Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետ. ԼՂՀ միջազգային սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ զգալի անելիքներ ունենք

Մարտ 07,2015 20:34

Վարչապետ Արայիկ Հարությունյանի ելույթի տեքստը

«Ազատ հայրենիք» կուսակցության համագումար

Մարտի 7, 2015թ.

Սիրելի՛ կուսակիցներ,

Ինչպես գիտեք, «Ազատ հայրենիք» կուսակցության նախորդ համագումարը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսին՝ նախագահական ընտրությունների նախօրեին: Այդ ժամանակ կուսակցությունը որոշում է կայացրել սատարել նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Ընտրությունների արդյունքը փայլուն էր. մեր աջակցած թեկնածուն ստացավ բնակչության վստահությունը: Արդյունքում՝ ես վերանշանակվեցի վարչապետ՝ իրագործելու համար նախագահի նախընտրական ծրագիրը, որի մեջ արտացոլվել են նաև մեր կուսակցության ծրագրային դրույթները:

Ուստի, թույլ տվեք հակիրճ անդրադառնալ 2007 և 2012 թվականներից առ այսօր հանրապետության կենսագործունեության հիմնական բնագավառներում կառավարության կատարած աշխատանքներին, որոնցում իր շոշափելի ներդրումն ունի «Ազատ հայրենիքը»՝ որպես ընտրողների վստահությունը վաստակած և քաղաքական պատասխանատվություն կրող առաջատար ուժ: Կուսակցության ակտիվ մասնակցությունն իշխանության գործադիր և օրենսդիր թևերի գործունեությանը տեսանելի է բոլորի համար, այդ պատճառով կուզեի իմ ելույթում միակցել կուսակցության և կառավարության կատարած աշխատանքները՝ հանդես գալով որպես թե՛ վարչապետ և թե՛ կուսակցության նախագահ:

 

Տնտեսական բնագավառ:

Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության շնորհիվ մեզ հաջողվել է 2007-2014 թվականների ընթացքում կայուն տեմպերով զարգացնել տնտեսությունը և ապահովել շուրջ 10 տոկոս միջին տարեկան տնտեսական աճ: Համոզված եմ՝ բոլորն իրենց մաշկի վրա զգացել են տնտեսական նշանակալի առաջընթացը: Այնուամենայնիվ, որպեսզի տեսանելի և քանակապես փաստարկված լինի այն, եկեք դիտարկենք ամենախոսուն թվերի լեզվով:

2014 թվականի համախառն ներքին արդյունքի հաշվարկային ցուցանիշը, որը կազմել է 189 մլրդ դրամ, մոտ 2.7 անգամ գերազանցում է 2007 թվականի մակարդակը: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2014 թվականին կազմել է 1մլն 200 հազար դրամ, 2012 թվականի 1 մլն 23 հազար դրամի և 2007 թվականի 510 հազար դրամի դիմաց՝ աճելով համապատասխանաբար 12.5 տոկոսով և 2,3 անգամ:

2014 թվականին 2007-ի նկատմամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների թիվն ավելացել է շուրջ 5,000-ով կամ 2,9 անգամ: Վարձու աշխատողների թիվը 2007 թվականի 41 հազարից 2014 թվականին հասել է 50,3 հազարի՝ աճելով շուրջ 22 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը 2014 թվականին կազմել է 131 հազար դրամ: Այն  2012 թվականի նկատմամբ աճել է 32.5 տոկոսով, իսկ  2007 թվականի մակարդակը գերազանցում է մոտ 2 անգամ: Որպես տնտեսական ակտիվ քաղաքականության արդյունք՝ 2007 թվականի համեմատ 2014 թվականին բնակչության դրամական եկամուտներն աճել են 2.3 անգամ:

2014 թվականին արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է  մոտ 40 տոկոսով 2007 թվականի նկատմամբ և 11 տոկոսով՝ 2012 թվականի նկատմամբ: Ցուցանիշը ինքնըստինքյան լավատեսական է. Այն խոսում է արտաքին տնտեսական գործունեության աշխուժացման մասին: Սակայն բոլորիս համար գաղտնիք չէ, որ դա հիմնականում տեղի է ունենում ներմուծման ծավալների ավելացման հաշվին: Արտահանման ծավալների ավելացումը և բացասական արտաքին հաշվեկշռի մեղմացումը մեր արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական նպատակն է, և դրան հասնելու համար կիրառվում են արտահանման ներուժ ունեցող արտադրությունների խթանման մի շարք գործիքներ:  Արդյունքում՝ վերջին տարիներին արտահանման ծավալներն ավելի արագ տեմպերով են աճում, քան ներկրման ծավալները: 2014 թվականի տարեվերջի դրությամբ տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը կազմել է ՀՆԱ-ի 52 տոկոսը՝ 2007 թվականի 14.7 տոկոսի դիմաց: Այստեղ բիզնեսի զարգացման համար նշանակալից դերակատարություն է ունեցել բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում 688 տնտեսվարող սուբյեկտ ստացել է արտոնյալ վարկ, որոնց տոկոսադրույքների սուբսիդավորման համար ծախսվել են 3.5 մլդ դրամ բյուջետային միջոցներ:

2014 թվականի ցուցանիշներով հարկային եկամուտները 2007 թվականի նկատմամբ աճել են ավելի քան 2 անգամ, իսկ հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է  շուրջ 16 տոկոս՝ 2007 թվականի 19 տոկոսի դիմաց: Սա խոսում է նաև բիզնեսի զարգացման նպատակով կիրառվող հարկային լայն արտոնությունների առկայության մասին:

Հանրապետությունում 2014 թվականին իրականացվել են 52 մլդ դրամի շինարարական աշխատանքներ: Դրանք 2012 թվականի մակարդակը գերազանցում են 36 տոկոսով և մոտ 2.5 անգամ ավել են 2007 թվականին իրականացված շինարարական աշխատանքների ծավալից:

Իրական ներդրումների ընդհանուր ծավալը 2007-2013թվականներին կազմել է ավելի քան308 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը կատարվել է արդյունաբերության ոլորտում:

Մեր առաջնահերթ հիմնախնդիրների լուծումը` կապված տնտեսության դիվերսիֆիկացման, տնտեսական անվտանգության ապահովման, զբաղվածության աճի, արտաքին հաշվեկշռի դեֆիցիտի կրճատման և ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման հետ, մենք առաջին հերթին տեսնում ենք արդյունաբերության  և գյուղատնտեսության զարգացման մեջ: Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2007-2014թթ.-ին միջինում կազմել է 11 տոկոս: Այստեղ հատկանշական է կառուցվածքային տեղաշարժերի  արձանագրումը: Այսպես, եթե 2007 թվականին արդյունաբերական արտադրանքի արտադրության ավելի քան 46 տոկոսը բաժին է ընկել հանքարդյունաբերությանը, 35 տոկոսը՝ մշակող արդյունաբերությանը և մոտ 19 տոկոսը՝ էներգետիկային, ապա 2014 թվականին  հանքագործական արդյունաբերությունը կազմել է ընդհանուրի 28 տոկոսը, մշակող արդյունաբերությունը՝ 39, իսկ էներգետիկան 33 տոկոսը: Սա նշանակում է, որ ոլորտում արձանագրված աճը տեղի է ունեցել գերազանցապես մշակող արդյունաբերության և էներգետիկայի աճի շնորհիվ, ինչն էլ արդյունք է թեթև արդյունաբերության, սննդի վերամշակման, էներգետիկայի, շինանյութերի արտադրության ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման:

Վերջին տարիների ընթացքում փոքր հէկ-երի կառուցման ծրագրերի շնորհիվ տարեցտարի ավելացել է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը: Այսօր ԼՂՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի միջին տարեկան ծավալը կազմում է 220 մլն կվտ/ժ, իսկ  արդեն սկսված Սոտք-Հաթերք բարձրավոլտ  օդային գծի կառուցումը կբարձրացնի էներգամատակարարման հուսալիության մակարդակը: Հանքարդյունաբերությունում կարևորում ենք Կաշենի պղնձամոլիբդենային  և Թունդիրգետի  ոսկու հանքերի շահագործման ծրագրերը: Թեթև արդյունաբերության ոլորտում պետական աջակցությամբ 2013 թվականից ձեռնարկված ծրագրերը կարելի է ասել, վերակենդանացրել են  զարգացման մեծ ներուժ ունեցող այդ ճյուղը՝ հատկապես կանանց համար հիմնելով շուրջ 500 նոր աշխատատեղ:  Նշենք, որ տնտեսական քաղաքականության առանցքային ուղղությունը միտված է ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, որի կարևորությունն առաջին հերթին պայմանավորված է պարենային անվտանգության ապահովման խնդրով:

Տարիների ընթացքում առաջընթաց ենք արձանագրել նաև ագրարային ոլորտում:  2007-2014 թվականներին գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալի միջին տարեկան աճը կազմել է 6,2 տոկոս:

Հաշվի առնելով երկրի զարգացման և պարենային անվտանգության ապահովման համար ագրարային ոլորտի կարևորությունը՝ մենք որդեգրել ենք  գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկման քաղաքականություն, որի շրջանակում իրականացրել ենք բնագավառի և գյուղի զարգացման ներուժի լրիվ և արդյունավետ օգտագործմանն ուղղված  մի շարք  ծրագրեր ու միջոցառումներ:

Հատկանշական են  պետական ֆինանսական աջակցությամբ  գյուղտեխնիկայի պարկի թարմացմանը, ցանքատարածությունների, այդ թվում նաև ոռոգովի տարածքների ընդլայնմանը, նոր մշակաբույսերի իրացմանը, անասնագլխաքանակի ավելացմանն ուղղված ծրագրերը: Վերջին 5 տարիներին հանրապետություն է ներկրվել և լիզինգի կարգով տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվել 1441 միավոր  գյուղատնտեսական տեխնիկա և ագրեգատներ՝ 4 մլրդ 533 մլն դրամ ընդհանուր արժեքով: Ցանքատարածությունների և ոռոգովի տարածքների ընդլայնման առումով կարևորում ենք «Արաքսի հովտի» և Թալիշի ենթաշրջանի զարգացման ծրագրերը:

Զգալի հաջողություններ են գրանցվել նաև տնտեսության մյուս ոլորտներում:

 

Սոցիալական բնագավառ:

Առողջ, կիրթ, զարգացած և հայրենասեր հասարակության կայացումը, նրա բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ապահովումը մեր գործունեության գերակա նպատակներից են, և մեր որդեգրած սոցիալական քաղաքականությունն ուղղված է դրանց իրագործմանը:

Հատկանշական է, որ յուրաքանչյուր տարի ոչ միայն պահպանվում, այլ նաև աճի միտում է գրանցվում բյուջեի սոցիալական ուղղվածության ծախսերում: Վերջին տարիներին բյուջեի ծախսերի ավելի քան 60-65 տոկոսը եղել է ուղղակի սոցիալական բնույթի՝ հաշվի առնելով, որ  բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների հիմնական մասը ևս ուղղվում է սոցիալական խնդիրների լուծմանը, դրանք են՝  դպրոցների, մանկապարտեզների կառուցումը, բնակչության սոցիալական խմբերի համար բնակարանաշինությունը և այլն:

Առողջապահության ոլորտին ուղղվող միջոցները միջին տարեկան կտրվածքով՝ ավելացել են  17 տոկոսով, կրթությանը՝ 13 տոկոսով,  սոցիալական պաշտպանության գծով՝  ավելի քան 20 տոկոսով:

2014 թվականին 2007 թվականի համեմատ մոտ 65 տոկոսով ավելացել է կենսաթոշակի միջին չափը, իսկ 2012 թվականի նկատմամբ ավելի քան 24 տոկոսով:

Ոլորտում իրականացվող ծրագրերի գերակշիռ մասը, որպես բարձրագույն արժեքների կարևորում, ուղղված է ընտանիքին, մայրությանը, մանկությանը, առողջապահությանը, կրթությանը:

Մեր գործունեության  նպատակային ուղղություններից մեկը եղել և մնում է բնակչության բնակարանային պայմանների բարելավումը: Այդ բնագավառում տարվող քաղաքականությունն ուղղված է իրականացվող ծրագրերի պայմանների բարելավմանն ու նոր, ավելի արտոնյալ պայմաններով ծրագրերի կյանքի կոչմանը: Բանկային հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակում հիմնականում Ստեփանակերտ քաղաքից 2109 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները, որից 859-ը ձեռք է բերել նոր բնակարան: Նույն ծրագրից օգտվել է նաև շրջկենտրոնների և գյուղական բնակավայրերի ավելի քան 550 ընտանիք: Բնակարանային շինարարության պետական ծրագրերի շրջանակում տարբեր սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների հատկացվել է 722 բնակարան:

 

Ժողովրդագրություն

2007 թվականից առ այսօր հանրապետության բնակչության թիվը զգալի աճ է արձանագրել՝ 8 տարում գրեթե 11,000-ով կամ շուրջ 8 տոկոսով: Դա հնարավոր է դարձել և՛ բնական, և՛ մեխանիկական աճի շնորհիվ:

Ծնելիության խթանմանը միտված ակտիվ քաղաքականության շնորհիվ վերջին տարիներին ավելի քան 20 տոկոսով աճել է ծնունդների թիվը, ինչը շոշափելի ձեռքբերում է ցանկացած զարգացող պետության համար: Երեխաները և նորակազմ ու բազմազավակ ընտանիքները հայտնվել են մեր սոցիալական քաղաքականության կենտրոնում, ինչը տեսանելի է թե՛ ծնունդների քանակի, թե՛ բնագավառին տրամադրվող միջոցների կտրուկ աճով:

Վերաբնակեցման քաղաքականությանը զուգահեռ կառավարությունը մեծ թափ է հաղորդել Քաշաթաղի և Շահումյանի շրջանների զարգացմանը՝ որպես գլխավոր նպատակ ունենալով տեղում բնական հավելաճի, տնտեսական ակտիվության և կեցության համար արժանապատիվ պայմանների ապահովումը: Մի քանի անգամ աճել է նշյալ շրջաններում ենթակառուցվածքների վիճակի բարելավմանն ուղղվող գումարների չափը:

2007-2012 թվականներին հայրենադարձությանն ուղղված պետական և բարեգործական աշխատանքների արդյունքում ԼՂՀ 92 բնակավայրում վերաբնակվել է 943 ընտանիք` 3289 անձով: 2009թ.-ից գործարկվել է նաև պետության կողմից հատկացված շինանյութով սեփական ուժերով վերաբնակիչների բնակարանների վերակառուցման ծրագիրը: Իսկ 2013-2014 թվականներին շարունակվող  ծրագրերի արդյունքում ԼՂՀ  շուրջ 70 բնակավայրերում մշտապես հաստատվել է 212 վերաբնակ ընտանիք՝ 812 անձով: Այսպիսով, 2007 թվականից առ այսօր հանրապետությունն ընդունել է ավելի քան 4,000 վերաբնակիչ:

 

Կառավարման համակարգ:

Զգալի աշխատանք է տարվել կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ թե՛ ինստիտուտների ամրացման և թե՛ կադրերի պատրաստման միջոցով: Պետական կառավարման համակարգում արձանագրված ձեռքբերումներից կուզեի ընդգծել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում ունեցած հաջողությունը: Կարծում եմ՝ բոլորը կընդունեն, որ վերջին տարիներին շոշափելի արդյունքներ կան այս ուղղությամբ: Մյուս կողմից, դեռ շատ անելիքներ ունենք մեր ցանկալի մակարդակին հասնելու համար, ինչը հնարավոր կդառնա համակարգի համալիր բարեփոխումների իրագործման պարագայում:

Մեկ այլ ուշագրավ հաջողություն է հասարակական կարգի արդյունավետ ապահովումը: Այն, որ մեր քաղաքացիներն իրենց անվտանգ են զգում ցանկացած վայրում և ցանկացած պահի, ինքնին մեծ ձեռքբերում է:

 

Քաղաքական ուղղություն:

«Ազատ հայրենիք» կուսակցությունն իր հիմնադրման պահից ի վեր առանցքային դերակատարում է ունեցել հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական բոլոր գործընթացներին: 2005 թվականին, հանդես գալով քաղաքական դաշտի բևեռների միջև, կուսակցությունն էական դերակատարում է ունեցել այդ տարիների քաղաքական կառուցողական օրակարգի ձևավորման գործում: 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացել ենք ընտրողների ստվար հատվածի վստահությունը և, համոզված եմ, այս հինգ տարիների ընթացքում արդարացրել ենք այն: 2007 և 2012 թվականներին մենք ընտրություններում աջակցել ենք նախագահ Բակո Սահակյանին և կառավարության ձևավորման գործում ստանձնել քաղաքական լուրջ պատասխանատվություն:

Քաղաքական դաշտում պահպանում ենք համագործակցության և խնդիրների քննարկման համերաշխ միջավայրը: Ակտիվ մասնակցություն ենք ունեցել ներքին և արտաքին քաղաքական օրակարգերի ձևավորման գործընթացներին: Զգալի աշխատանք ենք կատարել կուսակցության միջազգային կապերի հաստատման և ամրապնդման ուղղությամբ:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հակիրճ ներկայացվեցին կառավարության և կուսակցության կատարած աշխատանքները գլխավորապես 2007 թվականից ի վեր: Այժմ կցանկանայի անդրադառնալ առկա խնդիրներին, մեր անելիքներին և նպատակներին:

Որո՞նք են, ըստ իս, մեր կուսակցության գլխավոր անելիքները հաջորդ տարիների համար:

  1. Տնտեսական զարգացման առկա տեմպերի պահպանումը:

Տնտեսական ոլորտում գրանցված որոշ ձեռքբերումների մասին արդեն նշվեց, որոնք բարենպաստ հող են ստեղծել հետագա տարիների տնտեսական զարգացման համար: Բնականաբար, հաջողությունների կողքին գոյություն ունեն նաև խնդիրներ և մարտահրավերներ, որոնք պայմանավորելու են հաջորդ կառավարությունների գործունեության առաջնահերթություններն ու մոտեցումները: Ես կառանձնացնեի հետևյալ մարտահրավերները և նպատակները՝

  • Տնտեսական կայուն զարգացման համար բարենպաստ գործարար միջավայրի պահպանում և բարելավում: Սա վերաբերում է և՛ ներդրումային գրավչության բարձրացմանը, և՛ ազատ ու մրցակցային շուկայի ապահովմանը, և՛ պետական երաշխիքների տրամադրմանը, և՛ համապատասխան որակավորված մասնագետների ապահովմանը և մի շարք այլ հարցերի: Երաշխավորելով սեփական եկամուտների չափի կայուն աճը՝ մենք պետք է միևնույն ժամանակ հնարավորություն տանք տնտեսվարող սուբյեկտներին հարկային թեթև բեռով աշխատել տնտեսության զարգացման ուղղությամբ: Հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանի և բնագավառի առանձնահատկությունները՝ պետք է նաև պատրաստ լինենք ոլորտային լրացուցիչ արտոնություններ տրամադրել հատկապես ռազմավարական բնագավառներին: Չէ՞ որ մեր տիպի զարգացող հանրապետությունների համար կենսական հարց է հնարավորություն տալ տնտեսությանը շնչել և բարգավաճել՝ ուղղակիորեն ազդելով բնակչության կենսամակարդակի վրա:
  • Հատուկ հոգածության տակ պահել ռազմավարական ուղղությունները, որոնք բացի տնտեսական աճից, առնչվում են նաև պետական անվտանգության հարցերին: Մասնավորապես՝ գյուղատնտեսությունը և էներգետիկան, որպես բնակչության առաջնային պահանջմունքների բավարարման ոլորտներ, եղել են և կլինեն մեր ուշադրության ներքո: Թեև այս ուղղությամբ ձեռքբերումներն ակնհայտ են, սակայն մենք պետք է ձգտենք հասնել հնարավոր առավելագույն ինքնաբավության պարենամթերքի և էլեկտրաէներգիայի մատակարարման հարցերում:
  • Պահանջվող որակի և քանակի ոլորտային մասնագետների պատրաստում: Կայուն զարգացման համար որակյալ մասնագետների առկայությունը անհրաժեշտ պայման է, այնինչ ժամանակակից հմտություններով և գիտելիքներով զինված մասնագետների թիվը խիստ սուղ է տնտեսության մեջ: Քաջ գիտակցում ենք, որ դա ժամանակի հարց է:

 

  1. Քաղաքական համակարգի արդյունավետության բարձրացումը, ԼՂՀ միջազգային սուբյեկտայնության աճի ապահովումը և ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորմանն աջակցության ցուցաբերումը:

Արցախի ներկա քաղաքական համակարգը գտնվում է կայացման որոշակի փուլում, որին հասնելու ճանապարհին «Ազատ հայրենիք» կուսակցությունն իր ուրույն դերակատարումն է ունեցել: Անվիճելի է, որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու մեր հռչակած տեսլականին մոտենալու համար, որում քաղաքական ուժերը և քաղաքացիները կունենան ցանկալի մակարդակի հասունություն և պատրաստվածություն: Մեր կուսակցությունը շարունակելու է իր ջանքերը այդ ուղղությամբ՝ աչքի առջև ունենալով համակարգի արդյունավետությունը, բոլորի համերաշխությունն ընդհանուրի սկզբունքներին և արժեքներին համապատասխան և առողջ մրցակցությունը որպես հիմնական սկզբունքներ: Ինստիտուտների զարգացումը և ներուժի ամրապնդումը քաղաքական համակարգի կայացման գլխավոր գրավականն է, ինչը կերաշխավորի անհատներից անկախ համակարգի արդյունավետ գործունեությունը:

ԼՂՀ միջազգային սուբյեկտայնության բարձրացման ուղղությամբ ևս զգալի անելիքներ ունենք՝ թե՛ որպես առաջատար կուսակցություն և թե՛ որպես կառավարության գործունեության համար պատասխանատու ուժ: Միջազգային կապերի հաստատումը և ամրապնդումը մեր մշտական ուշադրության ներքո պետք է գտնվեն:

Հակամարտության կարգավորման ճանապարհին մեր գլխավոր անելիքը կհամարեի բանակաշինությանը և տնտեսական զարգացմանն առավելագույն աջակցություն ցուցաբերելը: Դարերի փորձն է հուշում, որ եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի: Վերջին ամիսների ադրբեջանական արկածախնդիր վարքը հանրապետության անվտանգության մակարդակի էլ ավելի բարձրացումը դարձրել է բոլորիս գլխավոր անելիքը: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա ողջունելի են հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարվող ջանքերը: Միևնույն ժամանակ վերահաստատում ենք, որ առանց Արցախի բնակչության բոլոր իրավունքների ճանաչման՝ հնարավոր և ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ:

 

  1. Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը:
    • Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների արդյունավետության բարձրացում:

Ի՞նչ խնդիրներ ունենք…

Խնդիրներն ի հայտ են գալիս տարբեր հարաբերություններում և մակարդակներում: Մասնավորապես՝ փոքրաթիվ բնակչությամբ համայնքների առկայությունն ինքնին պայմանավորում է բազմաթիվ դժվարություններ թե՛ կառավարման և թե՛ բավարար եկամուտների հավաքագրման հարցերում: Օրինակ, ինչու՞ համայնքների մեծամասնությունում կառավարման համապատասխան ենթակառուցվածքները զգալիորեն պակասում են, չկան բավարար քանակի և որակի կադրեր, ՏԻՄ-երն ի վիճակի չեն իրենց պարտադիր և պատվիրակված լիազորությունները լրիվությամբ կատարելու և այլն:

Տեղական ինքնակառավարման լավագույն համակարգ ունեցող երկրներից մեկը՝ Դանիան, ունի 98 համայնք՝ մեկ համայնքին ընկնող միջինը 55,000 բնակչով, իսկ կարո՞ղ եք ասել, թե ինչպիսին է պատկերն Արցախում… 228 համայնք՝ միջինը 653 բնակչով (Ստեփանակերտը ներառյալ), իսկ 228-ից 153 համայնք ունի 300-ից քիչ բնակիչ, ինչը նշանակում է համայնքների ընդհանուր թվի շուրջ 65 տոկոսը:

Մեր նպատակն է՝ հաշվի առնելով Արցախի առանձնահատկությունները՝ գալիք տարիներին ձեռնամուխ լինել առկա համակարգի արմատական բարեփոխմանը՝ էականորեն բարձրացնելով դրա արդյունավետության մակարդակը: Թե ինչ ուղիով պետք է դա կատարվի, հանրային և մասնագիտական քննարկումների հարց է:

  • Պետական կառավարման համակարգի կադրերի արդյունավետության բարձրացում:

Կառավարման կադրերի ընտրության, վերապատրաստման և եղած ներուժի արդյունավետ օգտագործման հարցերում նկատելի են խնդիրներ, որոնք դրսևորվում են թե՛ կատարվող աշխատանքի արդյունքներում՝ որպես օբյեկտիվ, թե՛ քաղաքացիների դժգոհության մեջ՝ որպես սուբյեկտիվ ցուցիչներ:

Մեր տեսլականն է՝ ունենալ արդյունավետ և ուժեղ ինստիտուտներ՝ հենվելով ձեռնհաս և արժանավոր կադրերի վրա: Համոզված եմ՝ որքան մոտենանք մերիտոկրատիայի կանոններին, այնքան կբարձրանա կառավարման համակարգի արդյունավետությունը:

  • Պետական համակարգի գերհագեցվածության բարեփոխում:

Ակնհայտ է, որ հանրապետության տարածքի և բնակչության քանակի համեմատ պետական համակարգում ընդգրկված աշխատակիցների քանակը անհամեմատելիորեն ավել է անհրաժեշտ չափից, ինչը, բնականաբար, իր պատճառներն ունի: Պատճառներից կառանձնացնեի կառավարման ձևի ընտրության ժամանակ ինքնահոսի ձևավորված ինստիտուտների կազմը՝ ըստ մոդելից բխող պահանջների, ինչպես նաև մեծաքանակ աշխատատեղերի սոցիալական նշանակությունը:

Կարծում եմ՝ կառավարման արդյունավետության նոր մակարդակի անցման և ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման ճանապարհին օրախնդիր է հագեցած պետական համակարգի փուլային բարեփոխման մասին մտածելը: Այդ գործընթացը պետք է տեղի ունենա տնտեսության մեջ նոր աշխատատեղերի բացումը խթանելուն զուգահեռ. Այդ դեպքում կկարողանանք խուսափել լրացուցիչ սոցիալական լարումից:

 

  1. Սոցիալական և կրթական ոլորտներ:
    • Սոցիալական ապահովություն: Քաղաքացու բարեկեցության մակարդակի աճը կառավարման համակարգի գլխավոր նպատակներից մեկն է: Որպես «Ազատ հայրենիք» կուսակցության և կառավարության ղեկավար՝ հավաստիացնում եմ, որ ամեն Աստծո օր, մեր գործունեության մեջ առաջնորդվում ենք այդ նպատակով՝ անելով հնարավորը Արցախի բնակչի կենսամակարդակի շարունակական բարելավման համար: Մեր տեսլականը հավասար հնարավորություններ տրամադրող սոցիալական համակարգ ունենալն է, որը միաժամանակ պարտավորություն ու կարողություն ունի երաշխավորել սոցիալական ապահովության նվազագույն պայմանների գոյությունը՝ որպես մեկնարկակետ բոլորի համար: Ասել է, թե մենք պետք է հասնենք պետության այն պարտավորության իրացմանը, որ սոցիալապես խոցելի յուրաքանչյուր քաղաքացի ապահովված լինի սպառողական նվազագույն զամբյուղի համար անհրաժեշտ միջոցներով: Կարճ ասած՝ սոցիալական համակարգում հնարավորությունների հավասարության սկզբունքը պետք է համակցել սոցիալական հավասարության սկզբունքի հետ:
    • Ժողովրդագրություն: Ի՞նչ ունենք այստեղ: Ձեռքբերումների մասին արդեն նշվեց. բնական և մեխանիկական Նշանակալի աճ՝ 8 տարում բնակչության քանակի ավելացում շուրջ 11,000-ով: Խնդիրներից կառանձնացնեի արտագաղթը (որպես բնական և շարունակական մարտահրավեր) և ցանկալի չափի համեմատ սուղ ռեսուրսների առկայությունը:

Արտագաղթի ծավալները, երբեմն՝ գիտակցաբար, երբեմն՝ անգիտակցաբար, ուռճացվում են: Այնինչ մեզ հաջողվել է նոր աշխատատեղերի բացման և սոցիալական ակտիվ քաղաքականության շնորհիվ մեղմացնել արտագաղթի միտումները՝ դրանք պահելով գլխավորապես աշխատանքային միգրացիայի շրջանակներում, որը սովորաբար ժամանակավոր և պարբերական բնույթ է կրում: Մեր նպատակն է՝ առավել նվազեցնել արտագաղթի ծավալներն ու միտումները. ավելին՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ մեկնածները վերադառնան՝ իրենց հանապազօրյա հացը վաստակելու հայրենի հողում:

Ռեսուրսները, ինչպես բոլոր ոլորտներում, ժողովրդագրության մեջ ևս քիչ են: Օբյեկտիվորեն ի վիճակի չլինելով կտրուկ ավելացնել դրանց ծավալը ցանկալի արդյունքներ ստանալու համար՝ մենք պետք է շարժվենք «նվազագույն ռեսուրսներով առավելագույն արդյունք» ապահովելու մարտավարությամբ: Անշուշտ, սա կանոն է կառավարման համակարգի բոլոր ուղղությունների համար, սակայն ժողովրդագրության նման ռազմավարական ոլորտում արդյունավետության կանոններն առավել խիստ պետք է գործեն: Թե՛ բնական, թե՛ մեխանիկական աճի երաշխավորման գործում առանցքային տեղ է ունենալու զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

  • Առողջապահություն: 2007 թվականից ի վեր մի քանի անգամ աճել է ոլորտին տրամադրվող գումարների չափը, նախաձեռնվել են մի շարք բարեփոխական քայլեր, որոնք իրենց դրական ազդեցությունն են ունեցել համակարգի բարելավման վրա: Ի՞նչ խնդիրներ ունենք… Առողջապահության մակարդակն արդյո՞ք բավարարում է մեզ… Խոստովանում ենք՝ ո՛չ՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով: Կարծում եմ՝ գլխավոր խնդիրը մասնագետների պատրաստվածության ոչ ցանկալի մակարդակիէ, հենց որի վրա միշտ պետք է սևեռենք մեր ուշադրությունը: Բարձրորակ առողջապահությունը մեր գլխավոր նպատակներից է, որպեսզի Արցախի բնակիչը բուժում ստանա տեղում և համակարգի հանդեպ վստահությամբ լցված լինի: Այո՛, կա է նաև վստահության խնդիրը, ինչը բխում է գլխավորապես առաջին խնդրից՝ կադրերի որակից:
  • Կրթություն և գիտություն: Ցավոտ ուղղություններից մեկը, որն ուղղակիորեն առնչվում է գրեթե յուրաքանչյուր ընտանիքի հետ: Խնդիրներ կա՞ն… Իհարկե, կան… Կրթության կառավարումից մինչև դասավանդման մեթոդներ, կրթօջախների տեխնիկական հագեցվածությունից մինչև գիտելիքի կիրառություն առկա են շղթայական խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է տարիների քրտնաջան աշխատանք և մարդկային ու նյութական զգալի ներդրումներ:

Եթե ցեմենտը շենքի ամրության երաշխավորն է, ապա կրթությունը՝ պետության: Այնպես որ, այս հիմնային ուղղությունը մեր մշտական հոգածության կարիքն ունի, եթե ցանկանում ենք մնացած ճակատներում էլ մնայուն հաջողություններ գրանցել: Կարծում եմ՝ ազգային արժեհամակարգի, նորարարության, կիրառականության և ուսանելու խթանի վրա հենված կրթությունը պետք է լինի մեր տեսլականը: Անելիքներն այդ ուղղությամբ շատ են գալիք տարիներին և տասնամյակներին:

Ինչ վերաբերում է գիտությանը, ապա, ցավոք, չենք կարող խոսել դրա լուրջ մակարդակի մասին: Այնինչ արդի աշխարհում գիտությունն է տնտեսության և պետական ինստիտուտների զարգացման շարժիչ ուժը: Ուստի, պետք է ավելի մեծ և արդյունավետ ռեսուրսներ ուղղվեն և՛ հասարակագիտական, և՛ բնական գիտությունների զարգացմանը, որպեսզի հանրապետության բազմակողմանի առաջընթացը հենված լինի կայուն և արդյունավետ սյուների վրա:

 

Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետությունն իր անկախության հռչակումից ի վեր անցել է զարգացման և պետականակերտման պատկառելի ճանապարհ, որտեղ, որպես քաղաքական պատասխանատվություն կրող կառույց, «Ազատ հայրենիք» կուսակցությունն իր համեստ ներդրումն է ունեցել: Արդեն հպանցիկ անդրադարձա բոլորիս ձեռքբերումների, խնդիրների և հետագա անելիքների մի մասի վերաբերյալ իմ պատկերացումներին: Բնականաբար, յուրաքանչյուր ոլորտում խնդիրների լուծման գործիքակազմը կարող է տարբեր լինել, սակայն կան ընդհանուր մեխանիզմներ և սկզբունքներ, որոնք բխում են ընտրված կառավարման կարգից: Ուստի, կարծում եմ՝ հանրապետության կառավարման համակարգը կայացման այնպիսի մի հանգրվանում է, որ պետք է արժեվորենք նախընթաց ձեռքբերումները՝ միաժամանակ վերանայելով կառավարման գործող սկզբունքները, եթե, իրոք, կամենում ենք խորքային մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը: Իսկ այդ սկզբունքների փոփոխությունը, իմ համոզմամբ, հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով:

Խուսափելով այս փուլում մանրամասների հորձանուտը մտնելուց՝ կուզեի ընդհանրական կերպով ձևակերպել այն նպատակները, որոնց պետք է միտված լինեն նշյալ փոփոխությունները:

  • Ունենալ արդյունավետ պետական կառավարման համակարգ՝ հաշվի առնելով հանրապետության առանձնահատկությունները և ժամանակի պահանջները:
  • Բարձրացնել Ազգային ժողովի գործառութային դերակատարումը՝ հետևաբար, նաև քաղաքական որոշումների կայացման գործում խմբային պատասխանատվության աստիճանը:
  • Բարեփոխել իշխանության թևերի զսպման և հավասարակշռման մեխանիզմների ապահովման մեթոդները:

Ըստ արժանվույն գնահատելով գործող սահմանադրության կատարած վիթխարի դերն ու նշանակությունը վերջին տասնամյակի ընթացքում Արցախի զարգացման գործում՝ կարծում եմ՝ այս և մի շարք այլ նպատակների հասնելու համար մայր օրենքի՝ սահմանադրության փոփոխումն այլընտրանք չունի:

 

Սիրելի՛ ներկաներ,

Որպես ամփոփիչ և դրութային սկզբունքներ՝ կառանձնացնեի մեր կուսակցության հետևյալ նպատակներն առաջիկա տարիների համար՝

  • Տնտեսական զարգացման բարձր տեմպերի պահպանում:
  • Հանրապետությունում ստեղծվող արդյունքի վերաբաշխում՝ սոցիալական պետության սկզբունքներին համապատասխան:
  • Հասարակական կարգի և սահմանների անվտանգության մակարդակի բարձրացում:
  • ‘Պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում՝ ինստիտուտների ամրապնդման, կադրերի որակավորման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ճանապարհով:
  • Կրթական և գիտական համակարգի մակարդակի բարելավում՝ ազգային արժեհամակարգի, նորարարության և կիրառականության հիմքերի վրա:
  • Ժողովրդագրական աճի բարձր ցուցանիշների պահպանում:
  • Ապագա սերունդների բարեկեցության համար անհրաժեշտ պայմանների երաշխավորում:
  • Արցախի Հանրապետության միջազգային սուբյեկտայնության բարձրացմանը և ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորմանն աջակցության ցուցաբերում:

 

Հարգելի՛ կուսակիցներ,

«Ազատ հայրենիք» կուսակցությունը, լինելով հանրապետության առաջատար քաղաքական ուժը, ամենայն պատասխանատվությամբ քայլում է դեպի խորհրդարանական հերթական ընտրություններ: Այո՛, հերթական՝ կազմակերպման, բայց ոչ նշանակության իմաստով: Այն նախերգանքն է հանրապետության զարգացման նոր փուլի, որն ավելի կմոտեցնի մեզ մեր տեսլականին: Մենք առաջ ենք գնում այն համոզմամբ, որ հայրենիքն ազատ պետք է լինի ոչ միայն արտաքնապես՝ հակառակորդի ոտնձգություններից, այլ նաև՝ ներքին առումով՝ սոցիալական լարումներից, աղքատությունից, ոչ ցանկալի արդյունավետությամբ կառավարումից, առողջապահական համակարգի հանդեպ անվստահությունից, ոչ ցանկալի մակարդակի կրթությունից և այն բոլոր խնդիրներից, որոնք կցանկանայինք չտեսնել Արցախ աշխարհում: Մենք ամենևին հակված չենք կարծելու, թե այդ խնդիրներից ազատվելու ենք մեկ օրում կամ նույնիսկ՝ տարում, սակայն գլխավորը համապատասխան կամք, ձգտում և ներուժ ունենալն է, որոնք առկա են մեր ազատ հայրենիքի ազատ սահմանների ներսում:

Ա՛րդ, ակնկալելով քաղաքակիրթ, մրցակցային և արժանապատիվ պայքար ընտրական գործընթացներում՝ միաժամանակ կոչ եմ անում բոլորիդ լծվել հայրենիքը խնդիրներից ազատելու սուրբ գործին, որի ճանապարհին ցանկացած կուսակցություն և ընտրություն միայն միջոցներ են:

Բարին ընդ բոլորին…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031