Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախագահը բավարար է գնահատել կառավարության աշխատանքը

Հունվար 23,2015 16:38

Հունվարի 23-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության՝ այս տարվա անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Բակո Սահակյանը:

Նիստում հաստատվել են 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այն մշակվել է՝ հաշվի առնելով  պետական կառավարման մարմինների առաջարկությունները՝ հիմքում ունենալով կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը նշել է, որ ընթացիկ տարվա միջոցառումների ընտրությունը պայմանավորված է գործադրի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի գործարկման, արդի իրավիճակներով առաջադրված պահանջների կատարման և երկրում ընդունված մի շարք  օրենքների կիրարկումն ապահովելու նպատակներով:

Հաստատված ծրագիրը պարունակում է 121 միջոցառում, որոնցից 12-ը տեղափոխվել են նախորդ տարվա  ծրագրից:  Ըստ առաջադրված խնդիրների ուղղվածության՝ դրանց հիմնական մասը նախատեսում է բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական և հանրապետությունում բնապահպանական ոլորտներում ընթացիկ տարվա միջոցառումների իրագործում: Ծրագրված տարվա միջոցառումների գերակշիռ մասը կիրականացվի առաջին եռամսյակում:

Կառավարության 2015 թվականի գերակա խնդիրներով սահմանվում  են կառավարության գործունեության գերակայությունների՝ տնտեսական զարգացման և աճի կայուն տեմպերի, առողջ, կիրթ, զարգացած և հայրենասեր հասարակության կայացման, նրա բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ստեղծման, Արցախի պետականաշինության ինստիտուտների զարգացման  ապահովմանն ուղղված  խնդիրները և դրանց լուծման ուղիները:

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ս. Թևոսյանը, ներկայացնելով ընթացիկ տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները, նշել է, որ պետական բյուջեի մուտքերի, հետևաբար նաև` ծախսային հատկացումների կատարման եռամսյակային բաշխվածությունը ձևավորելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ. նախորդ տարիների ցուցանիշների փաստացի կատարողականները, խոշոր հարկատուների ժամանակագրական կանխատեսումները, ինչպես նաև մակրոտնտեսական միջավայրի ակնկալվող զարգացումները: Կարևոր գործոն է համարվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից հատկացվող միջպետական վարկի տրամադրման եռամսյակային համամասնությունը` հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

2015 թվականի պետական բյուջեի ընդհանուր մուտքերը` 82,318.7 մլն դրամ, բաշխվել են ըստ եռամսյակների:  Առաջին եռամսյակի համար հատկացվել է 16 մլրդ 360.6 մլն դրամ (19.9 %), երկրորդ եռամսյակի համար` 19 մլրդ 536.3 մլն դրամ (23.7 %), երրորդ եռամսյակի պետական միջոցառումների կատարման համար նախատեսված է 21 մլրդ-ից ավելի դրամ (25.5 %) և չորրորդ եռամսյակի համար` 25 մլրդ 397 մլն դրամ (30.9 %):

2015 թվականի պետական բյուջեի ծախսային մասը, որը հաստատված է 87,200.0 մլն դրամի չափով, եռամսյակային կտրվածքով ծրագրվել է` ելնելով բյուջետային մուտքերի, ինչպես նաև դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ժամանակացույցից:

Ընդհանուր ծախսերն ապահովելու համար, ինչպես նաև պայմանագրային փոխառությունները ժամանակին մարելու նպատակով, ըստ Ս. Թևոսյանի,  անհրաժեշտ է ընթացիկ տարում ներգրավել 14,912.8 մլն դրամի վարկեր:

Ֆինանսների  և էկոնոմիկայի նախարարի խոսքով` առաջին եռամսյակում հիմնականում նախատեսվել է սոցիալական բնույթի առաջնահերթ այնպիսի ծախսերի կատարումը, ինչպիսիք են` աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների և այլ սոցիալական վճարների ֆինանսավորումը:

Որոշման մեջ սահմանվել է նաև պետության կարիքների համար 2015 թվականին իրականացվող գնումների անվանացանկը: Նա շեշտել է, որ գնումների իրականացումը դեռևս կատարյալ չէ. անհրաժեշտ է ջանքեր գործադրել` այն օրենսդրության սահմանված կարգին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Պատասխանելով նախագահ Բակո Սահակյանի` պետական գույքի հաշվառման ծրագրի ընթացքի վերաբերյալ հարցին`  Լ. Գրիգորյանը տեղեկացրել է, որ դրա իրագործումը բնականոն ընթացքում է, և նախորդ տարի զգալի ծավալի պետական գույք է հաշվառվել, իսկ արդյունքները վերջնականորեն կամփոփվեն շուտով:

Նիստի ավարտին նախագահն անդրադարձել է անցած տարվա քաղաքական զարգացումներին, կառավարության գործունեությանը եւ 2015 թվականի կարևորագույն անելիքներին ու աշխատանքներին: Խոսելով 2014 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում կառավարության կատարած աշխատանքների մասին՝ Բակո Սահակյանը դրանք գնահատել է, ընդհանուր առմամբ, բավարար:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել 2015 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ կառավարությունից եւ նրա ստորաբաժանումներից ակնկալում է ակտիվ, արդյունավետ ու համակարգված աշխատանք: Ի պատասխան՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ գործադիր մարմինը կարողանալու է պատվով կատարել իր առջև դրված խնդիրները և հանրապետության ղեկավարի հանձնարարականները:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031