Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գրիգոր Եսայան. «Ուզում եմ ապրել այնպես, ոնց որ պետք է, ոչ թե տանջվեմ, տանջեմ մորս» (Տեսանյութ)

Հունվար 06,2015 14:08

Արդեն 12 տարի է՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ Գրիգոր Եսայանը չի կարողանում քայլել:  Արցախի պաշտպանության բանակում ծառայելու հենց առաջին շրջանում  նրա հետ դժբախտություն է պատահել: Պատմում է, որ  զորամասում նախ ոտքերը ցավեցին, այդ մասին հայտնեց իր ղեկավարությանը, հետո արդեն իրադարությունն ավելի վտանգավոր թվաց, երբ նույն խնդիրն ունեցան այլ զինվորներ եւս:  Գրիգոր Եսայանի վիճակը վատթարացավ, նրան եւ ընկերներից մի քանիսին տեղափոխեցին  Ստեփանակերտի հիվանդանոց, իսկ հետո արդեն ուղղաթիռով՝ էրեբունու բժշկական կենտրոն: «Էրեբունի բժշկական կենտրոնում ամիսուկես մնացել եմ կոմայի մեջ: Կոմայից դուրս գալուց հետո տեղափոխել են Մուրացանի հիվանդանոց, որտեղ կոկորդս էին բացել, օդ էին տալիս: Անցյալ տարի էլ ոտքս միջմկանային պլաստիկ վիրահատություն արեցին»,- պատմում է նա: Ասում է, որ զորամասում մի քանի  զինվորների հետ պատահածը բժիշկները ախտորոշել են  թունավորում: Ըստ Գրիգորի՝ զինվորներից ամենածանր վիճակում գտնվողը ինքն էր, սակայն հրաշքով փրկվում է, եւ նույնիսկ վիճակի դրական փոփոխություն է նկատվում:

 

«Նախկին բժիշկներս որ ինձ տեսնում են, ասուն են՝ հրաշք է եղել: Հիմա ոտքերս զգում եմ, ձեռքերս շարժում եմ, լավ է:  Ինձ պետք է բժշկական միջամտություն, որը այստեղ չի արվում, ցավոք, դրա համար ինձ պետք է գումար՝ երկրից գնալու, այնտեղ ապրելու եւ բուժման ծախսերը հոգալու համար, որը ես չունեմ»,- ասում է նա:

Գրիգորի խնամքով այս տասներկու տարիների ընթացքում մայրն է զբաղվել՝ Կարինե Եսայանը: Նա «Առավոտի» հետ զրույցում հիշում է որդու հետ պատահածը.  «Իմ որդին մեկ շաբաթ էրեբունի բժշկական կենտրոնում պառկած է եղել, նոր ես իմացել եմ: Ինձ տեղեկացրել են Գրիգորի հետ հիվանդանոցում պառկած տղաներից մեկի ծնողները: Երեքը հենց այդ պալատում էին հոսպիտալացվել: Մեկը մահացավ, բայց Գրիգորս, որն ավելի անհույս վիճակում էր, հրաշքով ապրեց,- ասում է նա, ավելացնում,-Հիմա Աստծուն փառք, եկել, հասել է այս վիճակին: Հիմա պարզապես խնդրում եմ պաշտպանության նախարարությանը, առողջապահության նախարարությանը ինչ-որ ձեւով իմ տղայի բուժման ծախսերը լուծեն՝ որտե՞ղ կլինի, ի՞նչ պետությունում, ես չգիտեմ: Մենք չենք դիմել ուրիշ պետությունների, մենք չունենք միջոց, դրա համար միջոցներ են պետք, որը մենք չունենք,- ասում է նա, ավելացնում,-Ընդամենը հիսուն հազար դրամ  թոշակ ենք ստանում:  Ստանում էինք փոխհատուցում՝ 15 000 դրամ, դա էլ կտրել են: Թե ինչի են կտրել, չգիտեմ, արդեն երկրորդ ամիսն է՝ անունը չկա ցուցակում: Այնքան վարկեր ենք վերցրել, այնքան պարտքի տակ ենք ընկել, ինչքան խանութ կա, պարտ ենք, բայց դրանք լուծելի հարցեր են, ոչինչ, ուզում եմ առաջնահերթ տղուս առողջական հարցը լուծվի»,-ասում է նա:

Գրիգոր Եսայանն ասում է, որ ինքը խղճահարության կարիք չունի, միայն ցանկանում է առողջ ապրել, դրա համար օգնության է դիմում պատկան մարմիններին եւ մարդկանց: Հիմա էլ, հաշմանդամության սայլակին գամված  ստեղծագործում է, բանաստեղծություններ է գրում, հաճախել է գիպսի-փայտի վերամշակման դասընթացների, իր ձեռքով հուշանվերներ է պատրաստում, առաջիկայում էլ մտադիր է մասնակցել համակարգչային դասընթացների: «Նամակ եմ գրել պաշտպանության նախարարությանը, որ ինձ օգնեն, ասում է՝ ես մենակ տրանսպորտի գումարը կարող եմ տալ, որ գաս Երեւան, բայց ինձ պետք է գումար բուժման ծախսերը հոգալու համար, տրանսպորտի գումարը ես կարող եմ հարեւանիցս էլ վերցնել: Ուզում եմ նորմալ քայլել, սրանից հետո գուցե դեռ մի հիսուն տարի էլ ապրեմ, չգիտեմ.. լավ թող լինի մեկ տարի, բայց ուզում եմ ապրել այնպես, ոնց որ պետք է, ոչ թե տանջվեմ, տանջեմ մորս… Ամբողջ կյանքս մերս մոտս չի լինելու: Ես ի՞նչ եմ անելու, չգիտեմ… Ու դրա համար դիմում եմ նաեւ նախարարին. պարոն նախարար, ինձ պետք է բուժում, ես միայն ինձ համար չեմ գնացել ծառայության, Հայաստանի համար եմ գնացել: Հայաստանն էլ պարտավոր է ինձ օգնել…»:

Գրիգոր Եսայանի առողջական խնդիրները լուծելու եւ ֆինանսական միջոցներ գտնելու պարտավորությունն իր վրա է վերցրել Հայաստանում գործող «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամը:  Գրիգորի առողջական վիճակի մասին ստույգ եւ հավաստի տեղեկություններ իմանալու համար անհրաժեշտ է, որպեսզի հիվանդը նախնական հետազոտություն անցնի Գերմանիայում:  Դա  եւ Գերմանիա գնալու ճանապարհածախսը միասին կարժենա մոտ 5 000 եվրո: Հայաստանյան «Օգնության կամուրջ» հիմնադրամի գործընկեր «Kamurdsch-Brücke e.V» գերմանական կազմակերպությունը որոշել է հետագայում անհրաժեշտ արդեն բուժման ծախսերը հայթայթելու պարտավորությունն իր վրա վերցնել եւ բուժման ծախսերը հոգալու համար հանգանակություններ Գերմանիայում կազմակերպել:

Նրանք, ովքեր ցանկանում են օգնել Գրիգոր Եսայանին՝ Գերմանիա գնալու եւ նախնական հետազոտությունն այնտեղ անելու հարցում, կարող են գումար փոխանցել «Օգնության կամուրջ» հիմնադրամի հաշվեհամարին՝ որպես նպատակ նշելով՝ Գրիգորի բուժման համար:

Փոխանցման հաշվեհամարներն են.
Արդշինինվեստբանկ՝
2471707439720000 AMD
2471707439720010 USD
2471707439720020 RUR
2471707439720030 EUR

ArCa` 9051150201775063, ստացող՝  Լալա Մանուկյան

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Արքան փող չունի*, ինչու* չի աջակցում, թե* Ղարաբաղն իր հայրենիքը չէ, իսկ տղան Ղարաբաղի պտուղներն է ճաշակում:Միայն մահվան բերան տանելո*վ է:Մահն էլ է զայրանում, աստված ու աշխարհն էլ, հո գիտեն ինչ չափի մահեր են …

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031