Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. hրադադար

Ապրիլ 02,2015 15:00

«Եթե մեկի հետ ընդհարվում էր,
հինգ րոպե հետո բարիշում էր. քեն պահել չուներ»

«Վարդանը ձկնորսություն շատ էր սիրում, ու միշտ միասին գնում էինք ձուկ բռնելու: Գնում էինք, նստում առավոտից մինչեւ իրիկուն, որ ձուկ բռնեինք: Եթե Վարդանը փոքր ձուկ էր բռնում, բաց էր թողնում, ասում էր՝ էս հլը փոքր ա: Որ շատ ձուկ էինք բռնում, բերում էինք իրանց տուն, միասին եփում էինք ու ուտում, – պատմում է Վարդանի ընկերը՝ Տիգրանը եւ ավելացնում: -Մենք՝ եղբորս հետ, Ռուսաստանից էինք եկել, սկզբում դասարանի երեխեքը քիչ էին շփվում մեզ հետ: Առաջինը Վարդանն էր, որ մեզ հետ սկսեց շփվել, մտերմանալ: Ամեն շաբաթ օրը հավաքվում էինք իրանց տանը: Որ գալիս էինք իրենց տուն, ոնց որ գայինք մեր տատի տուն, գիշերը մնում էինք իրանց տանը: Շատ մոտ ընկերներ էինք, միշտ միասին էինք»:

Վարդան Oհանյանը ծնվել է 1992թ. հուլիսի 26-ին՝ Արագածոտնի մարզի Մուղնի համայնքում: Ընտանիքի ավագ որդին է, ունի երկու եղբայր:

«Վարդանը շատ հանգիստ բնավորություն ուներ: Միջնեկ եղբայրը մի քիչ աշխույժ է, ու ինքը միշտ սաստում էր նրան, ասում էր՝ մամային չջղայնացնես, իսկ ամենափոքրն ավելի հանգիստ է ու գնալով նմանվում է Վարդանին: Շատ մտերիմ էին եղբայրներով, -ասում է Նվարդը՝ Վարդանի մայրը: -Վարդանը շատ խելոք ու հանգիստ երեխա է եղել. խաղալիքները դնում էր աթոռի վրա, սիրուն շարում էր, խաղում էր, հետո հավաքում էր ու ամբողջ օրն ինքն իր խաղալիքներով զբաղվում էր: Մի հատ նեղություն ինձ չէր տալիս»:
Փոքր տարիքում Վարդանն առողջական խնդիրներ է ունեցել, բժիշկները նույնիսկ հույս չեն տվել, թե նա կարող է քայլել, սակայն երկարատեւ բուժումներից հետո ապաքինվել է: «Ամբողջ մարմինը ձեւափոխվել էր, երեք տարի բուժումների ենք տարել Ռուսաստանում: Դրանից հետո ով տեսնում էր, ասում էր՝ մի՛ մտածի, ինքն այնպիսի մարդ ա դառնալու, որ դու հպարտանալու ես: Ուր գնայինք, միշտ միասին էինք գնում: Նույնիսկ իր ընկերոջ տուն միասին էինք գնում: Շատ կապված էինք, բոլորը զարմանում էին»,- հիշում է մայրը:
73-ամյա Սիրանուշ տատիկի առաջին թոռն է Վարդանը: Տատն ասում է, որ թեեւ շատ թոռներ ունի, սակայն Վարդանն ուրիշ էր ու տարբերվում էր բոլորից:

Vardani-taty-Siranushy

Վարդանի տատիկը՝ Սիրանույշը:

«Ուր գնում էի, հետեւիցս գալիս էր: Մի օր գնացել էինք Մասիս, հետ գալուց ասեցի՝ գնա՛, տես ավտոբուս կա՞: Վազեց, նստեց, մեկ էլ տեսնեմ՝ լրիվ ուրիշ տեղ ա գնում ավտոբուսը, ասեցի՝ Վարդա՛ն ջան, նայե՞լ ես ուր ա գնում, ասեց՝ մերն ա: Ես բարկանում էի, ինքը՝ ծիծաղում, ասում էր՝ ոչի՛նչ, տա՛տ, կգնանք, էնտեղ էլ ման կգանք: Պարզվեց ուղղությունները շփոթել էր,- հիշում է Սիրանուշ տատն ու շարունակում: – Շատ էի սիրում իրան: Աշխարհն ուրախացավ իր ծնունդին»:

Հարազատները հիշում են, որ Վարդանը միշտ նվերներ էր պատրաստում տոներին, մայրն էլ պատմում է Վարդանի նվիրած զարդատուփի մասին: Հորաքույրը՝ Թելոն, հիշում է, թե ինչպես էր Վարդանն ամեն տարի Ամանորին Ձմեռ պապու հանդերձանքով առաջինն իրենց տուն այցելում եւ շնորհավորում:

«Տղաս առողջական խնդիրներ ունի: Վարդանը շատ կապված էր տղայիս հետ, էնքան հոգատար էր, տղայիս գրկած ման էր տալիս, տենց օր չկար, որ մեր տուն չգար: Ինքը կարողանում էր միանգամից մարդու տրամադրությունը փոխել եւ ուրախացնել, բոլորին համախմբում էր: Մի լավ հատկություն էլ ուներ՝ շատ գաղտնապահ էր», -ասում է հորաքույրը:

Vardani-hayry-Roberty

Վարդանի հայրը

Վարդանի հայրը՝ Ռոբերտն, ասում է, որ որդին շատ շուտ էր ընկերներ ձեռք բերում եւ շփվում էր նույնիսկ իրենից տարիքով շատ մեծ տղաների հետ՝ մեծի հետ մեծ էր, փոքրի հետ՝ փոքր. «Շատ խելոք, լավ սովորող երեխա էր, ամեն ձեւով մեզ օգնում էր»:
Վարդանի ընկերները պատմելու շատ բան ունեն նրա մասին, հիշում են իրենց «Վերջին զանգ»-ի բեմադրությունը եւ Վարդանի դերակատարումները, ինչպես էր Վարդանն ամեն գարնանը ձնծաղիկներ նվիրում դասընկերուհիներին եւ ուսուցչուհիներին, ինչպես էին ամեն առավոտ միասին դպրոց գնում… «Վարդանը խելոք էր, համեստ, բայց միեւնույն ժամանակ՝ կենսախինդ: Վարդանի նման տղաները հիմա շատ քիչ են», – ասում է դասընկերուհին՝ Աննան:

«Միշտ մի բան կաներ, որ կատակի վերածեր, լարվածությունը ցրեր: Վարդանը շատ մաքուր սիրտ ուներ, միշտ բարին էր մտածում: Եթե նույնիսկ ինչ-որ մեկի հետ ընդհարվում էր, հինգ րոպե հետո բարիշում էր, քեն պահել չուներ», – հիշում է Վարդանի ընկերը՝ Սարգիսը:

Դպրոցն ավարտելուց հետո Վարդանը կրթությունը շարունակում է Հյուսիսային համալսարանում:

«Երբ սովորում էր համալսարանում, արձակուրդներին աշխատում էր, ասում էր՝ գոնե մի բանով ձեզ օգնեմ: Գնացել էր, կահույքի գործարանում ընդունվել էր աշխատանքի, մի հատ դինամիկ իր համար էր սարքել, մի հատ էլ՝ հորքուրի տղայի համար»,- պատմում է մայրը:
2011-ի մայիսի 23-ին Վարդանն անցնում է զինվորական ծառայության:

Vardani-mayry-Nvardy_1

Վարդանի մայրը

«Իմ կարոտն իրա նկարներից ու շորերից եմ առնում: Ամբողջ օրն իր նկարի հետ եմ խոսում: Իրան շատ էի սիրում, լրիվ ուրիշ էր, յուրահատուկ էր: Մինչ օրս էլ չեմ հավատում…», – արցունքն աչքերին ասում է որդեկորույս մայրը:

«Իմ բոլոր հույսերն իր վրա էր, որ կծառայի, կգա ու ինձ թեւ ու թիկունք կլինի, բայց… Երեխայի կորուստը շատ դժվար բան է»,- կսկիծով ասում է հայրը:
Վարդան Օհանյանը զոհվել է 2012-ի հունիսի 6-ին՝ ադրբեջանական կողմի զինվորականների դիվերսիայի հետեւանքով: Նա 19 տարեկան էր:

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:
Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք զանգահարել 098804800:
Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Տվյալների հավաքագրմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Առավոտ» օրաթերթ
01.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930