Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են ՀՀ սփյուռքի նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները

Փետրվար 25,2015 14:14

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարունակվել է հանրապետական գործադիր մարմինների՝ 2014 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականների հաշվետվությունների քննարկումը: Մասնավորապես, զեկույցով  հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ներկայացնելով Սփյուռքի նախարարության 2014թ. իրականացված աշխատանքները, նախարարը նշել է, որ հաշվետու տարում նախատեսված երեք գերակա խնդիրները կատարվել են: Մասնավորապես, ընդլայնվել են նախարարության ու համահայկական կառույցների համատեղ ծրագրերը, կազմակերպվել են հայապահպանությանը նվիրված համաժողովներ, մրցանակաբաշխություններ, մշակութային միջոցառումներ և այլն:  Տեղի են ունեցել «Իմ Հայաստան» փառատոնը, «Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովը, կազմակերպվել է «Սփյուռք» ամառային դպրոցը, որին նախատեսված 100-ի դիմաց ապահովվել է 222 սփյուռքահայի մասնակցություն՝ աշխարհի 22 երկրից: Նախորդ տարվա ընթացքում կազմակերպվել են նաև Հայոց լեզվի արագացված ուսուցման, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների, Ազգային երգի ու պարի դասընթացներ:

Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը   2014 թվականին իրականացվել է 8 փուլով: Նախատեսված մինչև 1000 մասնակցի փոխարեն հյուրընկալվել է 1071 սփյուռքահայ երիտասարդ՝ աշխարհի 31 երկրից: Առաջին անգամ ծրագրին մասնակցել է Դիարբեքիրից իսլամացած 50 հայերի խումբը:

Նախարարության հաջորդ գերակայությունն է եղել արտակարգ իրավիճակներում հայտնված սիրիահայերի, այսօր արդեն նաև ուկրաինահայերի և իրաքահայերի հետ աշխատանքների համակարգումը: Նշվել է, որ Հայաստանում է գտնվում 12 հազարից  ավելի սիրիահայ. նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օժանդակություն՝ կացարանի, կրթության, առողջապահական և այլ հարցերով: Այժմ աշխատանքներ են տարվում նաև Ուկրաինայի տարածաշրջաններից և Իրաքից սփյուռքահայերի՝ հայրենիք վերադարձը կազմակերպելու և նրանց սոցիալական տարբեր ծրագրերում ներգրավելու ուղղությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարությունը  ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ համակարգում է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն ու տարածաշրջանային հանձնախմբերի աշխատանքները: Մասնավորապես, աշխարհի 50-ից ավելի երկրում գործող 61 հանձնախմբերը շարունակում են իրականացնել միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված համակողմանի աշխատանքները՝ կազմակերպելով տարբեր համաժողովներ, կլոր-սեղան քննարկումներ, տեղի հասարակական, քաղաքական շրջանակների հետ հանդիպումներ, հիշատակի արարողություններ և այլն:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նախարարության դերը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում, շեշտելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հայապահպանությանն ուղղված աշխատանքները: Վարչապետը կարևորել է  սփյուռքահայերի շրջանում հայոց լեզվի, գրականության ու մշակույթի տարածումը: Կարևորվել է նաև «Արի տուն», մանկավարժների վերապատրաստման և մյուս ծրագրերի շարունակականությունը, սփյուռքի հայկական ուսումնական հաստատությունները դասագրքերով ու հայ գրականությամբ համալրելու աշխատանքները:

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728