Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայկական մշակութային շաբաթ Հռոմում

Մարտ 24,2015 19:48

Մարտի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմում մեկնարկեց «Հայաստան. ինքնություն և հիշողություն» խորագրով հայկական մշակութային շաբաթը: Այն կազմակերպվել է Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Սոցիոլոգիայի և կրոնի իտալական ասոցիացիայի և Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Հայկական շաբաթի առաջին օրվա նիստում ելույթներով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի տնօրեն Մասսիմո Պիստակին, Սոցիոլոգիայի իտալական ասոցիացիայի ներկայացուցիչ Մարիա Իմմակոլատա Մաչիոտին, սենատոր, Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Պաոլո Կորսինին, Իտալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, սենատոր Էմիլիա Դե Բիազին և խմբի հիմնադիր, սենատոր Ալբերտինա Սոլիանին:

Երկրորդ նիստը նվիրված էր հայ ժողովրդի վրա Հայոց ցեղասպանության թողած ազդեցության խնդիրներին: Ելույթ ունեցան հոգեվերլուծաբաններ Մանուելա Ֆրայրեն և Ջիովաննա Մարիա Մացոնչինին:

Մարտի 23-ի երեկոյան «Տրևի» կինոթատրոնում ցուցադրվեցին Տոնինո Գուերայի մասին պատմող «Հրաշագործի աշունը» և Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմերը: Նախքան ցուցադրությունը, հակիրճ ելույթով «Նռան գույնը» ֆիլմը ներկայացրեց կինոքննադատ Ալբերտո Կրեսպին:

Տեղեկանք: Մարտի 23-ից մինչև 28-ը տևող հայկական շաբաթվա ընթացքում նախատեսված են հայ ժողովրդի պատմությանն ու քաղաքակրթությանը, մշակույթին, Հայոց ցեղասպանության մասին վկայություններին և հայ ժողովրդի ինքնության վրա Հայոց ցեղասպանության ազդեցությանը, Իտալիայում հայերի ներկայությանը, Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին նվիրված սեմինարներ ու գիտաժողովներ:

Զուգահեռաբար անցկացվելու են Հայաստանին նվիրված «Կրոններ և հասարակություն» ամսագրի հատուկ համարի, Վազգեն Բերբերյանի «Անտարբեր երկնքի տակ», Մարիա Իմմակոլատա Մաչիոտիի «Հայաստան, հայեր. 100 տարի անց», Ֆուլվիո Կորտեզեի և Ֆրանչեսկո Բերտիի «Պրո-Արմենիա. հրեական ձայները Հայոց ցեղասպանության մասին», Հակոբ Մանուկյանի «Հայերն Իտալիայում», Սոնյա Օրֆալյանի «Ձիով քամիների մեջ. Հայաստանի հեքիաթները» գրքերի շնորհանդեսները:

Սեմինարներն ու գիտաժողովները, ինչպես նաև գրքերի շնորհանդեսները տեղի են ունենալու Հռոմի հեղինակավոր «Վիտտորիանո» թանգարանային համալիրում, «Mattei Di Giove» պալատում և Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի սրահում:

Երեկոյան ժամերին Հռոմի կենտրոնական «Տրևի» կինոթատրոնում ցուցադրվելու են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Ֆաթիհ Ակինի «Սպի», Տավիանիների «Արտույտների ագարակը», Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերը և Տոնինո Գուերային նվիրված «Հրաշագործի աշունը» վավերագրական ֆիլմը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031