Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորից օլիմպիադային մասնակցեց 8 աշակերտ

Հունիս 05,2015 14:38

Արդեն հինգերորդ տարին է, ինչ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կազմակերպում է օլիմպիադա հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա և անգլերեն առարկաներից:
Թեքեյանական 5-րդ օլիմպիադային այս տարի մասնակցեցին Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբիի և Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Վ. Թեքեյանի անվան դպրոցների 8-րդ դասարանի թվով 70 աշակերտ: Բերձորից օլիմպիադային մասնակցեց 8 աշակերտ՝ Հայկուհի Մասկաևա, Շողեր Ավետյան, Սյուզանա Սահակյան, Անի Խոջոյան(հ. լեզու և գրականություն), Նարեկ Մաթևոսյան, Մուշեղ Մարտիրոսյան, Հասմիկ Հովհաննիսյան(մաթեմատիկա), Սերգեյ Խաչատրյան (անգլերեն): Դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանի, հայոց լեզվի և մաթեմատիկայի ուսուցչուհիներ Նոնա Գալստյանի և Նունե Հակոբյանի ուղեկցությամբ երեխաները մեկնեցին Երևան, մասնակցեցին օլիմպիադային, և Հայկուհի Մասկաևան ու Շողեր Ավետյանը տուն եկան առաջին և երրորդ մրցանակները շահած:

DSCN3706 DSCN3707

Վերջերս հանդիպեցի մրցանակակիրներին, զրուցեցի նրանց հետ: Հայկուհին սիրում է հատկապես գրականություն առարկան. ընթերցել է գեղարվեստական շատ գրքեր, որոնցից տպավորվել են Րաֆֆու «Սամվել»-ը, Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն, Բակունցի «Մթնաձոր»-ը, Զորյանի «Ջրհորի մոտ»-ը և այլն: Լավ է սովորում նաև մայրենի լեզուն, և պատահական չէ, որ 28 մասնակիցների մեջ 13,5 միավորով արժանացավ առաջին մրցանակի:

-Երբ «Թեքեյան կենտրոն»-ի տնօրեն Արմեն Ծուլիկյանը հայտարարեց մրցանակակիրների անունները, պատմում է Շողերը,-առաջինն իմ անունը հնչեց՝ երրորդ մրցանակ(11,5 միավոր): Երկրորդը Երևանի դպրոցի աշակերտ էր: Եվ անսպասելի լսում ենք Հայկուհու անունը՝ առաջին մրցանակ՝ պլանշետ:

Ուրախությունից արցունքոտվում են Հայկուհու աչքերը և հուզված ստանում է մրցանակը: Ընտանիքում միակողմանի ծնողազուրկ 6 երեխա են: Չորսը՝ այդ թվում նաև Հայկուհին, Բերձորի գիշերօթիկ հաստատության սաներ են: Բոլորն էլ լավ են սովորում, երրորդ դասարանցի քույրը նաև բանաստեղծություններ է գրում: Հայկուհու մասին լավ է խոսում հայոց լեզվի ուսուցչուհին. «Խելացի ու համեստ աշակերտուհի է, լավ է սովորում, պարտաճանաչ է»:

Սիրում է նաև քիմիա առարկան, երգում է ռազմահայրենասիրական երգեր: Հետագա անելիքը դեռ չի որոշել: Բայց ցանկանում է ունենալ իր տունը, ընտանիքը: Իրենց դասընկերուհուն շատ են սիրում համադասարանցիները, և բոլորն էլ ուրախ էին նրա հաջողության համար: Երրորդ մրցանակի արժանացած Շողերը, այնուամենայնիվ, դժգոհ է ցուցաբերած արդյունքից. շտապել է: Սովորում է նաև Բերձորի արվեստի դպրոցի դաշնամուրի 6-րդ դասարանում. սիրում է նվագել: Դպրոցական առարկաներից լավ է սովորում ռազմագիտությունը, երկրաչափությունը, աշխարհագրությունը: Հետագա անելիքը հաստատ չի որոշել, բայց երևի մոր ճանապարհով գնա՝ դառնա բժշկուհի: Երևան մեկնած աշակերտները ուրախ էին նաև, որ այդ օրերին մասնակցել են մշակութային մի շարք միջոցառումների: Այցելել են Ծիծեռնակաբերդ, Նորավանք, Պատանի հանդիսատեսի թատրոնում դիտել են Մեծ Եղեռնին նվիրված ներկայացում: «Թեքեյան կենտրոն»-ում նաև մասնակցել են երգի և ասմունքի հանդեսի: Հասմիկ Հովհաննիսյանն ընթերցել է Ռ. Սևակի, Վարուժանի բանաստեղծություններից: «Թեքեյան կենտրոն»-ը յուրաքանչյուր տարի վերոհիշյալ դպրոցների սաների համար կազմակերպում է ամառային հանգիստ ՀՀ առողջարանային քաղաքներում: Շողերն ուրախ էր նաև, որ հանդիպել է անցած ամռանը Մեղրաձորում միասին հանգստացած ընկերներին, ովքեր նույնպես մասնակցում էին օլիմպիադայի:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930