Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն առաջարկում է պատգամավորներով գնան Արցախ՝ Բերձորի ծեծը քննարկելու. «Հանրությունը շոկի մեջ է» (Տեսանյութ)

Փետրվար 02,2015 12:51

«ԱԺ պատգամավորները, անկախ նրանից՝ իշխանությունն են ներկայացնում, թե ընդդիմադիր են, արտաքին հարաբերությունների եւ օտարերկրյա գործընկերների հետ շփումների ընթացքում անառարկելիորեն միասնական են դառնում, երբ խոսքը վերաբերում է Ղարաբաղի հարցին: Սա մեր կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է: Ձեր նշած ադրբեջանական զինուժի ակտիվացման ֆոնին անթույլատրելի է ներքին կյանքում որեւէ տարընթերցում թույլ տալու հնարավորությունը: Կարծում եմ, հրեշավոր դեպք է տեղի ունեցել հունվարի 31-ին Բերձորում: Կարծում եմ, դա լրջագույն հարված է ԼՂՀ-ին, Արցախի պետականությանը»,- այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպես դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին:

Նա ասաց, որ այսօր հանրությունն այդ դեպքի հետ կապված պատասխանների է սպասում. «Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ հանրությունը շոկի մեջ է տեղի ունեցածից»:

Նա առաջարկություն արեց Գալուստ Սահակյանին՝ քննարկել ԱԺ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակություն ստեղծելու հարցը: Այդ պատվիրակությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է անհապաղ մեկնի Ստեփանակերտ, Ղարաբաղի գործընկերների հետ քննարկի տեղի ունեցածը:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ այսօր կփորձի քննարկել այդ հարցն իր գործընկերոջ հետ՝ Ղարաբաղի ԱԺ նախագահի հետ. «Միջադեպի հարցով ԼՂՀ պատկան մարմինները զբաղվում են, կփորձեմ այդ ինֆորմացիան վերլուծությունների ենթարկեմ եւ կարձագանքեմ ձեր հայտարարությանը»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդհատել էր Նիկոլ Փաշինյանին եւ անջատել նրա խոսափողը՝ ասելով, որ օրակարգի վերաբերյալ պետք է հարցեր տան:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց, որ Շարմազանովն ի չարս չօգտագործի իր լիազորությունները եւ թույլ տա, որ միտքն ավարտի:

Ավելի ուշ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Բերձորում բացասական վտանգներ է տեսնում ինչպես հայկական, այնպես էլ միջազգային տիրույթում: Ուստի պնդում է, որ խումբ կազմեն եւ մեկնեն Արցախ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728