Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ձեր սիրտը չխռովվի… Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու»․ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Հռոմում տեղի է ունեցել խաղաղության համար միջեկեղեցական արարողություն

Ապրիլ 25,2026 14:52 Share

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ երեկ երեկոյան Հռոմում տեղի է ունեցել խաղաղության համար միջեկեղեցական արարողություն։

Արարողությունը կայացել է Սուրբ Բարդուղիմեոսի եկեղեցում, որը 2000 թվականին Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը վստահել է Comunità di Sant’Egidio միջազգային մարդասիրական կազմակերպությանը՝ որպես XX և XXI դարերի քրիստոնյա նահատակների հիշատակի սրբավայր։

Միջոցառումը կազմակերպվել է Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցչության և Comunità di Sant’Egidio-ի կողմից՝ Քահանայապետական Լևոնյան կաթոլիկ հայ վարժարանի և Մխիթարյան Միաբանության մասնակցությամբ։

Արարողությանը մասնակցել են հայ առաքելական և հայ կաթոլիկ եկեղեցիների հոգևորականներ, ինչպես նաև կաթոլիկ, անգլիկան, ավետարանական, մեթոդիստական, ղպտի և մալանքար ուղղափառ քույր եկեղեցիների, Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքության և Ռումինական Ուղղափառ եկեղեցու հոգևորականներ։

Screenshot

Ներկա են եղել Հայաստանի Հանրապետության դեսպանները Սուրբ Աթոռում և Իտալիայում՝ Բորիս Սահակյանը և Վլադիմիր Կարապետյանը, դեսպանությունների պշխատակազմերը, հասարակական կազմակերպությունների անդամներ, հյուրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես է եկել Comunità di Sant’Egidio միջազգային մարդասիրական կազմակերպության նախագահ Մարկո Իմպալյացցոն։

Ապա ընթերցվեց Քրիստոնյաների միության խթանման բաժնի նախագահ Կարդինալ Կուրտ Կոխի հղված պատգամը, որտեղ նշվում էր, որ ներկաները հավաքվել են աղոթքի՝ հիշատակելու «Մեծ Եղեռնը»՝ 20-րդ դարի սկզբին հայ քրիստոնյաների նահատակությունը։ Ընդգծվում էր, որ հայ նահատակները մաս են կազմում բոլոր քրիստոնյաներին միավորող «ընդհանուր նահատակագրության»՝ «արյան էկումենիզմի», հիշեցվում էր քրիստոնյաների շարունակվող հետապնդումների մասին, և հույս էր հայտնվում, որ նրանց վկայությունը կդառնա եկեղեցու միասնության սերմը՝ առաջնորդելով դեպի լիակատար հաղորդություն Քրիստոսի մեջ։

Արարողությունը նախագահել և քարոզ է կատարել Սուրբ Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանը։

Իր քարոզում Սրբազանը հիշեցրել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի 2015 թվականի հայտարարությունը, որով Հայոց ցեղասպանությունը բնորոշվել էր որպես «XX դարի առաջին ցեղասպանություն»։ Նա ընդգծել է, որ «ցեղասպանություն» եզրույթը չի կիրառվում վրեժի կամ մեղադրանքի նպատակով, այլ՝ ճշմարտությանը ծառայելու համար՝ հիշեցնելով Պապի խոսքը, թե «չարի ժխտումը կամ թաքցնելը նման է վերքը շարունակ արյունահոս թողնելուն»։

Սրբազանը կոչ է արել հիշել Հայոց ցեղասպանության նահատակներին, ինչպես նաև մեր ժամանակների քրիստոնյա նոր նահատակներին՝ ընդգծելով, որ նրանց վկայությունը Խաչի խորհրդի մեջ դառնում է հաշտության, արդարության և հույսի սերմ։

Խաժակ Արք. Պարսամյանը իր քարոզում համադրել է արարողության ընթացքում հնչած Սուրբ Գրքի ընթերցումները հայ ժողովրդի պատմական փորձությունների հետ՝ ընդգծելով, որ ծանրագույն տառապանքները չեն կոտրել ժողովրդի հավատը, և որ ամեն ինչից զրկվելու պահին մնացել է միայն Քրիստոսը։

Նա մեջբերել է Հիսուսի խոսքերը. «Թող ձեր սիրտը չխռովվի… Ես գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու»՝ շեշտելով, որ բռնությունը չի կարող ոչնչացնել Աստծո կողմից պատրաստված հավիտենական կյանքի իրականությունը։

Սրբազանը նշել է, որ Հայոց ցեղասպանության հիշողությունը ոչ միայն պատմական հիշատակ է, այլև զգուշացում ներկայի համար՝ ընդգծելով, որ ժխտումը, պատմության խեղաթյուրումը և ատելության աճը կարող են հանգեցնել նոր ողբերգությունների։

Նա ընդգծել է երեք հիմնական ուղենիշներ՝ ճշմարտության և սիրո մեջ պահվող հիշողություն, համերաշխություն տառապյալների և լռեցվածների հետ, ինչպես նաև հավատքի և հույսի նորոգում՝ վստահությամբ, որ Աստված չի լքում Իր ժողովրդին։

Screenshot

Քարոզի ավարտին Սրբազանը կոչ է արել հավատացյալներին դառնալ խաղաղության արարիչներ՝ սկսելով ներման և սիրո ընտրությունից և այն տարածելով հասարակության մեջ՝ երկխոսության և հաշտության միջոցով։

Արարողության ավարտին տեղի է ունեցել դասական երաժշտության կարճ համերգ կազմակերված Հռոմի Ասոարմենի հայ մշակութային ընկերակցության կողմից, տարբեր երկրների երաժիշտների մասնակցությամբ՝ հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանի և հույն դասական կիթարահար Անթիգոնի Գոնիի, ինչպես նաև բելգիացի թավջութակահար Եմի Նորինգտոնի և ջութակահար Պոլինա Շարաֆյանի։ Հնչել են առաջին կատարմամբ ներկայացված Վաչե Շարաֆյանի «Օրֆեուս» համերգը՝ գիթարի, դուդուկի, ջութակի և թավջութակի համար, ինչպես նաև Ս. Ներսես Շնորհալու «Բացեա՜ զդուռն» շարականի հիման վրա գրված ստեղծագործությունը և սերբ կոմպոզիտոր Դուշան Բոգդանովիչի՝ Ս. Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն» տաղով ներշնչված սյուիտը։

ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՒՄ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930