Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրասիական պրոյեկտներն ակնթարթորեն մի կողմ չեն դրվի, բայց դրանց ապագան լուրջ կասկածի տակ է». «168 ժամ»

Փետրվար 26,2015 12:15

Հարցազրույց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, տնտեսական եւ քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովի հետ

– Միջազգային պարբերականները, վարկանիշային գործակալությունները պնդում են, որ Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը, նավթի գնանկումը, ռուբլու փոխարժեքի նվազումը հետագայում խոչընդոտելու են Ռուսաստանի տնտեսական աճի հնարավորությանը, ինչը ստիպելու է Պուտինին գնալ կրճատումների։ Վերլուծաբանների կարծիքով՝ ռազմական ծախսերի կրճատումն անհնար է, ոչ այնքան ապահով խավերին տրվող աջակցության կրճատումը՝ ևս, իշխանության պահպանման միջոց է մերձավորներին պետական միջոցներով ապահովելը, դա ևս, ըստ կանխատեսումների, անհնար է։ Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները, շատ փորձագետների կարծիքով, այն ոլորտն են, որտեղ Պուտինը կարող է տնտեսել, երբ տպավորություն է, թե դրանք չեն գործում։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Ես համաձայն եմ այն կարծիքին, թե տնտեսական ոլորտում Ռուսաստանի Դաշնությունում դրությունը պարզ և հեշտ չէ, սակայն ես չէի փորձի թաղել տնտեսական ինտեգրացիոն պրոյեկտներն այս դժվարությունների ֆոնին, քանի որ կան առաջնայնություններ։ Այո, Ռուսաստանում կան տնտեսական դժվարություններ, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանի ռեսուրսները վերջացել են, և Ռուսաստանը թևակոխել է տոտալ սովի մի հազարամյակ։ Բարեբախտաբար, իրավիճակը հեռու է նման բացասական կանխատեսումներից։ Ինձ թվում է, որ այստեղ հարցն այլ է։ Տնտեսական ճգնաժամը պատճառ է, որպեսզի կրճատվեն ավելորդ շռայլ ծախսերը։ Այս իմաստով մի մշտական հարց կա անհանգստացնող՝ արդյո՞ք տնտեսապես արդյունավետ է «վճարել» քաղաքական գործիչներին Ռուսաստանին նվիրվածության համար։ Գաղտնիք չէ, որ ինտեգրացիոն պրոյեկտները ձեռնտու են մեր հարևաններին հետսովետական տարածքում, բայց ձեռնտու չեն Ռուսաստանին տնտեսապես, և, երբ ճգնաժամ է առաջանում, բնականաբար, հարց է առաջանում, թե կարո՞ղ ենք մենք մեզ այս շռայլությունը թույլ տալ, կամ այն մեկը, դա պե՞տք է, թե՞ ոչ։

Այսինքն՝ կան որոշակի ռեսուրսներ, բայց պե՞տք է արդյոք դրանք ծախսել ինտեգրացիոն գործընթացների վրա այն մասշտաբով, ինչ պլանավորվել էր։ Սա բավականին լուրջ հարց է, որն այս պահին առկա է և մտահոգում է բոլորին, քանի որ այդ ինտեգրացիայի ազդեցությունը, էֆեկտը Ռուսաստանի համար միանշանակ չէ։ Բայց Հայաստանի անդամակցության դեպքում ևս մի շարք լուրջ հարցեր կան։ Եթե Հայաստանն ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, ապա ինչո՞ւմն է Մաքսային միության արդյունավետությունը Հայաստանի համար։ Սա թուլացնում է այդ անդամակցության ազդեցությունը։ Եվրասիական տնտեսական միությունում այլ գործոններ ևս տեսնում ենք, ոչ միայն ՌԴ տնտեսական ճգնաժամի հարցը։ Օրինակ՝ տեսեք, թե ինչպես է իրեն դրսևորում Լուկաշենկոն։ Նա ակնհայտորեն օգտագործում է Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը, որպեսզի ևս մեկ անգամ խաղա Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առկա խնդիրներից շահելու իր սիրելի խաղը։ Նա իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում։ Բայց մենք կարո՞ղ ենք Լուկաշենկոյին համարել տնտեսական լավ գործընկեր, ով անկեղծ է խաղալու։ Իհարկե ոչ, և մենք նրա ձեռքը բռնեցինք։ Ղազախստանի դեպքում նույնն է, ռուբլու արժեզրկումից հետո Ղազախստանը փակեց սահմանն ընդհանուր տարածքի պայմաններում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ոչ բոլոր մեր գործընկերներն են անկեղծ մեզ հետ։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728