Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոտարին կբերենք, ինքնաթիռի մեջ գործարքը կանի, էլ կարիք չի լինի ինքնաթիռից դուրս գաս»

Օգոստոս 03,2015 10:30

ՌԴ-ում բնակվող Մարգարիտ Ավագյանը Կոտայքի մարզում՝ Սեւանի ճանապարհին, հողատարածք ունի: Նրա պատմելով՝ իրեն զանգահարել են ՀՀ նախագահի մերձավորներից մեկի օգնականներ ներկայացած անձինք եւ առաջարկել են հողատարածքը վաճառել, եւ որպեսզի ամեն կերպ համոզեն հողի սեփականատիրոջը՝ խոստացել են հնարավորինս հեշտացնել նրա գալ-գնալու հարցը եւ հողի առուվաճառքի գործարքն անել հենց ինքնաթիռում՝ առանց ավելորդ քաշքշուկների: Տիկնոջ խոսքերով՝ գնորդների արտոնյալ եւ անսահմանափակ հնարավորությունների տեր լինելը պարզ է դարձել նրանց ինքնավստահ կեցվածքից. ամեն մարդ չէ, որ կարող է նոտարին մաքսային սահման անցկացնել, թռիչքադաշտ մտցնել ու հետն էլ ինքնաթիռում գործարք անել տալ:

4-i verev 2Մի քանի անգամ զանգելուց հետո տիկին Ավագյանն ու նրա ամուսինը գնորդների առաջարկի շուրջ մտածել են, սակայն քանի որ այդ օրերին, ինչպես մեզ հետ զրույցում կինն է պատմում, ամուսինը հիվանդանոցում արյունը փոխելիս է եղել, եւ հարմար չի եղել գալ Հայաստան, գնորդին հայտնել են, որ մեկ ամսից կգան:

Գնորդներն այլեւս ամուսիններին չեն անհանգստացրել: Երբ ամուսինները եկել են, հողի գնորդներն ասել են, որ այլեւս չեն ցանկանում հողը գնել, եւ որ իրենց ինչքան պետք է՝ գնել են: Ամուսինները հայտնաբերել են, որ իրենց՝  կադաստրի սեփականության վկայականով նախատեսված 1265 քառակուսի մետր հողատարածքից մոտ 280 քառակուսի մետրը զավթել են, եւ այդ տարածքում արդեն շինարարություն է գնում: Մարգարիտ Ավագյանի խոսքերով՝ տարածքում գազալցակայան է կառուցվում. այդ մասին իմացել են դեռ Ռուսաստանում, երբ իրենց հողը գնելու առաջարկ էին անում. «Խնդրում էին, որ մենք էլ մերը վաճառենք, քանի որ նրանց հողատարածքին կից է: Մենք այդ հողը գնել էինք տուն գնելու նպատակով»:

4-i verev 1Բացի այն, որ Մարգարիտ Ավագյանին պատկանող հողատարածքից զավթել են, ամուսինները նաեւ հայտնաբերել են, որ հողատարածքից հողն ամբողջությամբ վերցրել են եւ օգտագործել իրենց հողը հարթեցնելու նպատակով, ընդ որում՝ հսկայական տեխնիկայի օգնությամբ, որի հետքերը մինչ օրս Ավագյանների հողում մնացել է: Երբ հարցրել են, թե հողն ո՞ւր է, հարեւան հողի սեփականատերերը հեգնանքով պատասխանել են՝ անձրեւը քշել տարել է:

«Մեր ամբողջ հողը ավիրել են: Ամուսինս ասել է՝ զանգեցիք կանչեցիք, եկել եմ, եթե չի հետաքրքրում իմ հողը, դուրս եկեք իմ հողատարածքից, ինչի՞ եք մտել, ասել են, թե ում ուզում ես՝ գնա բողոքի, մեր դեմ «խաղ» չկա: Ամուսինս 60 տարեկան է, ունի առողջական խնդիրներ, շաքարը բարձրանում է: Ոչ միայն նյութական, այլեւ առողջական վնաս են պատճառում: Այստեղ լրիվ՝ «էս ծառն իմն ա, էս քարն իմն ա» սկզբունքն է գործում»,- պատմեց կինը:

Ամուսինները դիմել են Կոտայքի մարզպետարան բանավոր բողոքով, այնտեղ հրաժարվել են որեւէ բան անել՝ հայտնելով, որ իրենք գործ չունեն: Ամուսինները երկու օր առաջ Կոտայքի մարզպետին են դիմել, սպասում են պատասխանի:

Օրերս այցելեցինք նշյալ հողատարածք, որտեղ բանվորներ էին աշխատում: Մեր համառ ջանքերին՝ որեւէ հեռախոսահամար պարզելու կամ աշխղեկին գտնելու, որեւէ մեկը չարձագանքեց: Հողատարածքում աշխատող բանվորների միջոցով մեզ փոխանցեցին, որ «ոչ մի լրագրողի հեռախոսահամար չտաք»:

Մենք տեղեկացրինք, որ հարեւան հողատարածքի սեփականատերերի բողոքի հիման վրա հրապարակում ենք նախապատրաստում, եւ անհրաժեշտ է նաեւ երկրորդ կողմի պարզաբանումը: Սակայն մինչ օրս որեւէ մեկը չարձագանքեց:

Հողատարածքում իսկապես բուռն շինարարություն էր ընթանում: Գազալցակայանի մի պատն արդեն կանգնեցված էր:

Նկատենք, որ տիկին Մարգարիտի հողատարածքը գտնվում է բավականին աչքի ընկնող հատվածում եւ բիզնեսի համար շատ հարմար վայր է:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31