Լրահոս
Օրվա լրահոսը

Կին ամբաստանյալին արդարացրել են

Հունվար 21,2015 15:00

Տուժողը նշել էր, որ ամուսնացած չէ, ֆինանսապես ապահովված է, ամբաստանյալի կողմից  իր հեռախոսը վերցնելու պահին ունեցել է եւս երկու հեռախոս:

Գոհար Եսայանի կողմից ինքնիրավչություն կատարելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Ա. Սարգսյանի 2014թ. փետրվարի 15-ի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով: Ամբաստանյալի պաշտպանության համար դատաքննության փուլում՝ 11.09.2014թ.-ին ներգրավվել էր հանրային պաշտպանի գրասենյակից փաստաբան Կարեն Մանուչարյանը:
Ըստ Գոհար Եսայանի մեղադրական եզրակացության. «Նա ցանկանալով Համլետ Սիմոնյանից հետ վերադարձնել նրան պարտքով տված իր գումարները, որոնք վերջինս չի ցանկացել վերադարձնել, 2014 թվականի փետրվարի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արարատյան փողոցի 62/1 շենքի բակում, որոշել է իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնել, Համլետ Սիմոնյանին պատկանող «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից, Լարիսա Մարտիրոսյանի ներկայությամբ, «վերցրել է վերջինիս պատկանող» «Սամսունգ նեքսուս» տեսակի բջջային հեռախոսը, կարծելով, որ այն Հ. Սիմոնյանի բջջային հեռախոսն է եւ հեռացել՝ Լ. Մարտիրոսյանի օրինական շահերին պատճառելով 240.000 ՀՀ դրամի էական վնաս»:

2014թ. հուլիսի 29-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Նախագահող դատավոր՝ Ա. Ազարյան:

Ամբաստանյալ Գ. Եսայանը դատաքննության փուլում իրեն մեղավոր չի ճանաչել:
Տուժող Լ Մարտիրոսյանը դատարանին տրված ցուցմունքներում եւ դատարանին հասցեագրված գրավոր դիմումում հայտնել է, որ իրեն պատճառված վնասը վերականգնված է, եւ ինքը որեւէ պահանջ չունի ամբաստանյալի նկատմամբ:

Միաժամանակ, տուժողը նշել է, որ աշխատում է եւ ստանում է բարձր աշխատավարձ, ամուսնացած չէ, ֆինանսապես ապահովված է, Գոհար Եսայանի կողմից իր հեռախոսը վերցնելու պահին ունեցել է եւս երկու հեռախոս, իսկ նշված հեռախոսը հիմնականում գտնվել է Համլետ Սիմոնյանի մոտ եւ օգտագործվել է նրա կողմից, քանի որ այն օգտագործելու կարիքն ինքը առանձնապես չի ունեցել: Ըստ տուժողի, Գոհար Եսայանի արարքի հետեւանքով իրեն էական վնաս չի պատճառվել, իսկ ոստիկանություն դիմել է՝ ոչ այնքան հեռախոսը վերադարձնելու, որքան նպատակ է ունեցել հետագայում զերծ պահել Գոհարին իր անձնական կյանքին միջամտելուց:

Հետազոտելով գործով ձեռք բերված եւ դատաքննությամբ հետազոտված ապացույցները, նաեւ հաշվի առնելով պաշտպանության կողմի բերված առարկությունները եւ փաստարկները, դատարանը գտել է, որ Գոհար Եսայանի արարքում բացակայում է ՀՀ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը:
Արդարացման դատավճռի պատճառաբանական մասում, մասնավորապես, նշվել էր. «ՀՀ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայով ինքնիրավչությունը բնորոշվում է որպես օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքների ինքնակամ (ինքնագլուխ) իրականացում, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին, կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին:

Որպեսզի պահպանվի հասարակական հարաբերությունների տարբեր մասնակիցների օրինական շահերի հավասարակշռությունը, պետությունը՝ օրենքներով կամ այլ նորմատիվ ակտերով սահմանում է իրավունքների եւ ազատությունների իրականացման որոշակի կարգ: Օրենքներով կամ այլ նորմատիվ ակտերով սահմանված կարգի խախտմամբ սեփական իրավունքների իրականացումը դիտվում է որպես անձի կողմից իշխանության համապատասխան իրավասու մարմինների լիազորությունների յուրացում, ինչը վնաս է հասցնում այդ մարմինների բնականոն գործունեությանը, ինչպես նաեւ՝ այլ անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին եւ օրինական շահերին:

Վերոգրյալից հետեւում է, որ ինքնիրավչության օբյեկտ են հանդիսանում անձանց կողմից իրենց իրավունքների եւ ազատությունների իրականացման սահմանված կարգը, ինչպես նաեւ՝ անձանց կամ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը: Հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը դրսեւորվում է անձի կողմից ինքնակամ (ինքնագլուխ) կերպով, օրենքով կամ այլ նորմատիվ ակտերով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքի իրականացման մեջ: Ընդ որում, պարտադիր է, որպեսզի այդ անձի գործողությունները էական վնաս պատճառած լինեն այլ անձի, կամ կազմակերպության իրավունքներին կամ օրինական շահերին եւ այդ գործողությունները վիճարկվեն վերջիններիս կողմից: Հակառակ դեպքում ինքնիրավչության հանցակազմը բացակայում է»:

Ըստ փաստաբան Կ. Մանուչարյանի, պարտադիր հատկանիշներ հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը ներառում է՝ անձի կողմից ինքնագլուխ կերպով, օրենքով կամ այլ նորմատիվ ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքի իրականացման գործողություններ, որոնց օրինականությունը վիճարկվում է տուժող անձի կամ կազմակերպության կողմից, անձի կողմից տուժած անձի կամ կազմակերպության օրինական շահերին էական վնաս պատճառելը եւ արարքի ու էական վնասի միջեւ պատճառական կապը, ինչը սահմանված է օրենքով:

Ըստ դատարանի էլ, «էական վնաս» հասկացությունը արժեքավորվող գնահատողական կատեգորիա է: Օրենսդիրը չի սահմանել «էական վնաս» հասկացության չափորոշիչներ եւ դրա առկայությունը որոշվում է վարույթ իրականացնող մարմնի կողմից՝ հաշվի առնելով քրեական գործի բոլոր փաստական հանգամանքները:

Էական վնասը գնահատելիս հաշվի է առնվում վնասի չափը կամ վերցված առարկայի արժեքը, տուժողի համար դրա կարեւորությունն ու նշանակությունը, արարքի հետեւանքով բաց թողնված օգուտը, տուժողի ֆինանսական վիճակը, նրա խախտված իրավունքների բնույթը (գույքային, բնակարանային, աշխատանքային եւ այլն), ինչպես նաեւ դրանց խախտման աստիճանը: Ընդ որում, միայն ինքնիրավչությամբ վերցված առարկայի արժեքն ինքնին չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ «էական վնաս»-ի հարցը որոշելու համար:

Դատարանն արձանագրել էր նաեւ, որ ամբաստանյալի կողմից կատարած արարքի հետեւանքով տուժողի օրինական շահերին պատճառված էական վնասի էական լինելը նախաքննության մարմնի կողմից որոշվել է հիմք ընդունելով միայն տուժողի ցուցմունքը, որ հեռախոսը գնվել է 240.000 ՀՀ դրամ գումարով: Բացի դրանից, դատարանն արձանագրել է, որ տուժողն աշխատում է, ստանում է բարձր աշխատավարձ, ամուսնացած չէ, ֆինանսապես ապահովված է, ամբաստանյալի կողմից հեռախոսն ինքնագլուխ վերցնելու պահին ունեցել է եւս երկու հեռախոս, վերցված հեռախոսը մեծ մասամբ գտնվել է Համլետ Սիմոնյանի մոտ եւ օգտագործվել է վերջինիս կողմից, քանի որ այն օգտագործելու կարիք տուժողն առանձնապես չի ունեցել, ամբաստանյալի արարքի հետեւանքով տուժողին էական վնաս չի պատճառվել, իսկ ոստիկանություն դիմել է՝ ոչ այդքան հեռախոսը վերադարձնելու, որքան անձնական կյանքին ամբաստանյալի հետագա միջամտություններից ազատվելու նպատակով:

Փաստորեն, ամբաստանյալի գործողությունների հետեւանքով տուժողի իրավունքներին եւ օրինական շահերին էական վնաս չի պատճառվել, այսինքն՝ ամբաստանյալի արարքում բացակայում է հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը, հետեւաբար՝ բացակայում է ինքնիրավչության հանցակազմը:

Հետեւաբար, ամբաստանյալն արդարացվել է:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուրեն says:

    Վերջապես …… Փառք ՔԵԶ՝ Տէր Աստված …

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031