Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ռազմակայանի գործունեության համար պատասխանատուները պետք է լրջորեն հետեւություններ անեն. «Հայոց աշխարհ»

Հունվար 15,2015 12:35

Դիտարկենք ոճրագործության մեջ մեղադրվող Պերմյակովի քրեաիրավական հետապնդման խնդիրը: Առանձնապես շատ ջանք չէր պահանջվում՝ հասկանալու համար, որ հնարավոր հանցագործին Հայաստանի իրավապահ մարմիններին չհանձնելը կտրուկ բացասաբար է ընկալվելու հանրության մեծամասնության կողմից, ի լրումն, ջուր է լցնելու այն անհատների ու շրջանակների ջրաղացին, որոնք կփորձեն կամ հենց փորձում են օգտվել իրավիճակից:

Դժվար չէր դա հասկանալ, առավել եւս, որ մի շարք մասնագետներ պնդում ու վկայակոչում են նաեւ կոնկրետ պայմանագրի դրույթներ՝ հիմնավորելով ոճրագործին Հայաստանի տարածքում եւ օրենքներով պատասխանատվության ենթարկելու պահանջը:

Եթե վերցնենք այս օրերին հրապարակավ նշված փաստերը, ապա, ամենայն հավանականությամբ, գործ ունենք մեղսունակ, բայց որոշակի մանիակալ շեղումներով մեկի հետ, որ ահավոր ոճրագործություն է կատարել: Ինքնին հարց է ծագում. այդքան սկզբունքայի՞ն հարց էր կամ հարց է, այն էլ՝ Հայաստանի ու Ռուսաստանի եւ մեր պետությունների համապատասխան կառույցների հարաբերությունների պայմաններում, թե տվյալ ոճրագործին Հայաստանում չդատեն կամ պատժեն, այսպես ասած՝ «հանձնեն-չհանձնեն»:

Ի դեպ, նաեւ հարց է ծագում, թե Հայաստանի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ռուսական սահմանապահները, հայտնաբերելով հետախուզման մեջ գտնվող Վ.Պերմյակովին, ինչո՞ւ են նրան «տվել» ոչ թե ՀՀ ազգային անվտանգության մարմիններին կամ հետախուզում հայտարարած իրավապահ մարմիններին, այլ ՌԴ ռազմակայանին են «հանձնել»: Ի դեպ, սահմանապահները ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ենթակայության տակ են, իսկ ռազմակայանը, որքան հայտնի է, ՌԴ պաշտպանության նախարարության։

Կարծում ենք, ոչինչ չի խանգարում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի համապատասխան կառույցները հանգիստ, իսկապես առանց էմոցիաների տրվելու, համատեղ կայացնեն իրադրությանը համարժեք որոշում: Ի վերջո, եթե համատեղ են քննելու գործը, էլի թող համատեղ քննություն իրականացնեն՝ հանրությանը պարզ եւ առանց իրավաբանական «խուճուճ» ձեւակերպումների հասկացնելով, որ ոճրագործը կանգնելու է Հայաստանի դատարանի առաջ ու կրելու է իր պատիժը:

Ինչ վերաբերում է ՌԴ ռազմակայանին, ապա, կարծում ենք, դրա գործունեության համար պատասխանատուները պետք է որ լրջորեն հետեւություններ անեն, թե ում, ինչ կարգի անձանց են զորակոչում, ում ձեռքն են զենք տալիս:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031