանալ: Համայնքի համար շատ բան ենք արել, գյուղը գազ չուներ, գազաֆիկացրել ենք, լույս չուներ, լուսավորությունն ենք ապահովել, նախակրթարան ենք սարքել, բուժկետն ենք վերանորոգել»:

Մեր հարցին, իր կուսակցական պատկանելությունը կօգնի՞, թե՞ կխանգարի վերընտրվելու հարցում, գյուղապետն ասաց. «Համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ կուսակցությունը դեր չի խաղում համայնքի բնակչի համար: Բնակիչներն ընտրում են՝ ըստ արժանիքների, ըստ արած գործի»:

Մեր հարցին, իսկ ՀՀԿ-ն սատարո՞ւմ է իրեն, Խաչատուր Դավթյանը շարունակեց. «Կուսակցությունը շատ հարցերում աջակցում է, բայց ընտրություններում՝ ոչ: Համայնքի ընտրությունները մյուս ընտրությունների նման չեն»:

Մեր հարցին՝ համայնքային ընտրությունները համապետական ընտրություններից ինչո՞վ են տարբերվում, ընտրակաշա՞ռք չկա, գյուղապետի թեկնածուն ասաց. «Ի՞նչ ընտրակաշառք: ՀՀԿ-ն երբեք ընտրակաշառք չի բաժանել, ութ տարի ղեկավարում եմ այս համայնքը, ու ՀՀԿ-ն երբեք ընտրակաշառք չի բաժանել»:

Վերջում էլ վստահեցրեց՝ գյուղում ընտրություններին լարվածություն չկա, ընտրություններն ընթանում են բնականոն ու խաղաղ պայմաններում.«Փոքր գյուղ է, ի՞նչ լարվածություն, սաղ իրար ճանաչում են»:

Ասաց՝ պատրաստ է նույնիսկ շնորհավորել Պետրոս Պողոսյանին, եթե նա ընտրվի գյուղապետ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031