Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը հերքում է Բիշարյանին եւ հորդորում անուններ ասել՝ ովքե՞ր են ԲՀԿ-ից մտել ՕԵԿ

Ապրիլ 10,2015 13:48

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ հակակոռուպցիոն հանձնաժողովում ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» անդամ նշանակելու հետ կապված կառավարությանը նախապայմաններ էին առաջարկել, այնինչ ընդդիմադիր ԲՀԿ-ն միանգամից հայտնեց իր՝ անդամ ունենալու մասին, ինչո՞ւ այդպես վարվեցիք եւ ինչքանո՞վ արդյունավետ կլինի այդ հանձնաժողովի գործունեությունը՝ նա պատասխանեց, որ արդյունավետությունը կգնահատեն այն ժամանակ, երբ կմասնակցեն աշխատանքներին. «Ի տարբերություն մեր գործընկերների, մենք նախընտրում ենք աշխատել ոչ թե նամակագրական ժանրով, այլ գտնում ենք, որ ավելի ճիշտ է մեր ներկայացուցիչը մասնակցի հանձնաժողովի առաջին նիստին, մեր առաջարկները ներկայացնի: Այսօր ՀՀ-ի թիվ մեկ պրոբլեմը կոռուպցիան է, երբ մեր ներկայացուցիչը կտեսնի, որ առաջարկներն ընդունվում են, որ այդ հանձնաժողովը ստեղծվել է ոչ թե իմիտացիայի համար, այլ լրջագույն խնդրի լուծման համար՝ կքննարկենք: Մենք հանձնաժողովի հետ ամուսնական պայմանագիր չենք կնքել»:

Նաիրա Զոհրաբյանը խոսեց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության հետ կապված Վահան Բաբայանի հայտնած տեսակետի մասին, որ առանց պատճառի ոչ մեկին չեն ձերբակալում: Հարցին՝ Դուք համարո՞ւմ եք նրանց քաղբանտարկյալ, թե՞ ոչ՝ նա պատասխանեց, որ Վահան Բաբայանի խոսքը կտրված է կոնտեքստից. «Ինչ վերաբերում է Սեֆիլյանի ձերբակալությանը, ասել ենք, որ քաղաքական գործողության հետ կապված հարցեր ենք ունեցել, իրավական կողմից չի բավարարում ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի հայտարարությունը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասին, կարծում եմ, որ պետք է հավելյալ պարզաբանումներ տան: Քաղաքական բանտարկյալ է, թե ոչ՝ չենք շտապի նման ձեւակերպում տալ, իրավապահ համակարգից սպասում ենք պարզաբանում՝ ինչպե՞ս էին պատրաստում իրենք այդ զանգվածային անկարգությունները»:

Հարցին՝ Հեղինե Բիշարյանը ըստ էության չհերքեց, որ շատ ԲՀԿ անդամներ դիմում են գրել՝ ՕԵԿ-ին անդամակցելու համար, ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը եւ ինչո՞ւ հատկապես ՕԵԿ՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե ինչ-որ մեկը նման հայտարարություն է անում, կարծում եմ, ճիշտ կլինի խոսեն փաստերով, ոչ թե մերկապարանոց հայտարարություններով: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ԲՀԿ-ից դուրս եկած 11 պատգամավորներից որեւէ մեկը ՕԵԿ-ին անդամակցելու ցանկություն եւ մտադրություն անգամ չի ունեցել եւ չի հայտնել: Եթե անգամ ՀՀ ինչ-որ մի գյուղում ինչ-որ մեկը, ասենք, Վարդուշ Վարդուշիկյան, Հրանուշ չգիտեմինչիկյանը ցանկություն է հայտնել ՕԵԿ-ին անդամակցել եւ այդ անդամակցությունը իրենք համարում են քաղաքական լրջագույն ձեռքբերում, ես շնորհավորում եմ այդ լրջագույն քաղաքական ձեռքբերման համար»:

Հետո Նաիրա Զոհրաբյանը հավելեց՝ եթե այդքան ասում են, ի վերջո այդքան ասելու փոխարեն ավելի լավ է հրապարակեն գոնե մեկ պատգամավորի անուն, որը մտադրություն կամ ցանկություն է հայտնել անդամագրվելու ԲՀԿ-ից: Դիտարկմանը, որ Հեղինե Բիշարյանն ասաց, որ ԲՀԿ պատգամավորների մասին տեղեկությունը հրապարակման ենթակա չէ՝ Նաիրա Զոհրաբյանը հեգնեց. «Այսինքն, իրենք գաղտնի են անդամագրվել, հա՞, իրենք ունեն գաղտնի անդամագրման ինստիտուտ, որն ինձ համար նորություն էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930