Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենակեղտոտ, ամենառիսկային ու ամենաչգնահատված» մասնագիտության մասին. (Տեսանյութ)

Մարտ 20,2015 19:19

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի անասնաբույժներին հրավիրել էին Շիրակի մարզպետարան՝ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանի հետ հանդիպելու: Փոխնախարարը ուշանում էր, քանի որ Շիրակի մարզում ձյունախառն բուք էր, խնդիրներ կային ճանապարհներին:Նախքան նրա հասնելը անասնաբույժները իրենց դժգոհությունները ներկայացրեցին լրագրողներին: Նրանցից շատերը նեղսրտած էին ցածր աշխատավարձից: Անասնաբույժների ներկայացմամբ,  իրենք հաստիքային աշխատողներ չեն, պայմանագրային են, աշխատավարձը կախված է իրենց կատարած աշխատանքի չափից, պատվաստումների քանակից, լավագույն դեպքում այն հասնում է 70 հազարի: Նրանց մեջ կային մարդիկ, որոնք 26 հազար դրամ են ստանում: Ի դեպ, երկու ամիս աշխատավարձ չեն ստացել:

Անասնաբույժ կանացից մեկը, ցույց տալով իր ոսկյա ատամներն, ասաց, որ կովը այնպես է խփել իրեն, որ ատամները կոտրվել են, ինքն էլ ստիպված է եղել իր «չեղած գումարից» 25 հազար դրամ տալ դրանք գցելու համար: «Ամոթ է էլի, մերը ամենառիսկային, ամենակեղտոտ, ամենաչգնահատված մասնագիտությունն է:Մանկավարժներին սոցիալական փաթեթ են տալիս, որոնք երեխաների հետ են շփվում, նույնիսկ հաճելի է, իսկ մենք սաղ օրը 500 կիլոգրամանոց կովերի, խոզերի ու ոչխարների, անասուններն ամեն վայրկյան մեր կյանքին սպառնում են, բայց մի փաթեթ մեզ կամ չեն տեսնում: Չհաշված վարակը, որ ամեն րոպե կարող ենք վարակվել: Բա չունենա՞նք անվճար բժշկական օգնություն: Ասեղ, բամբակ, սաղ մեր հաշվին ենք գնում, պատկերացրեք, մեր ստացած փողից որ դրանք էլ դուրս գան, էլ ի՞նչ է մնում, մի պատվաստումը առաջ 70 դրամ էր, հիմա իբր թե 90 դրամ է դարձել», -ասացին Արևիկի ու Ախուրյանի անասնաբույժ կանայք:

Քարակերտի անասնաբույժ Գուրգեն Ասլանյանն էլ դժգոհեց, որ իրենց աշխատանքը «ժամ, պատարագ» չունի, լինում է , երբ գիշերը «կեղտոտ, թրիքոտ» գալիս ես տուն, գյուղերում բաղնիք չկա, որ անմիջապես լողանաս ու տանը վեճեր են սկսվում: Վերջինս, գրպանից հանելով պարանը ու ցույց տալով, դժգոհեց նաև, որ անասունների համարակալումը անասնաբույժն է կատարում, ոչխարից արյուն վերցնելը 3 րոպե է տևում, բայց տաս ոչխարի համարակալելու համար 3 ժամ է պահանջվում: Նա նաև ասաց, որ տիպային գոմեր չկան, հավաքակայան չկա միջոցառումներ կատարելու համար: «Մենք գոմից գոմ ենք գնում, հնարավոր է վարակը մի գոմից հենց մենք տանենք մյուս գոմ, արտահագուստ էլ չկա, չհաշված օրական մի տուփ լվացքի փոշի ու օճառ է պետք էդ մեր չեղած արտահագուստը մաքրելու համար, պրոբլեմային հարց է…»

Անասնաբույժները նաև դժգոհեցին, որ իրենց գյուղացիների հետ լավ ու վատ են անում ՝ընդգրկելով նպաստ համակարգի մեջ: «Մենք ի՞նչ գործ ունենք նպաստ համակարգի հետ, անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկանքը մենք ենք լրացնում , տալիս ենք գյուղացուն, ինքը ներկայացնում է սոցալիական ծառայություն: Էդ էլ վիճելի հարցեր են, դժգոհության հարցեր են , անտեղի գյուղացիներին մեզ հետ վատացնում են: Գալիս գյուղացիները դժգոհում են, թե կովիս, հավիս քանակը մի գրի, որ նպաստ ստանամ, չես անում, նեղանում, գնում են», -ասացին անասնաբույժները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031