Լրահոս
Օրվա լրահոսը

Կրքեր Գագիկ Ծառուկյանի փողերի շուրջ

Դեկտեմբեր 16,2014 20:46

Մի քանի օր  է` Aravot.am-ը Շիրակի մարզպետարանում ականատես է լինում, թե ինչպես են Գյումրիի սոցիալապես ծայրահեղ ծանր վիճակում գտնվող    մարդիկ, հատկապես կանայք  դռնեդուռ թակում ՝ օգնություն ստանալու աղաչանքով: Վերջիններս մեզ տեսնելուն պես, սկսում են հետաքրքրվել, թե ե՞րբ տեղ կհասնի ԲՀԿ առաջնորդի նվիրած 45 միլիոնը կամ արդյո՞ք իրենց կհասնի այդ գումարից:

«Ես Կոշտոյան 5 հանրակացարանից եմ, գտնվում է Գյումրու ծննդատան  մոտ, մի ահավոր վիճակ է իմ  մոտ, երեխաս 2 տարեկան է, լույսս եկել, անջատել են  գումար չունենալու պատճառով: Խնդրեցի, որ թողնեն միացած, գոնե մաս-մաս մուծենք, հրաժարվեցին: Հիմա երեխայիս աչքերից թարախը գնում է, բուժման կարիք ունի, բայց վախենում եմ հանրակացարանի սենյակ տանել: Էս պահին ուղարկել եմ մամայիս տուն, բայց ինչքա՞ն կարող է մամաս իմ էրեխուս պահել: Ասում են՝ երեխա ունեցեք, ազգը բազմացրեք, բայց պայմաններ ե՞րբ եք ստեղծում, որ երեխա ունենանք: Աշխատանք կա՞ էս քաղաքում, երբ դիմում ես, աշխատանքային փորձ են ուզում: Ընդամենը  22 տարեկան եմ, էդ որտե՞ղ պիտի աշխատած լինեմ: Տարբեր տեղեր դիմել եմ օգնության՝ քաղաքապետարանը մերժեց, ուղարկեց մարզպետարան, հիմա էստեղ էլ ասում են՝ մենք ի՞նչ անենք, դիմեք քաղաքապետարան, Ծառուկյանը Բալասանյանին փող տա, գաք մեզանից ուզե՞ք: Ոչ մեկը չի գալիս, մեր պայմաններին չի ծանոթանում, ոչ մեկին մենք հետաքրքիր չենք, հիմա ի՞նչ անենք, որ գոնե էլեկտրաէներգիան միացնեն, կես-կես մուծեմ: Ամուսինս նստած է, տղայիս ծնվելուց հետո  գողություն էր արել, Երևանում դատախազի մեքենա էին տարել 4 հոգով: Բայց եթե երեխայի ծնողը գլխին չէ, ուրեմն  պիտի մեռնելու մղե՞ն », -բողոքեց  22-ամյա Ալվարդը:

image_1
Նույն հանրակացարանում բնակվող Գրիգորյան Լուսինեն էլ ասաց. «Աղջիկ ջան, Ծառուկյան Գագիկի անցած տարվա 25 հազար դրամ օգնությունն էլ ինձ չկամեցան, թեև ցուցակի մեջ անունս կար: Չտվեցին, թե դու տանը չես եղել, հո ես չեմ կարող ամբողջ օրը նստել ու իրենց սպասել, թե ե՞րբ պիտի գան, վերջը ես դաշտի աշխատանք եմ անում, մուրացկանության պես մի բան է … Ես չեմ խոսում իմ անունից, ես ամբողջ հանրակացարանի բնակիչների անունից եմ խոսում: Էդ ամբողջ հանրակացարանը ծերանոց է, մյուսներն էլ  միայնակ մայրեր  ու ծնողազուրկ էրեխեք են: Հիմա ասեմ, դիմեցինք քաղաքապետարան փայտի համար, գոնե փայտ տան, փայտ չտվեցին, երեխիս հագուստ էլ չտվեցին, գյուղը տատիկի մոտ է, տատիկով-պապիկով, գյուղերով պիտի խաբես, մի կերպ  մեծացնես, երեխա է: Քաղաքապետ ու մարզպետ, ձեզ եմ դիմում, միջամտեք, լույսը մաս-մաս վճարենք, մի քիչ սննդով օգնեք, մեկ էլ հնարավորության դեպքում  էս Ծառուկյան  Գագիկի փողերից մեզ էլ հատկացրեք, թող մարդիկ ստանան, Ամանոր է վերջը…Եթե մեր հանրակացարանի բնակիչներին օգնության ձեռք չմեկնեն, խոստանում եմ՝ ես ինքս իմ Էրեխի հետ ինքնասպանություն կգործեմ: Ավելի լավ է՝ ես իմ ձեռքով մեռնեմ, քան չինովնիկների ոտքերը գնամ ու ծնկաչոք աղաչեմ, թե մի բան կամեցեք: Իմ էրեխես Կումայրի ստուդիայում պարուհի էր , պարից հանեցինք,  պարի շորեր  էին ուզում, չէինք կարող գնել: Ինքն էլ շատ վատ էր զգում իրեն, արդեն 17 տարեկան է,  եկեք իմ աղջկա հագի սապոգները ցույց տամ ձեզ, նման բան չեք տեսել»,- նեղվեց կինը:

 

image_1 (1)

Հաշմանդամ մի ուրիշ կին էլ՝ Մարիամ Գասպարյանը նեղվեց, թե իրեն քաղաքապետարանում ոչ մեկը ուշադրություն չի դարձնում: «Բազմիցս դիմել  եմ քաղաքապետարան, ասում են՝ սպասեք…Դիմեցի Գագիկ Ծառուկյանի  փողերի համար, էստեղ էլ բախտս չբերեց: Պարզվեց  մեզ մոտիկ չեն գալիս, միայն դոմիկներում  ապրող մարդկանց են տալու, ես բնակվում եմ Սանէպիդ մոտ, Պատանի տեխնիկների կայանում: Գաք պայմաններս տեսնենք, ոչ ջուր կա, ոչ զուգարան կա, տակը գարաժներ են, ապրելու միջոցներ չկան: Ես լացողներից չեմ, Փառք Աստծո, ուղղակի վերջերս առողջական վիճակս գնալով վատացել է: Առաջ ուրիշների տանը գործ էի անում՝ մեկի ապակին եմ սրբել, մյուսի հատակը, ամոթ բան չէ, երեխայիս համար եմ արել, բայց հիմա չեմ կարող, ուժերիցս վեր է: Մանկուց  հաշմանդամ եմ, ամուսինս կալանքի մեջ է, երեխայիս չեմ կարող պահել, սեպտեմբերից Հայկիս  տվել եմ  «Հույս» մանկատուն ու շատ գոհ եմ տնօրենից: «Ֆինկայից փող էի վերցրել, եկել տանս գույքը բռնագանձել են՝ 16 հազար դրամի համար: Հիմա  եկել եմ մարզպետի մոտ, ինձ խորհուրդ են տվել, որ գամ, դիմեմ մարզպետին, որպեսզի միջամտի՝ գոնե ինձ էլ հատկացնեն Ծառուկյանի փողից»,- ասաց Մարիամ Գասպարյանը:

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից  հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է բաշխվելու Գագիկ Ծառուկյանի՝ Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքիների  հատկացրած 45 միլիոնը դրամը: «Գիտեք, շատ բարդ հարց է, մեր ամենածանր խավը տնակների մեջ գնվող մարդիկ են, ունենք երկու հանրակացարան, որտեղ էսօրվա դրությամբ մարդիկ են բնակվում. մեկը Բուլվարայինում  է, մյուսը՝ Նժդեհի փողոցի վրա, այսինքն` հաշվի ենք առել նաև էս խավին: Հիմա ցուցակներ ենք կազմում, արդեն հանձնարարել եմ, որ անցած տարվա բաշխման ցուցակներով կարողանանք բաշխել և տուն առ տուն պարոն Ծառուկյանի ներկայացուցչի, քաղաքապետարանի ներկայացուցչի, լրագրողների մասնակցությամբ գնանք ու հանձնենք գումարը: Դուք էլ ցուցակներ բերեք, լրագրողներ, որպեսզի հասկանանք, թե ամենածանր վիճակում ովքեր են ու հենց այդ խավին  տանք: Քիչ առաջ ինձ մոտեցավ 8 երեխա ունեցող ծնող, ես ասել եմ, որ այս ծրագրով, եթե անգամ չօգնենք, կօգնեմ ես անձամբ: Այսօր ավագանու նիստին 5 միլիոն մենք նախատեսեցինք և  ոչ  միայն տուն-ինտերնատի , այլ ինչ-որ տեղ էսպիսի խավի համար: Փորձենք ամենաարդարացի ձևով բաժանել էդ գումարը, տեսնենք քանի ընտանիք են և ինչ չափի գումար է ստացվում ամեն մեկին: Տնակներ կան, որ մարդը տնակում չի բնակվում, բայց ինքը գիտի, որ ինչ-որ օգնություն են տալիս, գալիս տնակի դռները բացում են, դրա համար եմ ասում՝ ստուգեք էներգիայի կտրոնները, գազի կտրոնները կամ էնպիսի կտրոններ, որոնցով հասկանանք, որ էդ մարդը տնակում է բնակվում»,- ասաց քաղաքապետը:

Քաղաքապետը նաև ասաց, որ  շենքերում  բնակվող մարդիկ էլ են սոցիալապես ծանր վիճակում ապրում, բայց այս գումարը պիտի հատկացնեն ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին: Սամվել Բալասանյանը նաև ասաց, որ ինքը Գագիկ Ծառուկյանին տեղյակ է պահել, որ իր տված գումարը բաժանելու են տնակներում ապրողներին:

Այսօր Գյումրու քաղաքապետարանից տարածեցին հայտարարություն, որտեղ գրված է.  «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի տրամադրած 45 մլն դրամի բաշխումը կատարվելու է հետևյալ կարգով.
Ծրագրի շահառու են հանդիսանում ժամանակավոր կացարաններում բնակվող 3167 ընտանիքները: Նշված բնակիչները կարող են դիմել Գ. Նժդեհի հրապարակ 1/7 հասցեով՝ չարաշահումներից խուսափելու համար ներկայացնելով անձնագիր և վերջին ամիսների կոմունալ վճարումների կտրոններ: Գումարները բաշխվելու են ըստ տնակային տարածքների՝ հետևյալ ժամանակացույցով՝

  1. դեկտեմբերի 16 101-118
    2. դեկտեմբերի 17 119-154
    3. դեկտեմբերի 18 155-207
    4. դեկտեմբերի 19 208-218
    5. դեկտեմբերի 20 219-229
    6. դեկտեմբերի 21 230-238

Յուրաքանչյուր շահառու ընտանիքի տրամադրվելու է 14.000 դրամ»:

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Suro says:

    Բա որ ասում ենք գայլին գառ են պահ տվել, ասում են չէ`գիշերը պետք է բուսու պահել է բալասանյանի տան մոտ, տեսնենք էդ փողերը որ մասն է տուն բերում, որը գործարան տանում, ամոթ է`յա տվողը, որ գուկա փշրանքներ է տալիս իրա տարածից, յա բաժնողը` երկու իշու գարի չի կռնա բաժնե, էդ էլ իրանց տուն կտանի

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031