Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲ-ն կրթության համակարգում. լուծումներ, սպասելիքներ և մարտահրավերներ

Հոկտեմբեր 29,2026 13:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Կրթության համակարգը, ուսուցման  գործընթացը, սկսած Յան Ամոս Կոմենսկու ժամանակներից, օգտագործել է ուսուցչի կողմից կիրառվող օժանդակ նյութեր, գործիքներ, որոնք նպաստում էին ուսուցման գործընթացի  արդյունավետության բարձրացմանը: Ի դեպ, Կոմենսկին  հանդիսանում է ուսուցման գործընթացում դիտողականության և զգայարանների միջոցով  գիտելիք ձեռք բերելու սկզբունքի հեղինակներից ու ջատագովներից մեկը:

Ուսուցման միջոցներ են ու մասնավորապես դրանցից են սարքերը, պաստառները, տպագիր, էկրանային միջոցները, դասագրքերը և այլն:

Ուսուցման տեխնիկական միջոցները՝ ՈՒՏՄ, ուսուցման գործընթացում օգտագործվող տեխնիկական էկրանային միջոցներ են՝ էկրանային և ինտերակտիվ գրատախտակ, պրոյեկտոր, համակարգիչ և այլն:

Տեխնիկական դարաշրջանի զարգացումներին համահունչ, դպրոցը, կրթության համակարգը ստացել է համապատասխան միջոցը՝ սկսած սովորական պրոյեկտորից, մագնիտոֆոնից, կինոապարատից մինչև համակարգիչ, համացանց ու ԱԲ:

Ասել է թե՝ կրթության զարգացման, ուսուցման արդյունավետության հարաճուն պահանջներից ելնելով՝ նոր համալիրները մտել են ինչպես հանրակրթության, այնպես էլ բուհական մասնագիտական կրթության ոլորտներ ու միշտ էլ ունեցել են ուսումնանպաստ իրենց գործառույթները:

ԱԲ-ն  առաջացել է գիտատեխնիկա-տեխնոլոգիական  հզոր զարգացումների արդյունքում և մտնելով դպրոց ու բուհ,  չի սահմանափակվում ուսուցման գործընթացում  միայն տեղեկության փոխանցմամբ՝ այն նաև փոխազդում է սովորողի հետ՝ հաշվի առնելով նրա հարցերը, պատասխանները և առաջադրանքի պայմանները: Օրինակ, եթե սովորական  տեսանյութով ֆիզիկայի դասապրոցեսում կարելի է ներկայացնել  մարմնի ազատ անկման երևույթը, ապա ԱԲ-ն կարող է այդ նույն երևույթը նաև բացատրել՝ այն էլ տարբեր ձևերով, առաջադրել լրացուցիչ հարցեր, խնդիրներ ու նաև քննարկել սովորողի ստացած արդյունքները:

Արհեստական բանականությունը 21 -րդ դարի առաջին քառորդի կրթության զարգացման կարևորագույն գործիքներից է և փոխում է ոչ միայն ուսուցման տեխնիկական հնարավորությունները, այլև գիտելիքի ձեռքբերման, ուսուցչի աշխատանքի, սովորողի ինքնուրույնության և գիտելիքների գնահատման ավանդական մոտեցումները: Այդ առումով ԱԲ տեխնոլոգիայի կիրառման հարցը պետք է դիտարկել կրթության նպատակների, բովանդակության և մեթոդաբանության վերաիմաստավորման տեսանկյունից:

ԱԲ-ն մանկավարժական գործիք է դառնում, երբ ուսուցիչը կամ սովորողը այն նպատակային ձևով կիրառում է տվյալ ուսումնական խնդրի լուծման համար: Այդ դեպքում այն ձեռք է բերում.

– Բացատրական գործառույթ, երբ ԱԲ-ն կարող է նույն հասկացությունը ներկայացնել տարբեր մակարդակներով՝ սկսած պարզ  համեմատություններից մինչև գիտական բացատրություններ,

– Ուղղորդող գործառույթ, երբ ԱԲ-ն հաջորդական  հարցերի միջոցով  օգնում է սովորողին գտնել տվյալ խնդրի լուծումը՝ առանց պատրաստի պատասխանն իսկույն տրամադրելու,

– Անհատականացնող գործառույթ, երբ հնարավորություն է ստեղծվում  առաջադրանքի բարդությունը, բացատրության ծավալն ու խորությունը և նյութի ներկայացման եղանակը համապատասխանեցնել սովորողի անհատական մակարդակին ու նրա ուսումնական կարիքներին,

– Ախտորոշիչ գործառույթ, երբ ԱԲ-ն կարող է օգնել բացահայտելու սխալ պատկերացումները, և հաղթահարելու  ուսումնական դժվարությունները,

– Ստեղծագործական գործառույթ, երբ ԱԲ-ն առաջադրում է խնդիրների նոր ձևակերպումներ, հետազոտական հարցեր, վարկածներ և այլն,

– Հետադարձ կապի ապահովում, երբ սովորողը արագ ստանում է իր աշխատանքի գնահատականը և վերլուծությունը:

Անհատականացված ուսուցում. ԱԲ-ն կարող է հաշվի առնել սովորողների գիտելիքների մակարդակը, բացահայտել առկա դժվարությունները և առաջարկել անհատական առաջադրանքներ: Նման իրավիճակում ուսուցումը կարող է ավելի  համապատասխանել տվյալ սովորողի հնարավորություններին: ԱԲ-ի գործիքակազմով ուսուցիչը կարող է  կազմել դասի պլաններ, ստեղծել հարցաշարեր, տարբեր բարդության ուսումնական առաջադրանքներ, մշակել ուսումնական նյութեր և վերլուծել սովորողների պատասխանները:

Բնագիտական ուղղությունների՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ոլորտներում ԱԲ-ն  կարող է օգնել  այնպիսի անտեսանելի կամ դժվար դիտարկելի երևույթներ, որոնք սովորական կաբինետա-լաբորատոր հնարավորություններով անհասանելի են և այդ ուղղություններով  ԱԲ-ն կառաջարկի մոդելներ, կկատարի վիրտուալ փորձեր:

Սովորողների գիտելիքների գնահատման ու հետադարձ կապի ապահովման ուղղությամբ ԱԲ-ն  կարող է վերլուծել սովորողի կողմից թույլ տրված սխալները, բացատրել դրանց  հնարավոր պատճառները ու առաջարկել շտկման համար լրացուցիչ աշխատանք: Այստեղ պետք է հաշվի առնել, որ գնահատման արդարության և վերջնական մանկավարժական որոշումները պետք է մնան ուսուցչի վերահսկողության ներքո:

Ինչպես նշեցինք, սովորական ՈՒՏ միջոցները՝ համակարգիչը, պրոյեկտորը, լաբորատոր սարքը հիմնականում օգնում են  ներկայացնել ուսումնական նյութը, դիտարկել երևույթները կամ կատարել որոշակի գործողություններ: ԱԲ-ն ի վիճակի է այդ բոլորը կատարել և ունի լրացուցիչ այլ հնարավորություններ: Այդ իսկ պատճառով ԱԲ-ն  կրթության ոլորտում կարելի է դիտարկել, որպես ժամանակակից ՈՒՏ միջոց, տեղեկատվական -ճանաչողական գործիք և որոշ դեպքերում ինտելեկտուալ ուսումնական օգնական:

Ներկա պայմաններում մանկավարժական ու գիտական քննարկումների և առանձին մասնագետների կողմից առկա են և սպասելիքներ, և միաժամանակ մարտահրավերներ ու վտանգներ՝ կապված մասնավորապես կրթության ոլորտում ԱԲ-ի լայն կիրառությունների հետ:

Մասնագետները հատկապես նշում են մտածողության պասիվացման խնդիրը: Բանն այն է, որ եթե սովորողն անմիջապես ստանում է հարցի պատրաստի պատասխանը, կարող է չշարունակել ու չկատարել ինքնուրույն մտավոր աշխատանքը:

Ուսուցման գործընթացում ակտիվորեն ԱԲ օգտագործողները իրավմամբ նշում են, որ այն երբեմն  տալիս է «համոզիչ»,  բայց սխալ, ոչ ճշգրիտ պատասխաններ:

Ստեղծագործական մոտեցման սահմանափակում. Պատրաստի լուծումներին սովորելն ու հարմարվելը կարող է թուլացնել խնդրի ինքնուրույն ձևակերպման  և լուծման կարողությունը:

Հաճախ ԱԲ-ի միջոցով ստեղծված աշխատանքը ցույց չի տալիս սովորողի իրական գիտելիքների մակարդակը:

Շատերի կարծիքով տեղի է ունենում (կամ տեղի կունենա) ուսուցչի դերի փոփոխություն: Դա նշանակում է, որ ուսուցիչը  պետք է ոչ միայն փոխանցի գիտելիք, այլև սովորեցնի ստուգել տեղեկությունը, հիմնավորել պնդումները և  պատասխանատու ձևով կիրառել ԱԲ-ն: Հենց այստեղից էլ հետևում է, որ կրթության համակարգում ԱԲ-ի արդյունավետ կիրառման  հիմնական սկզբունքը պետք է լինի  ոչ թե սովորողի փոխարեն «մտածելը, կատարելը»,  այլ  սովորողի մտածողության  զարգացումը, որը ուսումնաճանաչողական գործընթացի հիմքերի հիմքն է:

Կրթության հետ կապված կարելի է ենթադրել, որ այժմ և հետայսու ավելի կարևոր է լինելու հետևյալ խնդիրը՝ «Ինչ և ինչպես պետք է սովորի մարդը մի ժամանակաշրջանում, երբ տեղեկություն՝ այդ թվում նաև ուսումնական, ստանալը  և պատրաստի պատասխաններ ունենալը դառնում է ավելի դյուրին» …

Ասվածներից հետևում է, որ այժմ և առաջիկայում կրթության համակարգում, ուսուցման պրոցեսում ավելի մեծ ուշադրության են արժանի հետևյալ հարցերը.

– գիտական մտածողություն և պատճառահետևանքային կապերի բացահայտում,

– քննադատական մտածողության զարգացում և տեղեկության ստուգում,

– խնդրի ինքնուրույն ձևակերպման կարողության դաստիարակում,

– փորձարարական հմտությունների զարգացում,

– ստեղծագործական ակտիվության  ու նոր գաղափարների առաջադրման խթանում,

– գիտելիքի կիրառման պատասխանատվություն:

Փորձենք բացահայտել ուսուցչի  դերը ԱԲ-ի կիրառման պայմաններում: Նախ հստակ է, որ ԱԲ-ի օգտագործումը չի սասանում ուսուցչի դերն ու  հեղինակությունը: Ընդհակառակը, այն  մեծացնում է ուսուցչի մեթոդական և մասնագիտական  պատասխանատվության աստիճանը: Քանզի ուսուցիչը պետք է՝

– ընտրի ԱԲ-ի  կիրառման  մանկավարժական նպատակահարմարությունը,

– սովորողին սովորեցնի  հարցերի ճիշտ ձևակերպման տեխնիկան,

– կազմակերպի ԱԲ-ի պատասխանների քննադատական ստուգումը,

– ապահովի  անհատական մտածողության և հետազոտական աշխատանք կատարելու զարգացումը,

– գնահատի ոչ միայն հարցի վերջնական պատասխանը, այլև դրա ստացման ընթացքը,

– կանխի սովորողի՝ պատրաստի պատասխաններից կախվածության անհարկի դրսևորումները:

Ուրեմն, ԱԲ-ի արդյունավետ կիրառման դեպքում ուսուցիչը հանդես է գալիս ոչ միայն գիտելիքի հաղորդող (դա նրա դասական տիպն է), այլև որպես ուսումնական գործունեության  կազմակերպիչ, խորհրդատու և գիտական մտածողության զարգացման ուղղորդող:

Ասվածից նաև հետևում է, որ դեռևս վաղ է խոսել այն մասին, որ ԱԲ-ն  ինքնաբերաբար ապահովում է ուսուցման ավելի բարձր որակ: Դա այդպես է, քանզի ուսումնական արդյունքը պայմանավորված է  ուսումնական նպատակի  հստակ ձևակերպմամբ, ուսուցման մեթոդի ընտրությամբ, տեղեկության ճշտությամբ և ուսումնական միջավայրում սովորողի ակտիվ մասնակցությամբ:

ԱԲ-ի մանկավարժական  արժեքը որոշվում է ոչ այնքան նրանով, թե ինչ կարող է անել համակարգը, որքան նրանով, թե ինչ մտավոր աշխատանք է կատարում սովորողը դրա կիրառման  ընթացքում:

Կրթության զարգացման համար սկզբունքային նշանակություն ունի այն մոտեցումը, համաձայն որի, ԱԲ-ն պետք է կիրառվի ոչ թե մարդու մտածողությունը տկարացնելու, փոխարինելու, այլ այն զարգացնելու, խորացնելու և նոր հնարավորություններով հարստացնելու համար:

Կամո Աթայան

«Առավոտ» օրաթերթ
28.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել