Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Թուրքիայի ԼԳԲՏ կազմակերպությունները կոչ են անում առերեսվել Հայոց ցեղասպանության հետ

Ապրիլ 17,2015 15:58

pinkarmenia.org. 100 տարի առաջ աներևակայելի ոճիր է կատարվել այն հողի վրա, որտեղ մենք միասին ենք ապրել: Աններելի, անդառնալի ոճիր, որին որևէ սփոփանք չի կարող գտնվել: Հայ ժողովրդին, նրա մշակույթը, հասարակական և տնտեսական ամբողջությունը ոչնչացնելու համար իրագործված Մեծ Եղեռնը մարդկանց ճակատագրերն այնպես է խեղել, որը ոչ մի կերպ չի կարող բնութագրվել սառը վիճակագրությամբ: Կոտորածի ժամանակ բնաջնջման համակարգված քաղաքականության թիրախում են եղել նաև Թուրքիայի հույներն ու ասորիները: Օսմանյան կայսրության իրականացրած՝ ոչ մի ներում չունեցող Հայոց ցեղասպանության հետևանքների ականատեսն ենք մինչև հիմա:

Մենք` որպես ԼԳԲՏ խնդիրներով զբաղվող կազմակերպություններ, որոնք Հայաստանում և Թուրքիայում պայքարում են հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ, ԼԳԲՏ և ամբողջ քաղաքացիական հասարակությանը կոչ ենք անում առերեսվել տեղի ունեցածի հետ: Մենք վերահաստատում ենք մեր կոչն ընդդեմ ցեղասպանության, որպեսզի ազգայնամոլության ու պետությունների ոչնչացնող քաղաքականությունից պաշտպանենք մեր գոյությունը: Դեմ լինելով հոմոֆոբիային և տրանսֆոբիային, մեր տարածաշրջանում պայքարելով ռասիզմի, ազգայնամոլության և սեքսիզմի դեմ, մենք` Փինք Արմենիա և Քաոս ՋիԷլ կազմակերպություններս, մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 100 տարի առաջ բոլոր զոհվածներին ու ևս մեկ անգամ ընդգծում, որ մենք կիսում ենք ցավալի հիշողությունները ու մեր համերաշխությունն ենք հայտնում ամբողջ աշխարհում սփռված հայ ժողովրդին:

Այսօր, քան երբևէ, առավել կարևոր է հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի ռասիստական և նացիոնալիստական գաղափարախոսության դեմ պայքարը:  Այդ գաղափարախոսությունը մեր տարածաշրջանի բոլոր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում և Հայաստանում, թե’ քաղաքացիական հասարակության մեջ, թե’ հանրային տիրույթում զուգակցվում է ռասիզմի ու նացիոնալիզմի հետ, և ցեղասպանության պատճառներից է:

Պետական մակարդակով ռասիստական և ազգայնամոլ ելույթները մեր երկրների հասարակությունների միջև սահմաններն անանցանելի են դարձնում: Ներհամայնքային սահմանները հաղթահարելու համար պետք է ստեղծել հորիզոնական համերաշխություն: Միայն մեր պայքարը հնարավորություն կտա ազատվելու հավասարության, արդարության և ազատության գաղափարների շուրջ վերացական դատողություններից, և դա դնելու մեր կյանքի կենտրոնում:

Հայոց ցեղասպանությունն ամբողջ մարդկության համար է ամաչելու պատճառ: Այս խայտառակությունն ու կոտորածների սպիները մեր առջև մեծ հարցեր են բարձրացրել, որոնք պատասխանների կարիք ունեն: 1915թ. մտածողությունն ունեցածների ձեռքով սպանված, Ակօս թերթի խմբագիր Հրանտ Դինքի այս հարցը դեռևս անպատասխան է մնում.

«Արդյոք մենք պետք է մեզ պահենք որպես նախկինում տեղի ունեցած ահռելի աղետի պատասխանատունե՞ր, թե՞ պետք է դասեր քաղենք անցյալի սխալներից ու նոր էջ բացենք, ինչպես քաղաքակիրթ էակներ»:

Մենք` Փինք Արմենիան և Քաոս ՋիԷլ-ը, մեր պայքարի միջոցով կձգտենք գտնել այս հարցի պատասխանը: «Ծիածանի» միջոցով ազատագրվել նշանակում է՝ ձայն տալ ճշմարտությանը, որը ստվերել է ազգայնամոլությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930