Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային վերածնունդը» խոստանում է Արցախի միջազգային դե յուրե ճանաչմանը նպաստել

Ապրիլ 06,2015 15:36

«Արցախում ազգային իղձեր իրականացնելու ունակ իշխանությունների ձևավորումը, Արցախի միջազգային ճանաչմանը նպաստելը, անվտանգության մակարդակի բարձրացումը, զինվորի խոցելիության հնարավորինս բացառումը, համայն հայությանը Արցախի կյանքում առավել մեծ ներգրավումը, քաղաքացիական հասարակության ուժեղացումը, դատարանների իրական անկախության ապահովումը» Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախընտրական խոստումներից են:

Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում այլ խոստումներ էլ է արձանագրել՝ իշխանության և բիզնեսի տարանջատումը և դրա համար իրական մեխանիզմների ստեղծումը, հանրային միջոցների առավել արդար և արդյունավետ կառավարումը, գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, հարկային դաշտի պարզեցումը, գյուղական շրջաններում զբաղվածության խնդրի լուծումը և գյուղական ենթակառուցվածքների արդիականացումը, ապակենտրոնացումը և շրջանների զարգացումը, մրցունակ տնտեսական համակարգի կայացումը, սոցիալական ապահովության նոր համակարգի ստեղծումը, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականների համար սոցիալական երաշխիքների ամբողջականացումը:

Կուսակցության համար առանցքային հարցերից մեկը Արցախի հարցն է եւ նախընտրական ծրագրում նշված է՝ բոլոր ջանքերը պատրաստ են ներդնել միջազգային ասպարեզում Արցախի դե յուրե ճանաչման համար՝ ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքով։

Արցախի հարցից բացի, կուսակցության նախընտրական ծրագրում Պաշտպանության և զինված ուժերի հարցն է կարեւորվում:

«Ազգային վերածնունդը» անհրաժեշտ է համարում բանակն աստիճանաբար համալրել արհեստավարժ ստորաբաժանումներով, ապահովել բանակի սպառազինության և նյութատեխնիկական հագեցվածության բարձր աստիճան, կրճատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տևողությունը՝ պայմաններ ընձեռնելով զորակոչիկներին՝ տիրապետելու ռազմական տեխնիկային և արդի ռազմարվեստին:

«Անհրաժեշտ է սահմանագծի պաշտպանության ավտոմատացումը, որը անհնար կդարձնի թշնամու կողմից դիվերսիոն հարձակումները:

Արցախի պաշտպանությանը ներգրավված պայմանագրային բոլոր զինծառայողները ծառայության ավարտից հետո իրենց ծննդավայրում (եթե Արցախից չեն իրենց ցանկությամբ Արցախի ցանկացած վայրում) պետք է ապահովվեն բարեկարգ բնակարաններով»,- նշված է կուսակցության նախընտրական ծրագրում:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը գտնում է, որ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը, բացի Արցախի միջազգային ճանաչման ու անվտանգության հարցերից, պետք է լինի ակտիվ արտաքին տնտեսական գործունեությունը: Կարևորելով Ռուսաստանի, Արևմուտքի և Արևելքի հետ հավասարակշռված հարաբերությունները՝ հատկապես մեծ տեղ են հատկացնում հարևան Իրանի հետ սերտ առևտրատնտեսական կապերի հաստատմանը:

2015թ. մայիսին ձևավորվելիք Ազգային ժողովում ունենալով ընտրողի քվեն՝ կուսակցությունը մտադիր է նոր որակի հասցնել խորհրդարանական դիվանագիտությունը՝ կուսակցության միջազգային կապերը ի նպաստ դնելով Արցախի միջազգային վարկանիշի և ճանաչվածության մակարդակի բարձրացման համար: Կուսակցությունը նախընտրական ծրագրում անդրադարձել է նաեւ տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ ներկայացրել է սոցիալական, առողջապահական, կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության զարգացման իրենց ծրագրերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930