Լրահոս
Օրվա լրահոսը

Գդալ կուլ տվողը սպառնաց, որ ավելի վատ բաներ իրենից սպասեն

Փետրվար 09,2015 14:30

Ա. Մկրտումյանը կալանավորվելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 29 խուց, որտեղ ցանկացել է ինքնահրկիզման ճանապարհով վերջ տալ իր կյանքին, սակայն խցակիցների միջամտությամբ կրակը մարվել է եւ Ա. Մկրտումյանը ստացել է այրվածք՝ ոտքի շրջանում:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Արմեն Մկրտումյանի եւ Ադելինա Հայրիյանի նկատմամբ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:

Վերջինի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին, իսկ Ա.Մկրտումյանը պահվում է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ինչպես ինքն է ասում՝ յոթ ամիս, այն էլ՝ «ապօրինի»:

Mkrtumyan-2

Դատարան էր ներկայացել նրա պաշտպանը՝ փաստաբան Գարիկ Գալիկյանը, իսկ տիկնոջ պաշտպանը՝ Արայիկ Ալվանդյանն իր պաշտպանյալին ասել էր, թե ուշացումով կգա: Երբ մեղադրող Գյուլումյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, իր մեղավորության հետ կապված դիրքորոշումն արտահայտելու համար կին ամբաստանյալն ասաց, թե կհայտնի պաշտպանի մասնակցությամբ:

Ըստ հրապարակված մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, երկու ամբաստանյալները տուժող Կարինե Գեւորգյանից նրա որդուն քրեական պատասխանատվությունից ազատելու պատրվակով վերցրել են 7 873 400 ՀՀ դրամ: Նրանք հայտնել էին, թե ունեն բարձրաստիճան ծանոթներ իրավապահ մարմիններում:
Ամբաստանյալը, մինչ դատախազը կհրապարակեր մեղադրականի միայն կին ամբաստանյալին վերաբերող հատվածը, ոչ այն է հայտարարություն, ոչ այն է միջնորդություն, ոչ այն է բացատրություն փորձեց ներկայացնել: Նախ, հայտնեց, թե նիստերն անհիմն հետաձգվում են եւ ինքը չի կարողանում արդարության հասնել: Դատավորը հայտնեց, որ անցյալ տարվա հուլիսից նշանակված դատական նիստերը երբեք չեն հետաձգվել, բացառությամբ այս տարվա հունվարի անդրանիկ նիստը՝ կապված դատավորի հիվանդության հետ:

Ամբաստանյալն ասաց, թե տուժողը «շանտաժիստկա» է, որ չի ճանաչում նրան, որ միայն գդալ կուլ չի տալու, հացադուլ չի անելու, ինչպես որ անում է պարբերաբար, այլ ավելի վատ բաներ է անելու այսօրվանից:
Ի դեպ, դատարանում տուժողը մենակ չէր, նրա ներկայացուցիչն էր փաստաբան Զոյա Հակոբյանը:

Դատարանն ամբաստանյալի հայտարարությունը կցեց քրեական գործին, քանի որ նա դեռ ցուցմունք չէր տվել, իսկ հայտարարության մի քանի տողերից պարզ դարձավ, որ խոսք է գնում հենց իր գործողությունների մասին:

Անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին դատավոր Վ.Գրիգորյանը որոշում էր կայացրել՝ կապված ամբաստանյալ Արմեն Մկրտումյանի շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանի միջնորդության հետ՝ նրա նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին:

Պատճառաբանությունն այն էր, որ Ա. Մկրտումյանը կալանավորվելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 29 խուց, որտեղ ցանկացել է ինքնահրկիզման ճանապարհով վերջ տալ իր կյանքին, սակայն խցակիցների միջամտությամբ կրակը մարվել է, եւ Ա.Մկրտումյանը ստացել է այրվածք՝ ոտքի շրջանում:

Ըստ պաշտպանի՝ ՀՀ ՊՆ Երեւանի Մաշտոցի զինվորական կոմիսարի 18.09.2014թ. թիվ 4/1377 գրության համաձայն, Ա. Մկրտումյանը հաշվառված է Մաշտոցի զինկոմիսարիատում, առողջական վիճակի պատճառով բանակում չի ծառայել եւ զինվորական ծառայությունից ազատվել է 6/Բ հոդվածով, այն է՝ հոգեկան խանգարումներ, ինչը վկայել է ամբաստանյալի հոգեկան անհավասարակշիռ վիճակի եւ իր գործողություններին հաշիվ տալու ունակությունից զրկված լինելու մասին: Նման պայմաններում, անհրաժեշտ է իր պաշտպանյալի նկատմամբ իրականացնել ստացիոնար դատահոգեբուժական հետազոտություն, որով կհերքվի կամ կհիմնավորվի նրա կողմից հոգեկան հիվանդությամբ տառապելու հանգամանքը:

Մեղադրողն առարկել էր միջնորդության դեմ, պատճառաբանելով, թե պաշտպանի կողմից որեւէ հիմնավոր փաստարկ դատարանին չի ներկայացվել, իսկ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակվում է անձի մեղսունակության կամ անմեղսունակության հարցը պարզելու համար: Բացի այդ. «ամբաստանյալ Ա.Մկրտումյանը ներկա պահին իր կարգավիճակով որեւէ ոչ ադեկվատ վարքագիծ չի դրսեւորում դատական նիստերի ընթացքում, ուստի միջնորդությունն անհիմն է եւ ենթակա չէ բավարարման»:
Սակայն դատարանը բավարարել էր միջնորդությունը, իսկ երեկ ստացվել էր եզրակացությունը:

Ամբաստանյալ Ա. Մկրտումյանը տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն մեղսագրվող արարքի նկատմամբ մեղսունակ է:

Եզրակացության մեջ նշվում էր նաեւ, որ խորհուրդ է տրվում ամբաստանյալին հետագա հսկողության եւ բուժման նպատակով տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Դատախազը հիմնավոր համարեց տվյալ եզրակացությունը, իսկ պաշտպան Գ.Գալիկյանն ասաց, որ հիմնավոր չի, եւ փորձագիտական եզրակացության պատճենը ստանալուց հետո չի բացառվում, որ միջնորդի կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու մասին:

Ի դեպ, դատարանում ամբաստանյալի պահվածքն ամենեւին էլ չէր խոսում նրա մեղսունակության մասին:

«Առավոտի» տեղեկություններով, գործի նյութերում կա մի փաստաթուղթ, որ երբ ամբաստանյալ Արմեն Մկրտումյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում ինքնասպանության փորձ է կատարել, համաձայն դատարանի կողմից կատարված հարցման պատասխանի, ստացվել է պատասխան գրություն. 16.06.1987թ. ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի ՍՍՀՄ ՊՆ 185-1973թ. հրամանի 6Բ կետով, այն է՝ հոգեկան խանգարումներ եւ ազատվել է զինվորական ծառայությունից, որոնք լուրջ կասկածներ են հարուցել դատարանի մոտ վերջինիս հոգեկան հիվանդությամբ տառապելու փաստը հիմնավորելու կամ սիմուլյացիայի դիմելու հանգամանքը բացառելու համար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728