Լրահոս
Օրվա լրահոսը

1254 նամակ հայ գերիներին. կառավարության շենքի մոտ Արտակ Բեգլարյանից պահանջեցին բացել նամակներով արկղը

Հոկտեմբեր 01,2026 12:24 Share

«Այս արկղի մեջ 1254 նամակ կա՝ ուղղված բոլոր հայ գերիներին: Այս նամակները հավաքվել են Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության շրջանակներում: Նա դիմել էր Ադրբեջանին, դիմել էր Հայաստանի կառավարությանը, որպեսզի կազմակերպվի կանանց այցը: Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել, ՀՀ կառավարությունից որևէ գործնական պատշաճ աջակցություն չի ցուցաբերվել: Սակայն այս նախաձեռնությունը կյանքի չի կոչվել, ու 2 կառավարություններն էլ չեն աջակցել, դրա համար մենք, մասնավորապես՝ «Արցախ» միությունը», ստանալով տիկին Զոնաբենդի համաձայնությունը՝ որոշեցինք այս նամակները հանձնել Հայաստանի կառավարությանը, քանի որ ՀՀ իշխանություններն ունեն պարտավորություններ հայերի և ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ բոլոր գերիների հանդեպ»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Արցախ» միության» ղեկավար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Նա ՀՀ կառավարությանը փոխանցեց Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները, որոնք աշխարհի տարբեր երկրներից մարդիկ գրել են Բաքվի գերիներին: Արցախի նախկին ՄԻՊ-ի խոսքով, եթե նույնիսկ Հայաստանի կառավարությունը չի աջակցում գերիների հարազատներին՝ նրանց այցելելու հարցում, ապա պարտավորված է և հնարավորությունն ունի գոնե նամակները հասցնելու գերիներին, որպեսզի նրանք որոշակի դրական էներգիա զգան և իմանան, որ միայնակ չեն:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ իր համար հավաստի չեն ՀՀ իշխանությունների այն պնդումները, թե իբր ջանքեր են գործադրում գերիներին վերադարձնելու համար: Բեգլարյանն ընդգծեց հանրային տիրույթում՝ ընդհուպ վարչապետի մակարդակով, խոշտանգվող գերիներին անձնապես թիրախավորելը, ինչը, նրա խոսքով փաստում է, որ իշխանությունը հետաքրքրված չէ եւ շահագրգիռ չէ գերիների առնվազն մի մասի վերադարձով: «Սակայն, դա չի նշանակում, որ հնարավոր չէ գերիներին վերադարձնել: Հնարավոր է, եթե բավարար հանրային և միջազգային ճնշում լինի ՀՀ իշխանությունների և այն դերակատարների վրա, որոնք կարող են ազդեցություն ունենալ Ալիևի որոշման վրա»,- նշեց «Արցախ» միության» ղեկավարը:

Նամակներով լի արկղը կառավարության շենք տանելուց առաջ Արտակ Բեգլարյանից պահանջեցին բացել արկղը: Նա բացեց արկղը և տարակուսանքով ասաց. «Դուք ինչի՞ն եք կասկածում արկղի հետ կապված»: Պարզաբանեցին, որ ընթացակարգ գոյություն ունի:

Ամբողջությամբ՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031