Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկիչներին փոխարինել են նկարահանող սարքերով

Հունիս 15,2015 14:30

«Շիրակ» Ջրմուղկոյուղի ՓԲԸ-ում համատարած կրճատումներ են

«Առավոտի»-ին էր դիմել «Շիրակ» Ջրմուղկոյուղ-ում 17 տարի շարունակ որպես հսկիչ-գործակալ աշխատող Կարինե Թոփչյանը՝ դժգոհելով, որ իրեն ազատել են աշխատանքից այն հիմնավորմամբ, թե ջրմուղին հսկիչներ այլեւս անհրաժեշտ չեն: Այսուհետ բնակիչը կվճարի՝ հիմք ընդունելով նախորդ ամիսներին իր սպառած ջրի քանակի միջին հաշվարկը, իսկ հսկիչը նրա տուն կայցելի 3 ամիսը մեկ, հեռախոսով ֆիքսելով նրա ջրաչափը: «Պատկերացրեք անգամ կարեւոր չէ՝ հյուր ունես, թե չունես կամ ասենք տանը չես, արձակուրդում ես, ջուրդ շատ է գրում, թե քիչ, միջինը չափով պիտի տանես ու վճարես: Շիլաշփոթ վիճակ է, իմ ժամանակ մի բնակիչ չկար, որ մուծում չաներ, իսկ հիմա մոտ 70 սպառողներ արդեն գլխի հետեւ են գցել ջրի վարձ մուծելը:

Ընդ որում ասեմ, որ հեռախոսազանգով են հայտնել իմ կրճատման գույժը»,- ասում է աշխատանքից հեռացված տիկինը: Նա նեղված էր, որ իրեն՝ որպես ամենապարտաճանաչ գանձումներ ապահովող աշխատակցի, միշտ գովաբանել են, անգամ պարգեւատրել, հսկիչների մեջ ամենաբարձր աշխատավարձն է ստացել՝ մոտ 70 հազար դրամ, իսկ հիմա թողնում են անգործ: Բացի Կարինե Թոփչյանից, իրենց ազատված լինելու մասին մեզ պատմել են նաեւ այլ հսկիչներ: Օրինակ՝ Արամ Խաչատրյան փողոցի հսկիչն անցած ամիս հրաժեշտ տվեց բնակիչներին՝ ասելով, որ ինքն այլեւ չի գա ու դռները չի թակի, քանի որ ազատված է: Նշենք, որ հսկիչներից շատերը բարձրագույն կրթությամբ կանայք են ու ստիպված են եղել այդ աշխատանքով զբաղվել: Իմիջայլոց, խոսքը գնում է մոտ 20 հսկիչի մասին, որոնք այսուհետ գործազուրկ, տանն են նստելու կամ միգուցե թողնելու են ու երկրից հեռանալու են: «Առավոտ»-ը պարզաբանումներ խնդրեց «Շիրակ» Ջրմուղկոյուղի ՓԲԸ տնօրեն Վարդան Մարտիրոսյանից՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ են այս բարդ, խոցելի մարզում ավելացնում գործազուրկների թիվը: Տնօրենը պարզաբանեց, որ կրճատումները կատարվել են փուլ առ փուլ եւ կապված են նոր վարչարարական մեթոդների, աշխատանքային նոր մոտեցումների կիրառման հետ:

«Վարկային ծրագրով վերակառուցված երեք համայնքներում՝ Ախուրյանում, Ազատանում, Մարալիկում, Գյումրի 4/1 գոտում, նախատեսում էին արդեն հաստիքների կրճատումներ: Մարալիկի օրինակը բերեմ. էնտեղ մենք ունենք 4 առեւտրային տնօրինության աշխատակից, այսինքն տեղամասի պետ եւ 3 հսկիչ, էսօր էնտեղ սպասարկում են ընդամենը երկու հոգի, որովհետեւ նախկինում սպասարկելը դժվար էր, բոլորի ջրաչափերը գտնվում էին տների մեջ, խնդիրներ կային, հիմա դիտահորերի մեջ են, եւ աշխատանքի մոտեցումներն են փոխվել: Այսինքն գույքագրման նոր մեթոդներ ենք կիրառել, մեր առեւտրային բլոկի աշխատակիցները՝ հսկիչները, ունեն հեռախոսներ, որոնք նկարում են ջրաչափի տվյալները եւ եթե արտառոց դեպքեր չլինեն, ասենք, չկասկածենք ջրագողության մեջ, հաջորդ այցը կարող է լինել 1-2-3 ամսից: Եթե մենք արդեն ունենանք ճիշտ բազան, մարդուն ամեն անգամ չենք անհանգստացնի, թե՝ կներեք, մտնե՞նք ձեր բաղնիսը՝ ջրաչափի ցուցմունք նայելու: Կրճատումների մի մասը դրա հետ է կապված: Տեսեք 5-6 տարի առաջ ամեն 400-450 բաժանորդին սպասարկում էր մի հսկիչ, էդ թիվը հասել էր 700-800՝ նայած տարածքների, իսկ էս պահին 1000 բաժանորդին հասնում է մեկ հսկիչ: Այն ժամանակ 500-600 բաժանորդի սպասարկող հսկիչների աշխատավարձը 50-60 հազար դրամ էր կազմում, իսկ հիմա 1000 բաժանորդ սպասարկող հսկիչը ստանալու է 120 հազար դրամ: Բնականաբար, եթե մարդու աշխատավարձը բարձր է, պատասխանատվության զգացումն էլ է արդեն բարձրանում մեր աշխատակիցների մոտ»,- պարզաբանեց տնօրենը:

Պատասխանելով աշխատանքից ազատված հսկիչ Կարինե Թոփչյանի այն պնդմանը, թե իր հեռանալուց հետո բաժանորդները հրաժարվում են ջրի վարձ մուծել, դժվարացել են հավաքագրումները՝ տնօրենն ասաց, որ կրճատումների հարցը քննարկվել է, մեկնաբանվել է, մեկ օրում չի որոշվել: Բացի այդ, ըստ նրա, եթե հարցին նայում ես բիզնես տեսանկյունից՝ ո՞վ կուզի, որ իր բիզնեսը տուժի: Ըստ տնօրենի, իրոք լավ ու նոր մեթոդներով է սկսել աշխատել կառույցը: «Եթե հսկիչն ամեն ամիս գալիս էր ձեր տուն ցուցմունք վերցնելու, շատ անգամ դուռը չէին էլ բացում, պատճառաբանելով՝ հարսս է լողանում, տղաս է լողանում, խնդրում էին թիվը նայել, ասում էին ՝գնա, վաղը արի, մյուս օրը արի, մարդը բան ու գործ չունե՞ր, որ մյուս օրը գար, հիմա մեկ- երկու ամիս փող վերցրեցինք, բնականաբար կնայեք նախորդ ամիսների չափը. եթե 10 խորանարդ է ձեր միջինը, բնականաբար 10-ը կմուծեք, եթե անգամ ջրաչափդ փչանա, մենք համոզված ենք, որ ձեր տունը 10 խորանարդ է օգտագործում, էլ խնդիր չի լինի. տուգանք կիրառել, չգիտեմ ինչ անել…», -ասում է Վարդան Մարտիրոսյանը: Որպեսզի ավելի հստակ լինի ասելիքը, նա պայմանականորեն օրինակ է բերում պոմպավարներին, ասելով՝ ենթադրենք ունենք շենքի 15 պոմպավար, եթե 4/1 գոտում շենքերի ջուրն արդեն ինքնահոս է մատակարարվում, ո՞րը կլինի պոմպավար պահելու իմաստը: «Ճիշտ է՝ որպես մարդ հասկանալի է. էդ մարդու աշխատանքի տեղն է, կան ընտանիքներ, որոնք տան միակ կերակրողն են, աշխատանք է կորցնում մարդը, բայց ասեք, մենք էդ պոմպավարին ինչպե՞ս պահենք, ինչը՞ աշխատացնի, չաշխատող պո՞մպը: Անհրաժեշտությունն այլեւս չկա: Մենք ունեինք հատուկ ջրաչափական բաժին. 5 հոգանոց բաժին էր, էնտեղ իրենց գործը ջրաչափերը կնիքելն էր, արտաքին միջամտությունը եւ այլն, էսօր էդ գործն արդեն մեկ հսկիչն է կատարում, էդ 5 հոգանոց բաժնի կարիքը մենք էսօր չունենք, որովհետեւ անիմաստ է, որ այդ նույն պարտականությունը երկու մարդ կատարի:

Ես հսկիչն եմ, գնացի էդ մարդու ջրաչափը նկարեցի, կնայեմ եւ կնիքի առկայությունը եւ այլն», -ասում է տնօրենը: Ըստ նրա, այս տարբերակին հասել են նաեւ այն պատճառով, որ 40 հազար բաժանորդներից այս պահին նոր ցանցով ջուր տալիս են մոտ 10 հազարին, իսկ մինչեւ տարվա վերջ Գյումրու տարածքի 60 տոկոսը կունենա նոր ջրամատակարարում, այսինքն այն աշխատանքը, որ նախկինում կատարում էին 2-3 աշխատակից, հիմա խմբավորում են՝ մտցնելով մեկ աշխատակցի գործառույթների մեջ: Ըստ Վարդան Մարտիրոսյանի, տնօրենի, պոմպավարի, ջրաչափական բաժնի աշխատակցի պահանջարկն արդեն իսկ նվազում է, նրանց քանակն ավելորդ է դառնում, քանի որ մի աշխատակիցը կրկնում է մյուսին: «Ենթադրենք մենք էս պահին Գյումիում ունենք 5 վթարավերականգնող բրիգադ, եթե ամբողջ ցանցը հանձնվեց, նոր, նորմալ ցանց է, էնտեղ արդեն խնդիր կառաջանա այդ հինգ բրիգադի փոխարեն պահել 2 կամ 3 բրիգադ: Վերջը միլիոնավոր եվրոներ են ծախսվում, եւ բարեփոխումները պիտի տան իրենց արդյունքը, իսկ արդյունքն այն չէ, որ մարդկանց դնես, հենց էնպես կրճատես, այլ նույն գործառույթը եթե կրկնվում է մեկ, երկու, երեք աշխատակցի կողմից, պետք է թողնենք մեկ աշխատակից»: Ըստ «Շիրակ» Ջրմուղկոյուղի ՓԲԸ –ի տնօրենի, օրինակ ՝ Բեռլինում ջրաչափերից ցուցմունք են վերցնում տարին մեկ անգամ, քանի որ գերմանացիները, ի տարբերություն ստեղծագործ հայերի, ջրաչափերին միջամտությունը չգիտեն ինչ բան է, կոպիտ ասած, միջոցներ չեն հնարում ջուր գողանալու:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հ.Գ. Այն, որ մեր երկրում որոշում կայացնողները օտարազգիներն են, գազի, կապի կամ էլեկտրաէներգիայի թանկացման թարմ պատմությունն աչքերի առաջ ունենալով՝ այլեւս չեն զարմանում մեր քաղաքացիները, սակայն ի նկատի ունենալով, որ Պատրիկ Լորենը ուղիղ 10 տարի ապրում է Հայաստանում, մի քիչ ավելի է շփվում հայերի հետ, քան մյուսները, թերեւս կառավարական մակարդակով արժեր նրա հետ բանակցել գոնե որոշակի կրճատումների վերջ դնելուն: Շիրակի մարզում մարդկանց մեծ մասն, առանց որեւէ չափազանցության, հացի կարոտ է, հենց նույն ջրմուղում երեկ ազդված պատմում էին, որ իրենց մոտ եկած բաժանորդների մեծ մասը ցնցոտիներով է, հիվանդ, նույնիսկ տնակներում ապրող մի կին կորցրել էր դեմքի կեսը՝ առնետի կրծելու պատճառով… Թերեւս արժեր, որ Պատրիկ Լորենը 120 հազար դրամով մեկ հոգի պահելու փոխարեն, 60 հազար դրամով երկու հոգու պահեր: Մեր խմբագրություն դիմած հսկիչները հենց դա էին խնդրում:

«Առավոտ» օրաթերթ
13.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930