Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզի դատավորի կաշառք ստանալու գործը դատարան է ուղարկվել

Ապրիլ 04,2015 14:30

Հատուկ քննչական ծառայությունում քննված պաշտոնատար
անձանց դեմ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է

«Առավոտը» Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը 2014թ. հուլիսի 23-ին կայացրած որոշմամբ վարույթ է ընդունել բանկի կողմից «Զոսեկար» ՍՊԸ-ին հարկադրված սնանկ ճանաչելու մասին դիմումը եւ 2014թ. հոկտեմբերի 2-ին վճիռ կայացրել ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: 2014թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ «Զոսեկար» ՍՊԸ-ի պարտքը բանկի հանդեպ կազմել է շուրջ 517 հազ. 940 ԱՄՆ դոլար, իսկ ՍՊԸ-ի պարտավորությունների կատարումն ապահովված է եղել անշարժ գույքի գրավադրմամբ:

Դատավորը սնանկության հետագա գործընթացում, ինչպես իր լիազորությունների շրջանակում հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն Ս. Կարապետյանի օգտին գործողություններ կատարելու, այնպես էլ պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործելով` ՍՊԸ-ի վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով բանկում գրավադրված անշարժ գույքն աճուրդի եղանակով վաճառքի գործընթացը մինչեւ 2015թ. մարտ երկարաձգելու, այդ կերպ` Ս. Կարապետյանին գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց 2014թ. նոյեմբերին նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 10 հազ. ԱՄՆ դոլար կաշառք: Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու պահանջին ՍՊ ընկերության տնօրենը համաձայնել է:

Ըստ նախաքննությունն իրականացրած Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության տրամադրած տվյալների՝ մյուս հանդիպումների ժամանակ դատավոր Խ. Խաչատրյանն ավելացրել է սահմանված կաշառքի չափը եւ 2014թ. դեկտեմբերի 20-ին ՍՊ ընկերության տնօրենից պահանջել ու 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, հիշյալ դատարանի իր աշխատասենյակում անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9 մլն 186 հազ. ՀՀ դրամին համարժեք 20 հազ. ԱՄՆ դոլար կաշառք, որից անմիջապես հետո տեղում բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ասենք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանին Հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, եւ վերջինիս նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
Այս հրապարակումը ներկայացնելիս հիշեցինք պաշտոնատար անձանց՝ ոստիկանության փոխգնդապետի եւ մայորի կողմից ստացված կաշառքի դեպքը:
Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժնի աշխատակիցներ, ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանի եւ ոստիկանության մայոր Ալեքսան Հարությունյանի կողմից քաղաքացի Արթուր Մարդանյանից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը պաշտոնապես հրապարակել էր նախաքննության ավարտին ձեռք բերված ապացույցները: Գործով պարզվել էր, որ 2014 թվականի հոկտեմբերի վերջին քաղաքացի Արթուր Մարդանյանը հաշվառվելու նպատակով ներկայացել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի ոստիկանության բաժին, որտեղ հանդիպելով ոստիկանության փոխգնդապետ Հասմիկ Խաչատրյանին` նրան խնդրել է «լավության տակից դուրս գալու» պայմանով լուծել որեւէ հասցեում իր փաստացի բնակության վերաբերյալ արձանագրություն տրամադրելու հարցը:

Հասմիկ Խաչատրյանն Արթուր Մարդանյանին ծանոթացրել է Ալեքսան Հարությունյանի հետ, ապա նպաստել է նրանց` կաշառքի շուրջ համաձայնության գալուն: Հասմիկ Խաչատրյանը ուղղորդել է Ալեքսան Հարությունյանին Արթուր Մարդանյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելով գրել իրականությանը չհամապատասխանող դիմում՝ Երեւան քաղաքի Թերլեմեզյան 18-րդ հասցեում հաշվառվելու վերաբերյալ, ինչից հետո վերոհիշյալ հասցեում բնակվելու հանգամանքը հաստատելու համար Ա. Հարությունյանը Ա. Մարդանյանից պահանջել է 80 հազար ՀՀ դրամ կաշառք:

Ալեքսան Հարությունյանը կազմել է ակնհայտ կեղծ արձանագրություն, որի դիմաց Հասմիկ Խաչատրյանի աշխատասենյակում, վերջինիս ներկայությամբ, Արթուր Մարդանյանից ստացել է 80 հազ. ՀՀ դրամ կաշառք: Արձանագրությունը կազմելուց հետո Ա. Հարությունյանը եւ Հ. Խաչատրյանը կաշառք ստանալու կասկածանքով բռնվել են ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցների կողմից:

Հիշեցնենք, որ ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ոստիկանության մայոր Ա. Հարությունյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Մինչդատական վարույթում Հասմիկ Խաչատրյանի եւ Ալեքսան Հարությունյանի նկատմամբ եւս որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

03.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930