Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի մեջլիսի հայ կին պատգամավոր. «Ոչ ոք հայ լինելս թող կասկածի տակ չդնի». Ermenihaber.am

Հունիս 11,2015 12:34

Օրերս Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների անսպասելի արդյունքները դեռ շարունակում են քննարկումների և դիտարկումների նյութ մնալ: Մասնավորապես անսպասելի էին Էրդողանի «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության պարտությունը, քրդամետ կուսակցության հաղթանակը, ինչպես նաև պատգամավորության հայ թեկնածուների կողմից անցողիկ շեմի հաղթահարումը:

Ներկայիս 25-րդ գումարման թուրքական խորհրդարանի նորընտիր 3 հայ պատգամավորներից մեկը երկրի գլխավոր ընդդիմության` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից  առաջադրված տկն Սելինա Օզուզուն Դողանն է: Մասնագիտությամբ իրավաբան, 16 ամսական փոքրիկի մայր Սելինա Դողանը Ստամբուլի հայկական Գրեգորյան համայնքի ներկայացուցիչ է: ԺՀԿ-ի կողմից նրա թեկնածության առաջադրումը հակասական կարծիքների պատճառ էր դարձել, քանզ  որ կուսակցությունը հայտնի է հայերի նկատմամբ մեղմ ասած` «ոչ բարեկամական» մոտեցմամբ:

Ermenihaber.am-ի հետ զրույցում Սելինա Դողանը պատմեց իր թեկնածության առաջադրման, կուսակցական բարեփոխումների, իր պատգամավորական ապագա անելիքների ու ծրագրերի մասին:

– Հայաստանում ԺՀԿ-ն ավելի շատ հայտնի է որպես Աթաթուրքի կուսակցություն: Եվ շատերին տարօրինակ է թվում այս կուսակցության կողմից պատգամավորի հայ թեկնածուի առաջադրում: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա::

– Այո, հայերը ԺՀԿ-ի հետ կապված որոշ մտավախություններ ունեն: ԺՀԿ-ն ընդունում է, որ անցյալին վերաբերող որոշ հարցեր կան, որոնց հետ պետք է առերեսվել: ԺՀԿ-ն էլ Թուրքիայի հասարակության պես վերափոխման գործընթացում է: Ներկայումս դա իրականացնում է իր կադրերը թարմացնելով, տարբեր հատվածների ներկայացուցիչների, կանանց առաջադրելով: Ես էլ այդ վերափոխման մի մասն եմ և դա  տրամաբանական եմ համարում: Ոչ ոք թող հայ լինելս կասկածի տակ չդնի: Ինձ կուսակցության անդամներն էլ են շատ դրական ընդունում: Սկզբնական շրջանում մի փոքր ըմբոստություն եղավ, բայց հիմա ամեն ինչ կարգին է:

– Որպես այս կուսակցության հայ անդամ` որքա՞ն  եք ազատ Ձեր հայտարարություններում: Կարո՞ղ եք ամեն ինչի մասին ազատորեն խոսել:

– Խոսքի ազատությունը կուսակցությունում ամենաշատ կարևորվող հարցերից մեկն է: Կուսակցության ներսում կա քաղաքական բարոյականության սկզբունք և հարգանք խոսքի ազատության նկատմամբ, ուստի կարող եմ ազատորեն ասել այն, ինչ ճիշտ եմ համարում և մինչև վերջ պնդել ասածս:

– Որպես ԺՀԿ-ական հայ պատգամավոր` խորհրդարանում հայկական խնդիրները կբարձրացնե՞ք:

– Ես` որպես հայ պատգամավոր, բնականաբար, հայերին վերաբերող խնդիրները խորհրդարանի օրակարգ կբերեմ: Ի տարբերություն մյուս պատգամավորների` ես ավելի քաջատեղյակ եմ հայ համայնքին հուզող հարցերից, վերջիվերջո համայնքի մեջ եմ մեծացել:

– ԺՀԿ-ի ծրագրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ որևէ քայլ նախատեսվու՞մ  է:

– ԺՀԿ-ն հակված է հարևան բոլոր պետությունների հետ հարաբերությունների կարգավորմանը: Այդ հարևաններից մեկն էլ Հայաստանն է: Ինչո՞ւ սահմանները փակ լինեն: Ինչո՞ւ մարդիկ չկարողանան միմյանց հետ առևտուր անել: Հասարակությունները մերձեցնելու համար քաղաքական կամքի պակաս է նկատվում, հայկական սփյուռքի նկատմամբ բացասական վերաբերմունք կա: Հարկավոր է դա վերացնել: Այս ուղղությամբ ԺՀԿ-ն, անշուշտ, դրականին միտված քայլեր կանի: Բնականաբար, դա այսօր կամ վաղը լուծվելիք հարց չէ, այդ կոնտեքստում օրինակ իմ թեկնածության առաջադրումն արդեն իսկ որպես դրական քայլ եմ ընկալում:

– Ձեր կուսակցական նախագահը հայտնի է հակահայկական հայտարարություններով, հատկապես Հայոց ցեղասպանության հարցում, դրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Միևնույն ժամանակ պետք է նշել որ կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն 1915թ. դեպքերն անվանել է մեծ ողբերգություն և նշել, որ առերեսվելուց չենք վախենում: Այսինքն 1915թ. դեպքերն ինչպես ուզում եք կոչեք: Դա առանձին թեմա է: Արդյունքում այդ մարդիկ այսօր չկան: Այսօր Թուրքիայում ընդամենը 50-60 հազար հայ է ապրում, այնինչ ժամանակին միլիոնավոր են եղել: Կան հարցեր, որ առ այսօր բաց են ու լուծման կարիք ունեն: Անկախ նրանից, թե ինչ բնորոշում կտանք դրան, խնդիրն առկա է: Այստեղ կարևոր է, թե այսօր այդ մարդկանց ինչպես եք վերաբերվում: Այսինքն մինչև օրս այդ մարդկանց որպես թշնամի՞ եք դիտում, օտարացնո՞ւմ եք, թե՞ վերաբերվում եք նրանց ինչպես հավասարը հավասարին, առանց որևէ այլատյացության: Մենք կպայքարենք հենց այդ այլատացության վերացման համար:

– Հարաբերությունների կարգավորման համար դուք ի՞նչ ճանապարհ եք տեսնում:

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի հարցի հետ կապելը ճիշտ չեմ համարում: Հասարակական կազմակերպությունների տարած աշխատանքները պետք է ավելի ուժեղացնել: Մի շարք նախագծեր կան, որոնք պետք է խրախուսել, որպեսզի երկու հասարակությունները միմյանց ավելի լավ ճանաչեն, իսկ սահմաններն էլ բացվեն:

– Որպես կին պատգամավոր ի՞նչ անելիքներ ունեք:

-Կանանց խնդիրների լուծման վերաբերյալ շատ լուրջ նախագծեր ունենք: Խրախուսում ենք կին նախարարի նշանակումը ու առհասարակ կնոջ դերի բարձրացումը: Պայքարելու ենք կանաց նկատմամբ խտրականության ու գործադրվող բռնությունների դեմ: Եվ ամենակարևորը` խորհրդարանի «տղամարդկային լեզուն» փոխվել է. 550 հոգանոց նորընտիր խորհրդարանում արդեն կունենանք 97 պատգամավոր: Իհարկե, այս թիվը դեռ քիչ է, բայց ամեն դեպքում դրական տեղաշարժ է, քանի որ նախորդ գումարման խորհրդարանում կին պատգամավորները 76-ն էին:

Նշենք, որ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը հիմել է Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը 1923 թվականին։ 1995թ. Սոցիալ-ժողովրդավարական ժողովրդական կուսակցության (ՍԺԺԿ) հետ միավորվելուց հետո ԺՀԿ-ն համարվում է ազդեցիկ կենտրոնամետ ձախ կուսակցություն:

 

Աստղիկ Իգիթյան / Ստամբուլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930