Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր գիրք՝ «Բզկտված սարի «լեգենդը»

Հուլիս 03,2015 12:45

Լույս է տեսել Մարտին Բարսեղյանի «Բզկտված սարի «լեգենդը» գիրքը; Գրքում հեղինակի անցած ուղու պարզ ու բովանդակալից իրապատումներն են, հետեւաբար ընթերցողը կհանդիպի ղեկավար եւ շարքային աշխատողների, արտադրության կազմակերպիչների, գիտության եւ մշակույթի գործիչների: Գրքում մարդն է, մարդկային հոգեբանությունն ու նուրբ հարաբերությունները: Օրինակ, շատ հուզիչ է պատմված, թե ինչպես է հեղինակը պատահաբար հանդիպում բանաստեղծ Վլադիմիր Աբրահամյանին, որը մյուսների նման Ադրբեջանում կորցրել էր տունուտեղը: Հանդիպում է տխուր արարողության ժամանակ՝ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում: «Մարդկանց թափորի մեջ թերթերից ու գրքերից ինձ ծանոթ մի դեմք նկատեցի: Տարեց զույգը թեւանցուկ գալիս էր գյուղի վերեւից: Երկուսի մազերի արծաթյա գույնը հուշում էր նրանց ապրած կյանքի դժվարությունների ու փորձությունների միջով անցնելու մասին… Մեր հայացքները հանդիպեցին իրար: Կանգ առանք դեմ առ դեմ: Իհարկե, նա է՝ խիստ խորը թափանցող հայացքը, լայն ճակատը, բարակ բեղերը… խուզարկու հայացքով կարծես հարցնում էր՝ ո՞վ ես, ումնացի՞… Ներկայացա, ողջագուրվեցինք:

Մի պահ հայացքով տնտղում էինք միմյանց, հետո մայրենի լեզուն օգնության հասավ»,- գրում է Մարտին Բարսեղյանը: Նաեւ հավելում, որ բանաստեղծը Շամխորի շրջանի Ջագիր գյուղի բնակիչներին Շիշկայա թուրքաբնակ գյուղում գտնելուց հետո, որոշել էր ապրել այդ գյուղում եւ հայացրել գյուղի անունը: Նշենք, որ «Բզկտված սարի «լեգենդը» գրքում նաեւ ինքնատիպ ասույթներ կան, օրինակ՝ «Եթե լեզվի բանալին խմիչքն է, ապա չարժե այդ բանալուն վստահել», «Ամեն ճշմարիտ բան չէ, որ պետք է ասել», «Ով գաղտնապահ է, բերանը սրտում է պահում, ով գաղտնապահ չէ՝ սիրտն է բերանում պահում», «Խղճահարությունը չար բան է, բայց ավելի չար է անխիղճ լինելը» եւ այլն:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
02.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031