Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյան. Արցախը չի կարող լինել բռնատիրական Ադրբեջանի կազմում

Մայիս 05,2015 16:37

Շնորհավորանք Արցախի ԱԺ ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ազատ Արցախի ժողովրդին, նախագահին եւ քաղաքական ուժերին ժողովրդավարական, միջազգային ստանդարտներին համապատասխանող խորհրդարանական ընտրության անցկացման կապակցությամբ:
Արցախը հարազատ է Երկրապահի համար, անձամբ ինձ համար: Արցախյան գոյամարտը Երկրապահի կենսագրության կարեւորագույն էջերից է: Իսկ պառլամենտարիզմի նշանակությունը, խորհրդարանի դերը ես կարեւորել եմ դեռ պատերազմական ծանր տարիներին: Այդ պատճառով էլ, թեժ պատերազմական կռիվներին զուգընթաց, դեռ 1992-ին Հադրութի ընտրատարածքից ընտրվել եմ Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր:
Արցախն ու արցախցին մի լրացուցիչ անգամ հասկացնել տվին ողջ քաղաքակիրթ մարդկությանը, որ իրենք առավել ժողովրդավար են, առավել կայացած պետություն են, քան Ադրբեջանը: Կարծում եմ՝ ամբողջ աշխարհն արդեն համոզված է, որ ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող Արցախը չի կարող լինել բռնատիրական Ադրբեջանի կազմում: Այս ընտրությունը աշխարհի բոլոր հայերի հաղթանակն էր:

Արցախի ժողովրդին եւ նախագահին շնորհավորելով՝ ես կամենում եմ շնորհավորել նաեւ ընտրությունների արդյունքում պառլամենտական դարձած բոլոր կուսակցություններին: Այս կառույցների ղեկավարներին անձամբ ճանաչում եմ եւ լիովին համոզված եմ, որ նրանք բոլորն էլ ողջ էությամբ նվիրված են Արցախ պետության կայացման սուրբ գործին: Շնորհավորանքներս խորհրդարանում մեծամասնություն կազմած «Ազատ հայրենիք» կուսակցությանը: Այս կուսակցության առաջնորդ, վարչապետ Արա Հարությունյանը մեր վաղեմի բարեկամն է, ազատամարտիկ երկրապահ է ուղնուծուծով: Շնորհավորանքներս Ազգային ժողովրդավարական կուսակցությանը: Այս կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ Արցախի պառլամենտը տարիներ շարունակ ազգանպաստ գործունեություն է ծավալել: Շնորհավորանքներս 125-ամյա հայ հեղափոխական դաշնակցությանն ու այդ կուսակցության համամասնական ցուցակի առաջնորդ Արթուր Աղաբեկյանին: Աղաբեկյանը իմ մարտական ընկերն է, հերոսական կենսագրությամբ ԵԿՄ վարչության անդամ: Շնորհավորում եմ նաեւ 5 տոկոսի արգելքը առաջին անգամ հաղթահարած «Շարժում 88» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցություններին: Այս ուժերի առաջնորդները եւս նվիրյալ հայրենասերներ են: Վիտալի Բալասանյանին նույնպես դեռ պատերազմական ծանր տարիներից եմ ճանաչում, նա եւս նվիրվածությունը հայրենիքին գործով է ապացուցել: «Ազգային վերածնունդ» երիտասարդ կուսակցությունը եւս ապացուցում է, որ Արցախ պետությունն իր համար բացարձակ արժեք է: Շնորհավորանքներ նաեւ Ազգային Ժողովում չհայտնված ուժերին: Այս կառույցներն էլ հաջորդ ընտրություններում կարող են հաղթահարել ցանկալի շեմը:

Ամփոփելով՝ Արցախում կայացած ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների փաստի կապակցությամբ շնորհավորում եմ աշխարհասփյուռ երկրապահ հայ ժողովրդին:

ԵԿՄ վարչության նախագահ,
Արցախի հերոս,
գեներալ-լեյտենանտ
 Մանվել Գրիգորյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031