Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Աստվածածնի ավետման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլ 07,2015 20:02

Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Ս. Աստվածածնի ավետման տոնը:

Միածնաէջ Մայր Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի միաբան Տ. Մկրտիչ աբեղա Կարապետյանի մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Հոգեշնորհ Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ Ս. Մարիամ Աստվածածնի կերպարին, խոնարհությանն ու անօրինակ հավատին, որոնք դարձան բոլոր առաքինությունների թագն ու պսակը:

Պատարագի ավարտից հետո Ս. Աստվածածնի Ավետման տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում հանդիպեց Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող աշխատակցուհիների հետ:

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պատասխանատու Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ողջույնի խոսքից հետո Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ամենքին:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը խոսեց Աստվածամոր կերպարի ու առաքելության մասին՝ ներկաներին հորդորելով անդրադառնալ Տիրամոր առաքինի անձին, որը դարեր շարունակ ներշնչել է նաև հայ կանանց, դարձել նրանց համար խոնարհության և վեհության կենդանի օրինակ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց նաև այն, որ ներկա ժամանակներում, երբ աշխարհում նկատվում է բարոյական արժեքների անկում, իսկ Հայրենիքը դիմագրավում է բազում փորձություններ, հայ կինը չպետք է տկարանա դժվարությունների առջև, այլ Ս. Աստվածածնի նմանությամբ արիություն և զոհաբերության ոգի ցուցադրի ի սեր ընտանիքի պայծառության, ամրության և երջանկության, հանուն ազգային-ընտանեկան արժեքների անխաթար պահպանման:

Գարեգին Բ Հայրապետը, կարևորելով Մայր Աթոռի աշխատակցուհիների բերած ծառայությունը Եկեղեցու առաքելության իրականացման նվիրական գործում, իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցեց նրանց` մաղթելով Տիրոջ Ամենախնամ Աջի ներքո խաղաղ և բարօր կյանք:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին  Տեղեկատվական համակարգ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930