Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը՝ ընտիր, թասիբով մարդ, որդին՝ կիրթ, դաստիարակված

Մայիս 21,2015 15:30

Սյունիքի գյուղապետերը վստահեցնում են,
որ Սուրիկ Խաչատրյանին ուզում են «շանտաժ անեն»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ Զաքարյան եղբայրների հետ կապված միջադեպից հետո Բուդաղյանների ազգականն ասել էր, որ Սյունիքը դարձրել են ահաբեկչական կենտրոն, որ Սյունիքը կործանվում է, ով փորձի մի բան անել իրենց դեմ՝ վերջը կտան:

Այս առնչությամբ «Առավոտը» Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներից հետաքրքրվեց՝ չե՞ն վախենում իրենց որդիների համար ու ի՞նչ կարծիք ունեն Խաչատրյանների հետ կապված միջադեպերի մասին:

Ակների գյուղապետ Սպարտակ Մինասյանի խոսքերով՝ «Շատ լավ, շատ հաջողված, շատ ընտիր, բանիմաց մարզպետ է մեր մարզպետը: Շատ խնդիրներ իրա միջոցով լուծել եմ: Ցանկացած հարցում էլ պատրաստակամ է օգնել, հասնել: Մեկը մի ավելորդ բան է ասում, ճիշտ չեն դրանք: Սուտ-մուտ բաներ են»: Մինասյանը վստահեցրեց, որ փոքրուց է ճանաչում Սուրիկ Խաչատրյանի որդուն. «Մեր գյուղում էլ շփում ունի, ընկերներ ունի: Նորմալ հարաբերությունների մեջ է բոլորի հետ: Փիս բան տեսած չեմ ու նկատած չեմ մի վատ բան, որ ասեմ: Տենց բան տեսած չեմ, որ մեկի հետ կոպիտ լինի, կոշտ լինի: Մեր ջահելներից ահագին ընկերներ ունի, փիս բան տեսած չեմ իրանից: Նորմալ, կիրթ, դաստիարակված, ոնց որ սովորական ընտանիքի երեխա»:

Մեր հարցին՝ չե՞ք վախենում, որ Սյունիքում եք ապրում, որ կարող է ձեր մեքենան պատահաբար ընթանա Սուրիկ Խաչատրյանի որդու մեքենային զուգահեռ, ու դա դառնա պատմություն, գյուղապետը պատասխանեց. «Յանի տա ի՞նչ զրույց ա, ինչի՞ց պտի վախենամ: Քուր ջան, որ տեսնաս ինչ մթնոլորտ է մեր մոտ, կզարմանաս: Թե ով է տենց հրահրում ու տենց բան սարքում»:

Գյուղապետն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնից հրաժարականից հետո լուրջ խնդիրներ են ունեցել, ու այնքան է ուրախացել, ողջունել, որ վերադարձել է:
Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանի դիտարկմամբ՝ «Մեր մարզպետը լավ աշխատող է, գյուղացիներին օգնող: Ես գյուղում ապրող մարդ եմ, էդ մարդուց որեւէ վատ բան չեմ տեսել: Սուրիկ Խաչատրյանն իմ մարտական ընկերն է, խրամատի ընկերը: Պատերազմի ժամանակ ինքը մեր վաշտի հրամանատարն է եղել, գումարտակի հրամանատարն է եղել»:

Հարցին՝ Սյունիքը վերածվե՞լ է ահաբեկչական կենտրոնի, նա պատասխանեց. «Ես ոչ ներքին գործերի աշխատող եմ, ոչ բան եմ: Եթե արել է՝ պատասխան կտա, ինձ թվում է: Որպես մարդ, որպես կազմակերպիչ, որպես մարզպետ՝ ես գոհ եմ: Ես կռվող տղա եմ, ես թուրքից չեմ վախեցել, ինչ է մնացել, թե մարզպետից վախենամ»:

Արծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանն էլ ասաց. «Շատ հոյակապ մարզպետ է, բոլոր հարցերով է օգնում: Չկա մի բան, որ նա ասի ու օդում մնա ասածը: Իրար հետ կռվել ենք: Այն ժամանակից եմ ճանաչում՝ որպես լավ մարդ, թասիբով մարդ, իրոք սյունեցի»:

Սյունիքում վախի մթնոլորտի հետ կապված նա ասաց. «Ես 58 տարեկան եմ, մի քանի վայրերում եմ աշխատել, նենց չի, որ պատահական մարդ եմ, որ գյուղապետ եմ, որ գյուղում եմ՝ չիմանամ, թե քաղաքում ինչ է կատարվում»:

Հարցին՝ ո՞նց եք վերաբերվում Տիգրան Խաչատրյանի հետ կապված պատմություններին, նա պատասխանեց. «Տենց բան ոչ տեսած եմ, ոչ էլ ջահելությունն ա տեսած: Էդ իսկականից որ ուզում են մարդուն շանտաժ անեն՝ էդ ա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. G.H. says:

    Բայց ինչ մեղք են…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031