Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենասիրված գեներալը

Մայիս 13,2023 13:00

Լույս է տեսել գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանի «Հոգի ունենք տալու» գիրքը, որը հրապարակախոսական հոդվածների, էսսեների, հուշագրությունների ժողովածու է։ Մինչ այս գիրքը նա ընթերցողին էր հանձնել իր յոթ ժողովածուները, իսկ այս եռագիրքը՝ «Էրգրականչ», «Տարոնականչ», «Հայրենականչ» ժողովածուները, Հայոց ցեղասպանության մասին է, մեր ոգեկոչումների…

Տպագրում ենք մի հատված Վ. Սարուխանյանի նորահայտ «Հոգի ունենք տալու» գրքից:

Ղարաբաղի օդանավակայանից օպերատորիս եւ աշնակցի ընկերոջս՝ Հրաչ Հովսեփյանի հետ անմիջապես հասանք շտաբ, որ մեզ հասցնեն առաջին գիծ։ Բնականաբար՝ առանց Կոմանդոսի հնարավոր չէր։ Այդ պահին մի մեքենա կանգնեց, դիակ էին իջեցնում։ Շշուկով ասացին, որ Հայաստանի զինկոմներից մեկն է զոհվել։ Օպերատորիս հրահանգեցի. «Շտապ նկարիր»։ Գլխարկը աչքերին քաշած մի զինվորական մոտեցավ եւ արգելեց նկարահանել։ Նա գնաց, մենք նորից սկսեցինք նկարահանել։ Զինվորականը արագ մոտեցավ եւ միանգամից բռնեց իմ օձիքից. «Ես չասա՛ցի՝ մի նկարիր»։ Ես էլ նրա օձիքից բռնեցի, կատաղած իրար ենք նայում։ Մի քանի վայրկյանից իրար օձիք թողեցինք։ Կարգադրեց, որ չնկարեմ, եղածն էլ ջնջեմ։ Արագ հեռացավ։ 3-4 մետր հեռու մի քանի ավտոմատավոր էին կանգնած։ Մոտեցա եւ վրդովված հարցրի. «Որտե՞ղ է Կոմանդոսը, ինձ տարեք նրա մոտ»։

– Բա նոր ո՞ւմ էիր քաշքշում, ինքն էր եկել քեզ մոտ,- զարմանքով ծիծաղեց զինվորը։ Աչքերիս չհավատացի, մի՞թե Կոմանդոսն էր, իմ պաշտելի զորականը։ «Կոմանդո՛ս» գոռալով վազեցի նրա կողմը։ Հասնելուն պես առանց խոսքի փաթաթվեցի ու գոռում եմ՝ «Ներողությո՛ւն, ներողությո՛ւն, Կոմանդո՜ս ջան»։ Իմացավ, որ «Լրաբեր»-ից ենք, պետք է լուրջ մարտ նկարենք։

-Ե՞րբ եք վերջին անգամ հաց կերել,- անակնկալ հարցեց։

-Երե՜կ,- ասացի առանց կեղծելու։

Մոտ կանչեց համհարզին եւ կարգադրեց. «Տղերքին կտանես ճաշարան, հաց կուտեն, հետո զրահամեքենայով կտանես Կրկժան, Շուշիից գրադով խփում են, թող նկարեն»։ Ընդամենը մի փոքրիկ կտոր միս էր ու մի երկու գդալ պյուրե։ Համարյա առանց ծամելու կուլ տվեցինք եւ վազեցինք դեպի զրահամեքենան։ Մի պահ կանգնեցինք հոսպիտալի դիմաց, բեռնատարով զոհվածների ու վիրավորների էին բերել։ Մեքենայի թափքից արյուն էր հոսում։ Օպերատորն այդ տեսարանից վատացավ, սառը քրտինք տվեց վրան, սեւացավ։ Ես շտապ բարձրացա նախագահական, այնտեղ էր հանրահայտ օպերատոր Բենոն, ով նկարահանում էր ամենաթեժ մարտերը, պաշտոնական բոլոր հանդիպումները, ֆիլմեր պատրաստում։ Խնդրեցի միանա ինձ։ Վերցրեց իր կամերան, շտապ մոտեցանք զրահամեքենային։ Օպերատորին խնդրեցի, որ մի տեղ գտնի, հանգստանա, միչեւ գանք։ Կրկժանում դեռ նոր էինք ոտք դրել հողին, քիչ հեռվում պայթեց գրադի արկը։ Պառկեցինք գետնին ու գլուխներս ձեռքերով ծածկեցինք։ Երբ փոշին, հողը եւ քարակտորները թափվեցին, անցանք մեր գործին…

Այդպես ծանոթացա Կոմանդոսին եւ գրադին, որի արկի՝ գետինը պատռող պայթյունի շառաչը 30 տարի դեռ չի մարել ականջումս…

Հետո իմ օձիքը բռնած զորականը ինձ լեգենդ դարձավ։ Աշխարհի բոլոր անկյուններում, ուր հայ կար, նրա կյանքի համար էին աղոթում, պահապան հրեշտակ էր Հայրենիքին։ Հայկական «ավանդույթով» ինչպես շատերի, այնպես էլ Կոմանդոսի վաստակը սկսեցին թերագնահատել։ Այդպիսի գործող գեներալին թողեցին ընդամենը ԴՕՍԱԱՖ-ում զինվորներ վերապատրաստելու…

Հերթական գիրքս տպարանից վերցրել էի, մտա ԴՕՍԱԱՖ առաջին օրինակը նվիրելու իմ պաշտելի զորավարին։ Իմացավ, որ ցեղասպանության ու մեր ժողովրդի գոյապայքարի մասին է, հարցրեց. «Շատ ունե՞ս»։ Ոչինչ չասացի, գնացի եւ մեքենայից 300 օրինակ բերեցի իր մոտ։ Կարծեմ տղային մոտ կանչեց. «Գիրքը տա՜ր եւ հավաստագրի հետ բաժանի՜ր բոլոր զինվորներին»։

– Այլեւս քո օձիքից չեմ բռնի, դու էլ՝ իմը,- ժպիտով ձեռնափս սեղմեց իմ անգերազանցելի զորավարը։

…Մեր ամենաարժանապատիվ գեներալ, էս ի՞նչ արիր, մեր ամոթահար հպարտության վերջին փշրանքներից մի պտղունց էլ դու քեզ հետ տարար. այդպես՝ պտղունց-պտղունց պակասում է մեր հպարտությունը, մեր Մայիսյան հաղթանակը… Առանց ամաչելու էլ ումո՞վ հպարտանանք… Մի քանի ամիս է՝ ամաչում ենք անգամ Շուշի բառն ասել, միայն քո անվան հետ ենք բարձրաձայն հիշում… 30 տարի մեր ժանգոտ սուրը փայլեցրիր… Երբ քեզ գովում էին, համեստորեն շիկնում էիր։ Դու հպարտ էիր քո արածի համար, բայց ամաչում էիր չգիտեմ ո՞ւմ փոխարեն…

Տասնամյակներ անց մարդիկ քո իսկական անուն-ազգանունը գուցե կմոռանան, բայց հպարտությամբ դարերով կհիշեն՝ ԿՈՄԱՆԴՈՍ:

«Առավոտ» օրաթերթ
12.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031