Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է ՀԷՑ-ի 23.4 մլրդ դրամի պարտքը կառավարությունը փոխհատուցի (Տեսանյութ)

Հունիս 15,2015 15:28

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր «Զարկերակ» ակումբում ասաց, որ իրենց միության անդամ 300-ից ավելի տնտեսվարողներ կարծում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը բացասական կանդրադառնա իրենց ապրանքների իրացվելիության վրա:

Սաֆարյանի խոսքերով՝ այսօր Հայաստանը ԵՏՄ անդամ է, իսկ ԵՏՄ երկրներում էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանի սակագներից ցածր են՝ Ռուսաստանում է 6.5 ցենտ, Բելառուսում՝ 4.8 ցենտ, Ղազախստանում՝ 5.5 ցենտ, եւ եթե մեր ապրանքները պիտի իրացվեն 170 միլիոնանոց այդ շուկայում, էլեկտրաէներգիայի սակագնի նման պարագայում մեր ապրանքները դատապարտված են ոչ մրցունակ լինելուն: Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը 3.93 դրամով բարձրացնել:

«Ինչո՞ւ մինչ օրս քայլեր չի ձեռնարկվել ժամանակին ուսումնասիրելու ՀԷՑ-ի գործառույթներում ծախսերի հոդվածները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ինչո՞ւ կորուստները տարեցտարի ավելանում են, ոչ թե նվազում, ՀԷՑ-ն իբր ներդրումներ է կատարում, այդ դեպքում, ինչո՞ւ են կորուստներն ավելանում, ներկայացնում են անցյալ տարի՝ 11.2%, այս տարի 12.4% եւ սրանք կազմում են 700-750 միլիոն կվ/ժամ էլեկտրաէներգիա: Մեր բոլոր 154 ՀԷԿ-երն արտադրում են այդքան էլեկտրաէներգիա, ինչքան ՀԷՑ-ի կորուստն է: Սա մեծ թիվ է, եւ մենք մտահոգություն ունենք, որ այդ կորուստները չափազանցված են»,-ասաց Սաֆարյանը:

Նրա ներկայացմամբ՝ Երեւանի ՋԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը կարող էր գործարկվեր, ճապոնական կողմը 400 միլիոն դոլարի վարկ էր տալիս, եւ եթե այս ծրագիրը իրականացվեր, ՀԷՑ-ին ավելի էժան հոսանք վաճառելու հնարավորություն կլիներ:

Մանրամասն՝ տեսանյութում

Սաֆարյանը այլ հարցեր էլ է բարձրացնում՝ «Ինչո՞ւ տարիներ շարունակ ձգձգվում է Դեբեդ գետի վրա Շնողի հիդրոէլեկտրոկայանի կառուցումը, որը կարող է ապահովել 300 միլիոն կվ/ժամ էլեկտրաէներգիա, նույն բանը չի արվում Լոռի բերդ հիդրոէլեկտրոկայանը կառուցելու ուղղությամբ, որը 200 միլիոն կվ/ժամ էլեկտրաէներգիա կարտադրեր: Կամ Մեղրու ՀԷԿ-ն ինչո՞ւ են հանձնել իրանական կողմին, որը 15 տարի շահագործելուց հետո, պիտի այն նվիրի Հայաստանին, ինչո՞ւ չէին կարող համատեղ ուժերով կառուցել ու 700 միլիոն կվ/ժամ էլեկտրաէներգիա արտադրել»:

Սաֆարյանն առաջարկում է, որ կառավարությունը դիմի «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ին, որպեսզի վերջինս փակի ՀԷՑ-ի ոչ արդյունավետ կառավարման արդյունքում առաջացած պարտքերը:

Մանրամասն՝ տեսանյութում

Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները գնում են հետեւանքների հետեւից, մինչդեռ պիտի աշխատեին ու էժան հոսանքի աղբյուր ցույց տային ՀԷՑ-ին. «ՀԷՑ-ը պատճառաբանում է, որ 2013-ին ատոմակայանը 88 օր պարապուրդի է կանգել, եւ իրենք ստիպված թանկ էլեկտրաէներգիա են գնել Հրազդանի ՋԷԿ-ից: Այս պարագայում կառավարության մեղքով ՀԷՑ-ում առաջացել է 23.4 միլիարդ դրամի պարտք: Ուրեմն պետք է կառավարությունն իր գործառությունների արդյունքում առաջացած 23.4 միլիարդ դրամ պարտքն ինքը փոխհատուցի՝ կրճատելով այն ծախսերը, որոնք կառավարության ավելորդ գործուղումներից է առաջանում»:

Սաֆարյանի խոսքերով՝ կառավարությունը պիտի խնայողություններ անի, որի արդյունքում հավաքված գումարով էլ իր իսկ մեղքով ՀԷՑ-ում առաջացրած 23.4 միլիարդ դրամի պարտքը մարի. «Կառավարության անդամների գործուղումների եւ շքեղ մեքենաների ծախսերը պիտի կրճատվի, բոլոր փոխնախարարները մեքենաներ ու քարտուղարուհիներ ունեն, ինչ պարտադիր է նրանք քարտուղարուհիներ ունենան, թող էդ մեքենաներն ու քարտուղարուհիներին կրճատեն: Անգլիայում մինիստրները տրանսպորտով են գնում գործի: Ուրեմն, եթե մենք ծանր պայմաններում ենք ապրում, թող խնայողություններ անեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930